ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը օրերս, ամփոփելով ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, հայտնել է, որ այդ ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 15․3 և 12․5 տոկոսով նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, ինչպես նաև 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։
Նախարարը ներկայացրել է հանցավորության տարբեր տեսակների վիճակագրությունը՝ ըստ դրանց աճի կամ նվազման միտման։
Վիճակագրությունը՝ վիճակագրություն, սակայն վերջին շրջանում կրակոցների կամ դանակահարության հետևանքով մահվան ելքով փողոցային հաշվեհարդարները հանցավոր խմբերի միջև հանրության շրջանում վտանգի զգացում ու վախ են առաջացրել։ Թվում է, թե ՆԳՆ-ի՝ հանցավորության վիճակագրությամբ ներկայացվող ցուցիչները պետք է որ հանրության մեջ որոշակի վստահություն ձևավորեին, որ դրանք մեծ մասամբ բացահայտվում են, և իրավիճակը ինչ-որ առումով վերահսկելի է։ Բայց իրականում պատկերն այլ է, ինչի մասին բարձրաձայնում է փաստաբան, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։
MediaHub-ի հետ զրույցում նա փաստեց, որ առանձնակի հանդգնությամբ և հանրավտանգ եղանակով Երևանում պարբերաբար կատարվում են հանցագործություններ, ինչը մեզ համար արդեն օրինաչափություն է դարձել։
Իսկ ինչպե՞ս է արձագանքում դրան պաշտոնական մարմինը՝ վիճակագրական տվյալներ ներկայացնելով։
Ինչպես նշում է Հովհաննես Քոչարյանը, ՆԳՆ-ն վիճակագրությամբ փորձում է ցույց տալ, որ հանցավորությունը գտնվում է սոցիալական վերահսկողության ներքո։ Այդ վիճակագրությունը, որով ներկայացվում է իրավապահ համակարգի՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը, ըստ նրա՝ վաղուց սպառված մեթոդ է, որը մեզ է փոխանցվել դեռ խորհրդային տարիներից։
«Վերցնում են տվյալ հանցատեսակի թիվն ու կառուցվածքը, համեմատում նախորդ տարիների նույն ցուցանիշների հետ՝ անկախ նրանից, թե այդ հանցավորությունն ինչ պատճառով է նվազում՝ ինքնաբերաբա՞ր, թե՞ իրոք վերահսկողության շնորհիվ (իսկ դա գնահատելն անհնար է)։ Տարբերությունը ցուցադրվում է որպես լավ աշխատանքի արդյունք, իբրև թե իրենք կարողանում են հանցավորությունը վերահսկել։ Քանի դեռ այս «գալոչկայի» մեթոդով ենք արձագանքում հանցավորությանը, միշտ հանրավտանգ հանցագործությունների խնդիր ունենալու ենք»,- ասում է նախկին փոխոստիկանապետը՝ հավելելով, որ վիճակագրությունը՝ որպես պայքարի մեթոդ և աշխատանքի ցուցանիշ, պետք է վերացվի․ այն արդեն «քարանձավային» մոտեցում է համարվում։
Եվ փաստացի այդ վիճակագրությունը ամենևին հանցավորության իրական վիճակը չի արտացոլում։
«Չեք կարող ասել, թե այս կամ այն հանցատեսակի և ընդհանուր հանցավորության աճը ինչով է պայմանավորված՝ իրավապահների լավ աշխատանքո՞վ, թե՞ պարզապես դեպքերի ինքնըստինքյան նվազմամբ։ Երբ հայտարարում են, թե դա իրավապահների աշխատանքով է պայմանավորված, ես խիստ կասկածում եմ, որովհետև այդ վիճակագրությունն ուղիղ կապ ունի, օրինակ, քննիչների, դատախազների ցուցաբերած ջանասիրության հետ։ Քննիչները մի քիչ այլ կերպ աշխատեն՝ հանցավորության վիճակագրական թվերը կաճեն․ ամեն ինչ կախված է քննիչի, դատախազի՝ հետապնդում հարուցելու, մեղադրանք ներկայացնելու որոշումներից։
Պատկերացրեք՝ ընթացիկ ժամանակահատվածում կատարվել է հանցագործության 3000 դեպք, բայց քննիչները մեղադրանք են առաջադրում երկու տարի հետո։ Իրենց գործունեությամբ, փաստորեն, նրանք ազդելու են վիճակագրության վրա․ ընթացիկ տարում հանցագործությունների թիվը 3000-ով քիչ է ներկայացվելու, իսկ երկու տարի հետո՝ 3000-ով ավելի»,- ասում է փաստաբանը։
