Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանն է պլանավորում, իսկ կառավարությանը թվում է, թե ազատվել է իր շուկայի վրա ռուսական ազդեցությունից

Blog Image

«Ռոսսելխոզնադզորը» հիմա էլ Հայաստանից կաթնամթերքի ներկրումն է արգելել Ռուսաստանի Դաշնություն այն բանից հետո, երբ հուլիսի 14-21-ը կաթնամթերքի արտադրության մի շարք հայկական ձեռնարկություններում ստուգումներ իրականացնելուց հետո, ըստ գերատեսչության արձանագրումների, խնդիրներ հայտնաբերվեցին։

Գերատեսչությունը պնդում է, որ ստուգումների ընթացքում հաստատվել է, որ Ռուսաստան մատակարարվող մթերքների արտադրության համար օգտագործվում է վարակված գլխաքանակից ստացվող կաթ։ Ծառայության հավաստմամբ՝ հաստատվել են ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության համար երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքեր՝ չնայած հայրենական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքի օգտագործման մասին Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից նախկինում տրամադրված հավաստիացումներին:

MediaHub-ը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կարելի է տալ հիմա էլ հայկական արտադրության կաթնամթերքի համար ռուսական կողմից կիրառվող սահմանափակումներին ու արձանագրումներին, քաղաքակա՞ն դրդապատճառներով է արդյոք դա պայմանավորված, թե՞ իսկապես հայկական արտադրության կաթնամթերքը խնդրահարույց է։

Համենայն դեպս, մինչև վերջերս, քանի դեռ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները լարված չէին, և Հայաստանն էլ չէր հայտարարում իր քաղաքական վեկտորը դեպի ԵՄ փոխելու մտադրության մասին, Ռուսաստանը չէր բարձրաձայնում նման խնդիրների մասին։ Փորձագետի գնահատմամբ՝ Ռուսաստանի գործողություններում քաղաքական տարրն առկա է, որովհետև ռուսական կողմը բազմիցս եղել է Հայաստանում, քաջատեղյակ էր, թե ինչ է կատարվում այստեղ պտուղ-բանջարեղենի շուկայում, ինչ ֆիտոսանիտարական վիճակ է սննդի արտադրության ոլորտում, այդուհանդերձ հայկական արտադրանքն անխոչընդոտ մտնում էր ռուսական շուկա։

«Ռուսական կողմն այլևս աչք չի փակում այն խնդիրների վրա, որոնց վրա ժամանակին աչք էր փակում։ Մենք տարիներ շարունակ ասում էինք, որ չունենք սննդի անվտանգության համակարգ, և այդ ոլորտում խայտառակ կառավարում է իրականացվում․ խոսում էինք այն մասին, որ անասնաբուժության ոլորտում խոզի մռութն ու հետույքը չտարբերող և համապատասխան մասնագիտական գիտելիքներ չունեցող մարդը, անգամ եթե աշխարհի ամենալավ կառավարման մասնագիտացմամբ կրթությունն է ստացել, իրավունք չունի կարևորագույն որոշումներ կայացնել, որ ոլորտի պատասխանատու կառույցները մասնագետների կարիք ունեն, և մասնագետների կարծիքն անտեսված է, պաշտոնյաներն էլ մասնագետներ չեն։ Չի կարող այսպիսի կառավարման ու վերահսկման համակարգն արդյունք ապահովել, ինչի հետևանքն էլ հիմա տեսնում ենք։ Եվ քաղաքական կամ չքաղաքական որոշումները, դա հիմա էական չէ, հիմք ունեն։ Ռուսական կողմը կարող էր չէ՞ հեռվում նստած հայտարարել, թե մեկ ապրանք ստուգեց իր երկրում, վատն էր, դրա համար էլ արգելում է։ Նրանք գալիս են Հայաստան, գնում արտադրություն, այցելում լիազոր մարմին, ստուգում են, թերությունների հետ կապված ստուգման արձանագրություն են կազմում։ Անգամ եթե հոգու խորքում գիտես, որ քաղաքական տարր կա բոլոր այդ գործողություններում, միևնույն է, ակնհայտ է, որ դրա տակ ոչ քաղաքական գնահատական է, և հենց դրա վրա է հարկավոր սևեռվել։ Ստուգումների արդյունքներն այնքան խայտառակ են, որ դրանից հետո քաղաքական ենթատեքստի մասին խոսելը բարոյական չէ»,- ասաց փորձագետը՝ փաստացի նշելով, որ քաղաքական ենթատեքստ հաղորդելը այդ գործողություններին մեզ համար ձեռնտու չէ, քանի որ պետք է հիմնվել հայտնաբերված խնդիրների վրա և փորձել դրանք շտկել, քայլեր անել համակարգը ոտքի հանելու, այլ ոչ թե քաղաքական պիտակը կպցնել ու դրանով պաշտպանվել։

Բաբկեն Պիպոյանը հիշում է, որ տարիներ առաջ ռուսական կողմի հաղորդագրություններում սովորաբար հղում էր արվում հայկական կողմի ստուգումների վրա․ նրանք իրենց գնահատականն ըստ այդ ստուգումների արդյունքների էին տալիս՝ վստահելով հայկական կողմին։ Բայց հիմա ռուսաստանյան գերատեսչությունն իր անվստահությունն է հայտնում հայկական լիազոր մարմնի նկատմամբ, անձամբ է գալիս ու ստուգումներ իրականացնում տեղական արտադրությունում։ Դա պետք է մտածելու տեղիք տա լիազոր կառույցներին, պետք է վստահությունը վերականգնվի։

