Վերջին օրերին հեղուկ գազի գնի հերթական բարձրացումը դժգոհության նոր ալիք է առաջացրել վարորդների շրջանում։ Եթե դեռ ամիսներ առաջ մեկ լիտր հեղուկ գազը վաճառվում էր 170-200 դրամով, ապա այժմ մի շարք լցակայաններում դրա գինը հասել է 230 դրամի։ Սոցիալական ցանցերում և մասնագիտական շրջանակներում հնչում են մտահոգություններ, որ գնի նման կտրուկ փոփոխությունները կարող են պայմանավորված լինել շուկայական գործոններով և ոչ միայն։ Տարածված գնահատականներից մեկի համաձայն՝ եթե կրկին արհեստական կտրուկ գնանկում կազմակերպվի, փոքր տնտեսվարողները կարող են դուրս մղվել շուկայից, ինչից հետո արդեն խոշոր խաղացողները հնարավորություն կունենան սպառողին գազը վաճառել բարձր գնով։
Բացի բարձր գնից․ շատ կետերում արդեն վառելիքի դեֆիցիտ է նկատվում․ ֆեյսբուքյան տարբեր խմբերում վարորդները միմյանցից հտաքրքրվում են, թե որտեղ հեղուկ գազ կա։
MediaHub-ը թեմայի վերաբերյալ դիմել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։ Մեզ փոխանցեցին, որ ներկայումս իրականացվում է իրավիճակի ուսումնասիրություն, սակայն նշեցին, որ գների ուղղակի կարգավորումը հանձնաժողովի վերահսկողության ներքո չէ։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ թանկացել էր նաև բենզինը, ինչն արդեն իսկ լրացուցիչ ֆինանսական բեռ էր ստեղծել վարորդների համար։
Ալիտա Եղիազարյան

Русский