Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործը չի դադարում գտնվել հանրային ուշադրության կենտրոնում՝ առանցքային նշանակություն ունենալով հայկական զինված ուժերում տիրող բարքերին գնահատական տալու առումով։
Հանրությունն ուշի ուշով սպասում է գործի քննության ավարտին՝ պարզելու համար, թե ի վերջո ինչ առեղծվածային իրադարձությունների հետևանքով 15 նորաթուխ երիտասարդներ մեկ ակնթարթում զրկվեցին կյանքից։
MediaHub-ի հետ զրույցում գործով տուժածների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը տեղեկացրեց, որ այժմ մեղադրյալների հարցաքննության փուլն է, և արդեն վերջին մեղադրյալն է հարցաքննվում՝ Եղիշե Հակոբյանը։ Նրա հարցաքննությունն ավարտելուց հետո դատարանը կանցնի լրացուցիչ ապացույցներ և միջնորդություններ ներկայացնելու փուլին։
Փաստաբանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են մի քանի առանցքային միջնորդություն ներկայացնել։ Մեկը՝ կրկնակի քննչական փորձարարություն անցկացնելու վերաբերյալ, որպեսզի մեկ անգամ ևս հենց դեպքի վայրում ուսումնասիրվի ու վերականգնվի գործողությունների հաջորդականությունը՝ թե հրդեհն ինչպես է բռնկվել, մինչ այդ ինչ դեպքեր են նախորդել, տղաները ինչպես են մահացել։ Միջնորդություն է ներկայացվելու նաև դատաբժիշկներին հարցաքննելու վերաբերյալ, քանի որ երեք կլինիկաների համապատասխան մարմինների կողմից տված եզրակացությունների հետ կապված բազմաթիվ հարցեր կան. թե շմոլ գազն ինչպես է հայտնվել զոհվածների օրգանիզմում, զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել, արդյո՞ք հենց շմոլ գազի պատճառով են զինծառայողները խեղդվել, կամ զոհված զինծառայողների օրգանիզմում այլ նյութեր կարո՞ղ էին հայտնաբերվել, եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով, հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելն այլ նյութով թունավորված լինեին, որի հետևանքով կորցրած լինեին գիտակցությունը։
Տուժողների ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացնելու նաև Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին որպես վկա դատակոչելու և հարցաքննելու համար, որպեսզի պարզեն, թե ինչ խողովակներով են զեկույցները հասել վարչապետին, ով ում և ինչ է զեկուցել, այդ զեկույցների հիման վրա ինչ որոշումներ են կայացվել, ինչու է խախտվել դեպքի վայրը։
«Հանրությունն այս քրեական վարույթն ուշադրության կենտրոնում է պահում, որովհետև ի սկզբանե այս ողբերգության վերաբերյալ հակասական, երբեմն անտրամաբանական տեղեկություններ շրջանառվեցին, և հանրությունը հիմա սպասում է իր ակնկալած ճշմարտության բացահայտմանը։ Հույս ունեմ, որ առաջիկա գործողություններով մանրամասն մասնագիտական եզրակացություն ու կարծիք կլսենք դատաբժիշկներից, եթե դատարանը բավարարի նրանց հարցաքննելու միջնորդությունը, նաև մյուս միջնորդությունը՝ կրկնակի քննչական փորձարարություն անցկացնելու վերաբերյալ կբավարարվի, և կկարողանանք տեղում վերականգնել եղած իրողությունը, դեպքերը ու կհասնենք կուլմինացիային։ Այս քրեական վարույթն արդեն ավարտին է մոտենում»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։
Հարցին, թե որ վարկածն է ըստ նրա ամենահավանականը՝ դատելով մինչ օրս իրականացրած գործողություններից ու դատական նիստերին արված բացահայտումներից, Նորայր Նորիկյանը հորդորեց առայժմ սպասել նման կտրուկ կարծիք հայտնելու համար։ Ամեն ինչ ավելի կհստակեցվի միջնորդությունների բավարարման շնորհիվ իրականացված գործողությունների արդյունքներով։ Ամեն դեպքում, հրդեհից զինծառայողների մահացած լինելու վարկածը չի դիմանում որևէ քննադատության։
«Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հետևյալն է՝ զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազի և այրվելու հետևանքով նրանց կենդանության պահին։ Դեպքերի տրամաբանական կառուցվածքն այլ բան է հուշում, և պաշտոնական վարկածը որևէ քննադատության չի դիմանում։ Կրակի առաջացման պահից սկսած՝ մինչև հասներ տանիքին և տարածվեր զինծառայողների սենյակով մեկ, տղաները հազար անգամ կարող էին փախնել այդտեղից ու փրկվել»,- նման եզրակացություն է անում Նորայր Նորիկյանը։
Այս գործով վերջին դատական նիստի ժամանակ մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, որը կացարանում գտնվող վառարանն էր վառել այդ օրը, հարցաքննության ժամանակ պնդեց, որ հրդեհը կապ չունի զինծառայողների մահվան հետ, և իր համար էլ է նրանց մահը կասկածելի։ Այնուհանդերձ, նա իրեն մեղավոր է զգում տղաների մահվան համար և անգամ ինքնասպանության փորձ է արել։ Նրա մոտ մեղքի զգացումը, Նորայր Նորիկյանի կարծիքով, պայմանավորված է նրանով, որ Եղիշեն ամենայն հավանականությամբ գիտի, թե իրականում այդ օրը ինչ է տեղի ունեցել։
«Մենք հենց դա էլ ակնկալում ենք, որ նա պատմի, թե ողբերգությանը նախորդող ժամանակահատվածում ինչ կամ ինչեր են տեղի ունեցել։ Եթե, ըստ իրենց, զինվորների մահը հրդեհից չէ, նշանակում է, որ հերքում են գործող իշխանության կողմից առաջ քաշած վարկածը։ Բայց մյուս կողմից էլ, եթե հրդեհը կապ չունի և դու մեղավոր չես, ապա ինչո՞ւ ես փորձում ինքնասպան լինել, զենք ես ուզում, որ ինքդ քեզ սպանես։ Ինձ հետ առանձին հանդիպման ժամանակ նա տեղեկություններ է տրամադրել, որոնցից հիմա խուսափում է, հրաժարվում է դրանցից։ Նախաքննության ընթացքում նա նաև մի շարք տեղեկություններ էր թաքցրել, որոնք նախորդել էին ողբերգությանը։ Օրինակ՝ չէր հայտնել, որ Ժիրայրի ծնողները դեպքից երեք ժամ առաջ եկել էին նրան տեսակցության։ Եթե պարզապես տեսակցություն էր և ոչինչ գաղտնի չի եղել, ապա ինչո՞ւ են թաքցրել նախաքննական մարմնից։ Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հանգամանքը ևս թաքցրել է, ինչպես նաև դեպքին նախորդող ժամանակահատվածում սպաների միջև եղած վեճը։ Դեպքին նախորդող մի քանի կարևոր իրադարձությունների վերաբերյալ ճշմարտությունը թաքցրել է և չի ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին։ Եթե այդ դեպքերի տակ որևէ բան չի եղել, կարելի է վստահ պատմել դրանց մասին։ Այս առումով բազմաթիվ հարցեր կան նրան, նաև թմրանյութի օգտագործման հետ կապված կասկածների վերաբերյալ»,- որոշ փակագծեր բացեց մեր զրուցակիցը՝ հուսադրելով, որ շուտով այդ գործի առնչությամբ ճշմարտությունը կբացահայտվի։
Թագուհի Ասլանյան

Русский