MediaHub-ը շարունակում է բազմաթիվ ահազանգեր ստանալ, որ բժիշկների աշխատավարձը բավականին ցածրացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո։ Բժիշկները բողոքում են՝ նախորդ ամսվա համար ստացել են 18.000, 19.000, 23.000, 30.000 դրամ և այդպիսի անհիմն ցածր աշխատավարձեր։
MediaHub-ին ահազանգած բժիշկների թիվը հարյուրների է հասնում, խնդիրը շարունակում է մնալ օդում կախված։ Մեզ դիմած բժիշկներիը ներկայացնում են, թե ոլորտում այս պահին ինչ խայտառակ վիճակ է ստեղծվել։
«Ես մանկաբույժ եմ, իմ ֆիքսված աշխատավարձը 195.000 դրամ էր, երեկ ես ստացա իմ աշխատավարձը 18.024 դրամ։ Արդյո՞ք սա նորմալ է, արդյո՞ք այս աշխատավարձով կարող է մարդ տուն պահել, իհարկե, ո՛չ»,- նշեց բժիշկը։
Կան նաև այլ խնդիրներ, մասնավորապես, մեկ այլ բժիշկ մեզ հետ զրույցում նշել է․ «Ստացիոնար հիվանդների համար ԱՀԱՆ մինչև 7 օրվա համար փոխանցում է 210 000 դրամ (խոսքը թերապևտիկ բաժնի մասին է)։ Այդ 210 000 դրամից բժշկին հասնում է 13%, սակայն դա էլ բաժանվում է՝ 6.5%-ը բուժքույր/մայրապետին, 6.5%-ն էլ՝ բժշկին։ Եթե կոպիտ հաշվարկենք՝ 7 օր ծանր հիվանդի հետ աշխատում ես, ուշ գնում տուն և արդյունքում ստանում 5000 դրամ։ Նման քայլը բժշկի նկատմամբ ուղղակի զարհուրելի է։ Վստահ եմ՝ շատերը չեն ցանկանա նման պայմաններում աշխատել առողջապահական համակարգում»։
Բուժքույրերը նույնպես բողոքում են. նախկինում աշխատավարձը եղել է 59.000 դրամ, իսկ այժմ ստացել են 19.852 դրամ աշխատավարձ։
Իրավիճակը գնալով սրվում է, բժիշկների բողոքի ձայնն էլ ավելի բարձր է դառնում, իսկ ի՞նչ է մտածում Առողջապահության նախարարությունը, ի՞նչ է պատրաստվում անել։
«Աշխատավարձի ամբողջական փոխհատուցումը մինչև մարտի 15-ն է: Դրանից հետո եթե կլինեն դժգոհություններ, ես կխնդրեմ բուժաշխատողներին իրենց անհատական դեպքով և առանց կաշկանդվելու կապ հաստատել մեզ հետ, քանի որ տիկին նախարարը պատրաստակամ է անհատական դեպքը դիտարկել, քննարկել հենց գործատուի` ԲԿ-ի տնօրինության հետ»,- MediaHub-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:

Русский