«Դեռ երկու տարի առաջ, երբ պտուղ-բանջարեղենի շուկայում ռուսական կողմից փորձաքննություն իրականացվեց և մնացորդային նյութեր հայտնաբերվեցին, նորից դրան քաղաքական գնահատական տրվեց։ Այնինչ 2021-22 թվականներին ինքներս էինք տեղական շուկայում նման շեղումներ հայտնաբերել մոնիտորինգի արդյունքում։ Ուրեմն ինչո՞ւ ռուսական կողմը պետք է դրանք չհայտնաբերի։ Թե՞ պետք է հայտնաբերի ու իրենց նման տանի բարձի տակ դնի։ Ցավով պետք է արձանագրենք, որ այդ աղմուկից հետո քայլեր չիրականացվեցին ոլորտը բարելավելու ուղղությամբ։ Նման պայմաններում մոնիտորինգ իրականացնելու նպատակն էլ է կորում․ եթե պետք է կարգիոգրամա անել և բուժում չնշանակել, ապա ո՞րն է դրա իմաստը։ Նույնն էլ այս դեպքում է։ Ավելին, մինչև օրս 2024 թվականի մոնիտորինգի արդյունքները հրապարակված չեն։ Ինչո՞ւ։ Գուցե այն պատճառով, որ իրենք էլ էին նույն խնդիրները հայտնաբերել, ինչ ռուսական կողմը, և հրապարակելու դեպքում պարզվելու էր, որ սահմանափակումները քաղաքական չե՞ն»,- ասաց ՀԿ նախագահը։

Խոսելով հայկական արտադրանքի և հատկապես գյուղմթերքի, ձկնարտադրության շուկայում ստեղծված վիճակի մասին, երբ ֆերմերները, մնալով առանց ռուսական սպառման շուկայի, անելանելի վիճակում են հայտնվել, Բաբկեն Պիպոյանն արձանագրեց, որ դա ագրարային քաղաքականության բացակայության հետևանք է։

Մեր պետական կառույցների պաշտոնյաները անընդհատ խոսում են ինքնիշխանությունից և հայտարարում, թե ռուսական կողմի հետ հարաբերությունների այսօրվա պայմանները նպաստավոր են լիարժեք ինքնիշխանություն ստեղծելու համար՝ ռուսական շուկայից եղած կախվածությունից ազատվելու միջոցով, սակայն հենց իրենք են տարիներ շարունակ իրականացրած քայլերով հնարավորինս խորացրել ռուսական շուկայից կախվածությունը այնքան, որ այսօր ռուսական կողմը կարողանում է հայկական տնտեսության պլանավորում իրականացնել․ «Հետո էլ ասում ենք, թե ինքնիշխան ենք այն դեպքում, երբ Ռուսաստանն է ասում՝ «այդքան ձուկ եք արտադրել, իմ երկիր չեք կարողանալու արտահանել, տեսնեմ՝ ի՞նչ եք անելու այդքան ձուկը, ես կորոշեմ այսուհետ, թե դուք ձեր երկրում որքան ձուկ պետք է արտադրեք»։ Այսպիսի՞ ինքնիշխան երկիր ենք սարքում։ Իրական ինքնիշխանությունը առավելագույնս անկախ լինելն է, ոչ թե կախվածությունները փոխելը՝ մեկից մյուսին անցնելով, ինչով հիմա զբաղված է կառավարությունը։ Եվ դեռ հարց է՝ կկարողանա՞ն այդ փոփոխությունն անել։ Այդ ապրանքը կոնկրետ ռուսական շուկայի համար էր արտադրվել, և ստում են, թե այդ նույն ապրանքը կարողանալու են այլ երկրում նույն գնով վաճառել։ Այս օրվա համար էինք ասում, որ մեզ ագրարային քաղաքականություն է հարկավոր, իսկ մեզ մոտ ամեն ինչ կամայական է կատարվում՝ առանց հստակ քաղաքականության»։

Բաբկեն Պիպոյանը բացատրում է, որ այլ երկրներում այդքան ծավալի ու քանակության հայկական արտադրանքի պահանջը չկա, և ռուսական շուկան փակվելուց հետո ներսում մնացած արտադրանքը ամբողջ ծավալով ու ռուսական շուկայում ձևավորված գնով չի կարող իրացվել։ Նախ՝ զգալի գնանկում է լինելու, և արտադրանքի մեծ մասն էլ մնալու է չիրացված։

Բաբկեն Պիպոյանը, սակայն, այս սահմանափակումները պատժամիջոց չի համարում՝ ասելով, որ իսկական ռուսական պատժամիջոցը Հայաստանին վաճառվող գազի ինքնարժեքի վերանայումը կլինի։ Իսկ այն, ինչ կատարվում է, Ռուսաստանի կողմից մեր տնտեսության պլանավորումն է։ «Ինքնիշխան» պետության տնտեսությունը այսօր էլ, միևնույն է, շարունակում է Ռուսաստանը որոշել։ Դրանից խուսափելու և իրապես ինքնիշխան տնտեսություն ձևավորելու համար, ըստ Բաբկեն Պիպոյանի, պետք է ուղեցույց դառնա մասնագետի կարծիքը, խորհրդատվությունը և մասնագիտական վերաբերմունքը ոլորտին։

«Ես վաղուց շատ կառույցների չեմ քննադատում, որովհետև չեն հասկանալու, թե ինչ եմ ուզում ասել։ Քննադատությունն ինքնանպատակ չէ․ ամեն քննադատություն խորհրդատվական մաս է պարունակում, առաջարկություն։ Այդ մարդիկ չեն ընկալելու այդ խորհուրդը և առաջարկությունը, ուստի քննադատելն էլ անիմաստ է դառնում»,- խոսքը եզրափակեց փորձագետը։

Զրուցեց Թագուհի Ասլանյանը

Send