Նրա հավաստմամբ՝ հանցավորության պատկերի մեջ այդկերպ կարելի է որոշակի «շտկումներ» մտցնել, մանավանդ որ իրավապահ համակարգում թվերը վերահսկողության տակ պահելու ներքին կոնսոլիդացիա կա։ Նրանք այդ հարցում հակասություն չունեն, որովհետև բոլորի աշխատանքը վերջնարդյունքում այդ թվերով է գնահատվելու, հետևաբար ցուցանիշների վրա որոշակի շտկում անելը ձեռնտու է բոլորին։
Հնարավոր է նաև որոշ հանցանքներ, որոնք հանրային հնչեղություն չեն ստացել և չբացահայտվելու ռիսկ ունեն, պարզապես չգրանցվեն կամ քողարկվեն։ Այս վիճակագրական թվերը, փաստաբանի կարծիքով, «հիվանդացրել են» մեր իրավապահ համակարգը․ ուժային կառույցների հաշվետվությունները միշտ սկսվում և ավարտվում են թվերով, ոչ թե դեպքերի խոր վերլուծությամբ։
Լոկ վիճակագրություն հավաքելու փոխարեն՝ իրավապահ մարմինները պետք է ուշադրություն դարձնեն հանցագործությունների պատճառների ու պայմանների վերլուծության վրա և առերեսվեն իրականությանը, ոչ թե խնդիրները քողարկեն թվերով։ Իսկ վիճակագրությունն օգտագործեն հստակ տեղանքում, վայրում, ժամանակահատվածում և հստակ անձանց վերաբերյալ օպերատիվ-հետախուզական ինֆորմացիա հավաքագրելու համար, որպեսզի կարողանան վերացնել հանցագործությունների պատճառները։
«Մեզ մոտ իրավապահ համակարգում կիրառվող վիճակագրությունը և հանցագործությունները բացահայտելու մոլուցքը օպերատիվ-հետախուզական մարմիններին ստիպում են գնալ դեպքի հետևից, ինչը ստանդարտացնում է նրանց գործառույթները»,- ասում է Հովհաննես Քոչարյանը։
Դեպքը նախքան տեղի ունենալը կանխելը բացառիկ երևույթ է դարձել։ Իսկ միայն դեպքի հետևից գնալը բերում է այսօրվա հետևանքներին։ Փողոցում կրակողը բնավ սովորական քաղաքացի չէ, որն իրավիճակային ինչ-որ շարժառիթներով հանցանք է կատարում․ նա կամ հանցավոր միջավայրի ծնունդ է, կամ որևէ հանցավոր խմբի անդամ։
Զենքը, թմրանյութը, ֆինանսական միջոցները ապօրինի շրջանառության արդյունքում կուտակվում են որոշ մարդկանց ձեռքում, որոնք էլ հանցագործությունների հիմնական դերակատարներն են։ Հանցագործությունը վերացական հասկացություն չէ․ այն ունի հասցեատերեր և միջավայր, որտեղ սնվում է ու ժամանակ առ ժամանակ «իր ականջները ցույց տալիս» հասարակության մեջ։ Պետք է այդ ականջները վերացնել, ոչ թե ցույց տալուց հետո ընկնել հետևանքների հետևից։
«Իրավապահ մարմինները հանրային հնչեղություն ունեցող դեպքերին միշտ արձագանքում են այնպես, ինչպես ՆԳ նախարարը՝ ստատիստիկայով։ Արդյո՞ք դա փարատում է հասարակության անհանգստությունը։ Իհարկե՝ ոչ»,- իր մտահոգությունն է հայտնում մեր զրուցակիցը։
Նա համոզված է, որ կատարված հանցագործությունները պետք է բացահայտվեն, բայց առավել շատ դրանք պետք է կանխվեն, իսկ դա կախված է նրանից, թե հանցաշխարհում ինչ աստիճանի ներթափանցում ունեն քրեական հետախուզության ստորաբաժանումները։
Հնարավոր չէ բոլոր հանցատեսակները կանխել և արմատախիլ անել, բայց իրավապահ համակարգը պետք է վերլուծություն կատարի և դրա հիման վրա իր ողջ ֆինանսական ու կադրային ռեսուրսը կենտրոնացնի այն հանցատեսակների կանխման ուղղությամբ, որոնք առավել շատ անհանգստություն են առաջացնում հանրության շրջանում՝ գործակալական, գաղտնի օպերատիվ-հետախուզական գործիքակազմի կիրառմամբ, հասցեական, թիրախային և հաշվետվողական։
Հովհաննես Քոչարյանի դիտարկմամբ՝ քրեական ակտիվություն սովորաբար ցույց են տալիս մարդիկ, որոնք քրեական միջավայրում տևական ժամանակ կենսագործունեություն են իրականացնում։ Նրանց նկատմամբ օպերատիվ վերահսկողություն սահմանելը հնարավոր է, և նրանց հետ թիրախային աշխատանքը տպավորիչ ցուցանիշների է բերելու՝ չեզոքացնելով հասարակության մեջ տագնապի ու խուճապի զգացումը։
Թագուհի Ասլանյան

Русский