Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Խաչը՝ ապակու տակ, պատմությունը՝ քարոզչության թակարդում․ ինչ են ցուցադրում Շուշիի մզկիթում

Blog Image

Ոչ միայն Գանձասարն ու Դադիվանքը, այլ նաև հայոց երբեմնի բերդաքաղաք Շուշին Ադրբեջանի կողմից ներկայացվում է որպես քարոզչության կարևորագույն բեմերից մեկը։ Այստեղ ոչ միայն վերաշարադրվում է քաղաքի պատմությունը, այլ նաև ամեն ինչ արվում է այնպես, որպեսզի այցելուի աչքում հայկական ներկայությունը ներկայացվի որպես ավերածության ու վանդալիզմի պատմություն։ Տարածաշրջանային վերլուծաբան Ալեն Ղուլյանի կարծիքով, այդ քարոզչության համար օգտագործվում է ամեն ինչ՝ վերականգնվող շինություններ, ցուցանմուշներ, ցուցանակներ և նույնիսկ պատերի վրա հայտնված մանր դետալներ։

«Մինչ Հայաստանի իշխանությունները լուռ հետևում են օկուպացված Արցախում մեր ժառանգության ամբողջական ոչնչացմանը և կուլ են տալիս Հաջիևյան կեղծիքները, Իլհամի ռեժիմի քարոզչական մեքենան վաղուց արդեն աշխատում է առանց որևէ արգելակի։ Օգտվելով այս լռությունից՝ նրանք օգտագործում են ցանկացած մանր բեմականացում և էժան հնարք՝ միայն թե հենց մեզ ներկայացնեն որպես վայրենիներ»,- ասում է Ղուլյանը։

Շուշիի մզկիթի այսպես կոչված «վերականգնման» ընթացքում ադրբեջանցիները պատի մի հատվածը ձևավորել են որպես առանձին ցուցանմուշ։ Քարի վրա փորագրված փոքրիկ խաչը փակել են ապակու տակ՝ մետաղական ամրակներով, իսկ վերևում ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով փակցրել են հետևյալ գրությունը․ «Վերականգնման աշխատանքների ընթացքում մզկիթում, որը օկուպացիայի ժամանակ ենթարկվել էր հայկական վանդալիզմի, պատի վրա հայտնաբերվել է փորագրված խաչ»։

«Առաջին հայացքից սա կարող է թվալ պարզապես պատի վրա հայտնաբերված մի փոքրիկ հետք։ Բայց երբ այն առանձնացվում է, տեղադրվում ապակու տակ և ուղեկցվում «հայկական վանդալիզմի» մասին հատուկ ձևակերպմամբ, արդեն ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոչ թե պարզապես պատմական դետալի, այլ քարոզչական ներկայացման հետ»։

Ադրբեջանը հետևողականորեն խոսում է հայկական «վանդալիզմի» մասին, բայց նույն հետևողականությամբ չի խոսում Շուշիում պահպանված մզկիթի ու հայկական ժառանգության ճակատագրի մասին։

«Թե իրականում երբ և ինչպես է հայտնվել այդ խաչը, ոչ ոք չգիտի։ Բայց հաշվի առնելով, թե ինչ արագությամբ և ինչ ցինիզմով են նրանք ոչնչացնում հայկական ժառանգությունն ու կեղծում պատմությունը, կարելի է ենթադրել, որ հենց իրենք են հատուկ փորագրել այդ խաչը՝ այն հետագայում իրենց կեղտոտ քարոզչական նպատակներով օգտագործելու համար։ Այս ամենը հաշվարկված է այնպես, որ յուրաքանչյուր այցելու և յուրաքանչյուր զբոսաշրջիկ առաջին իսկ հայացքից մեզ տեսնի որպես բարբարոսների։ Եվ այս ամենը տեղի է ունենում մի քաղաքում, որտեղ այդ մզկիթից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նրանք ամբողջությամբ ավերել և պղծել են հայկական եկեղեցիներն ու գերեզմանատները»,- հավելեց Ալեն Ղուլյանը։

Հունան Թադևոսյան

Send