Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են։
Այդ ամենի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիները դեմ չեն պատերազմին։
Իրանի հետ օրեր շարունակ հարվածների փոխանակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «նրանց դեռ հարկավոր են ավելի շատ» նման հարվածներ։ Նա նշել է, որ առայժմ չի բանակցելու Իրանի հետ նոր հրադադարի շուրջ։
«Մենք պատրաստվում ենք հարգել մեր հերոսների հիշատակը։ Նրանք բոլորն ասում էին՝ մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանն ունենա միջուկային զենք»,- հավելել է Թրամփը։ Նա վստահեցրել է, որ Իրանը ստիպված է լինելու թանկ վճարել իր արածի համար։
Նշենք, որ ԱՄՆ-ն հայտարարել է, թե հարձակումները վերսկսում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերին հասցված հարվածների պատճառով։ Իրանը, իր հերթին, պատասխան հարձակումներ է իրականացրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։
Ի՞նչ է կատարվում Իրանի և ԱՄՆ-ի միջև, որքա՞ն կտևի լարված իրավիճակը Մերձավոր Արևելքում։ MediaHub-ը զրուցել է Թեհրանի Allameh Tabataba’i (ATU) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանիի հետ։
«Վերջին 48 ժամվա ընթացքում դաշտային ապացույցներն ու տվյալները ցույց են տալիս, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը Մերձավոր Արևելքը հասցրել են «ծանր ավիահարվածի» եզրին։ Բեն Գուրիոն օդանավակայանում թռիչքների դադարեցումը, Իսրայելում ապաստարանների բացումը և 100 լցանավի տեղակայումը նոր, լայնածավալ ռազմական գործողության հստակ ազդանշաններ են։ Սակայն այս քայլերն ամերիկյան ուժի աղաղակ չեն, այլ՝ Միացյալ Նահանգների կողմից նյութական և տեղեկատվական փակուղուց հետո վերջին ինքնասպանական խաղադրույքը, որը կբարձրացնի նավթի գները, կսրի տնտեսական խնդիրներն աշխարհում և կնվազեցնի Միացյալ Նահանգների ու Իրանի միջև նոր բանակցությունների ցանկացած հնարավորություն»,- հայտնել է Մովահեդիանին։
Միջազգայնագետը հավելել է, որ 100 ամերիկյան լցանավի տեղակայումը նշանակում է «անընդհատ թռիչքային միջանցքի» ստեղծում՝ Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ռազմաբազայի տարհանումից և Քուվեյթի անապահովությունից հետո՝ Իրանի կողմից դրա նկատմամբ կրկնվող հարձակումների պատճառով։ Սպառելով իր առաջադեմ հրթիռային համակարգերի (Patriot և Tomahawk) մեծ մասը՝ CENTCOM-ը զոհաբերել է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զսպման միջոցները և դիմել կույր, ծավալային ռմբակոծությունների դոկտրինային։ Սակայն այդ ռմբակոծությունները, որոնք ընդգրկում են ռազմական արժեք չունեցող, կրկնվող թիրախներ, անարդյունավետ են։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներից բեռնատար ինքնաթիռների անընդհատ երթևեկությունն ապացուցում է, որ այս ռազմական մեքենան բավարար զինամթերք չունի և գոյատևում է ամերիկյան լոգիստիկ հնարավորությունների հաշվին։
«Միացյալ Նահանգները կարծում էր, որ անվտանգ է՝ լոգիստիկ թռիչքները տեղափոխելով Հորդանանի Ազրաք ռազմաբազա, սակայն Հորդանանում և Էրբիլում Patriot համակարգերի և ռադարային օդապարիկների ոչնչացումն Իրանի կողմից կաթվածահար արեց և կուրացրեց CENTCOM-ի պաշտպանությունը՝ հարձակումների նոր ալիքի մեկնարկից առաջ։
Ամերիկյան AWACS-ների բացակայությունը և Սաուդյան Արաբիայից ամերիկյան E-11A ինքնաթիռի մեկնումը՝ օդ-օդ կապի կենտրոն ստեղծելու նպատակով, Միացյալ Նահանգների համար լուրջ բացահայտում էր։ Սա նշանակում է, որ ԱՄՆ զինված ուժերի ցամաքային կապի ցանցը մասնատված է, և նրանք ստիպված են երկնքում կապի կենտրոն ստեղծել՝ օգտագործելով ինքնաթիռ՝ իրենց ռմբակոծիչների գործողությունները համակարգելու համար։ Բահրեյնում ԱՄՆ հինգերորդ նավատորմի նկատմամբ շարունակական հարվածները նույնպես ապացուցեցին, որ Միացյալ Նահանգներն այլևս Մերձավոր Արևելքում ապահով թիկունք չունեն»,- ասել է Մովահեդիանին։
Միջազգայնագետը հավելել է, որ իրանցի բարձրաստիճան զինվորականների և քաղաքական պաշտոնյաների սպանությունները հակառակ արդյունքն են տվել։ Վաշինգտոնը սեփական գործողություններով վերացրել է Իրանում գոյություն ունեցող վերջին ներքին կարմիր գծերը։ Այս հարվածների ֆոնին Իրանի նոր ղեկավարությունը եկել է վերջնական եզրակացության․ «Գոյատևման միակ իրական երաշխիքը միջուկային զենքի ձեռքբերումն է և Իրանում 60 տոկոսով հարստացված ուրանի պաշարների պահպանումը»։ Իրանի միջուկային զենքի ձեռքբերմանը խոչընդոտելու նպատակով սկսված պատերազմը, ըստ նրա, անդառնալիորեն դուրս է մղել Թեհրանին իր նախկին միջուկային կարմիր գծերից։

Русский