Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է։
Այն 2007 թվականին հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից։ Ժողովրդավարությունը հիմնված է ժողովրդի ազատ կամարտահայտության վրա և սերտորեն կապված է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների ու իրավակարգի ապահովման հետ։
Բայց որքանո՞վ է այօր Հայաստանը համապատասխանում ժողովրդավարական պետության չափանիշներին։ Այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ։ Նրա կարծիքով՝ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ «Հայաստանում մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան, առկա է ակնհայտ թիրախավորում այլախոհ լրատվականների նկատմամբ՝ ընդ որում, բոլոր գործիքները կիրառելով։ Բացակայում են ազատ կամարտահայտման և ուղիղ ժողովրդավարության գործիքները։ Խոսել ժողովրդավարության մասին Հայաստանում պարզապես ծիծաղելի է»։
Իշխանության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ քաղաքացիներն ունեն իրենց դժգոհությունն ու բողոքն ազատ արտահայտելու հնարավորություն։ Իշխանության այս մոտեցմանն ընդդիմադիր գործիչը հակադարձում է՝ ներկայիս իրավիճակը նախկինի հետ համեմատելը, իր գնահատմամբ, ճիշտ չէ։
«Դրանք կեղծ համեմատություններ են, որովհետև այս թվով քաղբանտարկյալներ, այս թվով ճնշումներ բոլոր օղակներում երբեք չեն եղել»։
Մամիջանյանը նաև նշում է, որ ժողովրդավարությունը չպետք է գնահատվի միայն նրանով, թե տվյալ պահին կոնկրետ անձի նկատմամբ իրավապահ մարմինները գործողություն իրականացրե՞լ են, թե՞ ոչ։ «Փաշինյանը չի որոշում՝ մեզ ինչ է կարելի, ինչ՝ չէ, այլ որոշում են ՀՀ օրենքները։ Իսկ իրենց խոսքը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ իրենք հաստատում են բռնապետական կարգեր»,- նշեց Մամիջանյանը։
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանին՝ ժողովրդավարական պետություն դառնալու համար։ Ընդդիմադիր գործիչը խնդրի լուծումը, առաջին հերթին, կապում է իշխանափոխության, ապա նաև ինստիտուցիոնալ փոփոխությունների հետ։ «Առաջին հերթին՝ իշխանափոխություն։ Բայց էլի առկա են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել։ Բայց այն, ինչ անում է Փաշինյանը, խիստ հակառակ է ժողովրդավարության սկզբունքներին»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Русский