MediaHub-ին քաղաքացիները ահազանգում են, որ վաղ առավոտից չեն կարողանում Հյուսիսային ավտոկայանից մեկնել Մարտունի։
Մեզ հետ զրույցում խնդրին բախված քաղաքացիներից մեկը պատմեց, որ առավոտյան 11-ից ավտոկայանում սպասում են, սակայն ուղետոմսեր չեն վաճառվում, քանի որ տվյալ ուղղությամբ ավտոբուսներ չկան։ Ստեղծված իրավիճակի հետևանքով ավտոկայանում առաջացել են մեծ կուտակումներ։

«Առավոտից այստեղ սպասում ենք՝ հույս ունենալով, որ ամեն պահ ավտոբուսը կգա ու կգնանք, բայց չի գալիս։ Չգիտենք՝ ինչն է պատճառը, ոչ ոք չի ասում։ Այսօր ամեն դեպքում պետք է հասնենք, բայց դեռ ոչինչ չկա»,- վրդովված նշեց մեր զրուցակիցը։
Խնդրի պատճառը պարզելու համար MediaHub-ը կապ հաստատեց Հյուսիսային ավտոկայանի աշխատակիցների հետ։ Վերջիններս հայտնեցին, որ կուտակումների պատճառը գրաֆիկով նախատեսված տրանսպորտային միջոցների բացակայությունն է։ Նրանց խոսքով՝ արդեն շարժված ավտոբուսները հետ են վերադառնում՝ կրկին մարզ մեկնելու համար։
Ավտոկայանի աշխատակցի փոխանցմամբ՝ այս պահին խնդիրը կարգավորված է։
Էմմա Մարտիրոսյան

Русский