Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչի՞ց է այդքան վախեցած Նիկոլ Փաշինյանը, որ անգամ Մուստաֆաևի հետ հանդիպած հայ գործարարների անունները չի տալիս

Blog Image

Երեկվա թերևս ամենաուշագրավ իրադարձությունը դարձավ ադրբեջանական պաշտոնական պատվիրակության այցը Երևան՝ ստվերելով անգամ Գեղարքունիքի մարզում Փաշինյանի իրականացրած հերթական քարոզարշավը։

Ի դեպ, այցի մասին նախապես չէին տեղեկացրել ՀՀ պաշտոնական աղբյուրները (մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջիկա այցը Հայաստան մեկ շաբաթից ավելի է անոնսավորվում է), և առաջինը նորից լրատվամիջոցներն արձանագրեցին, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ադրբեջանական օդանավ է վայրէջք կատարել։ Միայն ժամեր անց, այն բանից հետո, երբ ադրբեջանական մամուլից արդեն հանրությունը տեղեկացել էր, որ օդանավով Երևան են ժամանել ադրբեջանցի պաշտոնյաներ, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ օդանավով Երևան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ իր ղեկավարած պատվիրակության հետ։ 

Սակայն ԱԳՆ-ն չհստակեցրեց այցի նպատակը՝ սպասելով ադրբեջանական գերատեսչության հաղորդագրությանը։ Մեզ համար արդեն սովորական է  դարձել, որ Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցերի մասին առաջին հերթին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից ու գերատեսչությոնների տարածած հաղորդագրություններից, որից հետո նոր հայկական գերատեսչությունները արտատպում են իրենց ադրբեջանցի գործընկերների տարածած տեղեկությունը։

Ուստի կարելի է նման որևէ իրադարձության դեպքում անմիջապես հարցում կատարել ադրբեջանական գերատեսչություններին, որպեսզի ավելի հրատապ տեղեկություն հնարավոր լինի հրապարակել և այլևս նեղություն չտանք մեր ԱԳՆ-ին, որը երևի ավելի կարևոր գործերով է զբաղված։ 

Այսօր կառավարությունում լրագրողների հարցերին պատասխանելիս Փաշինյանն անդրադարձավ պատվիրակության այցի մասին տեղեկատվությունը գաղտնի պահելու իրենց ռազմավարությանը՝ ասելով, թե դա արվել է անվտանգության նկատառումներով, իբրև Մհեր Գրիգորյանի Ադրբեջան այցի դեպքում էլ ադրբեջանական կողմն է պահպանել կոնֆիդենցիալությունը։ Սակայն Հայաստանում մամուլի միջոցով այնուամենայնիվ արտահոսք եղավ։ Այսինքն՝ Հայաստանը, պահպանելով կոնֆիդենցիալություն, մտահոգվում է ադրբեջանական պատվիրակության անդամների անվտանգության համար, այնինչ այդ ընթացքում ադրբեջանական աղբյուրները միտումնավոր բացահայտո՞ւմ են իրենց պաշտոնյայի այցը՝ ամենևին հոգ չտանելով նրանց անվտանգության մասին։

Ըստ Փաշինյանի՝ այդպես է ստացվում։ Ինչի՞ց է իրականում այդքան վախեցած վարչապետը։ Գուցե իրականում վախը հանրային արձագանքը չէ՞, կամ Փաշինյանի մտացածին սպառնալիքը, այլ ադրբեջանական կողմի անկանխատեսելիությունը։ Եվ կառավարությունն ընտրել է համր լինելու ռազմավարությունը, որ հանկարծ որևէ անզգուշավոր արտահայտությամբ չսադրի Ադրբեջանին։ Փաշինյանն ինքն է պարբերեբար բոլորին հորդորում՝ հանկարծ չսադրել, վերադարձի, Արցախի մասին հայտարարություններ չանել, անգամ չպատասխանել ադրբեջանցիների վերադարձի մասին ալիևյան հռետորաբանությանը։

Ադրբեջանցիներին վերաբերող բոլոր հարցերում փաշինյանական թիմը զգուշավոր է։ Ուստի զարմանալի չէ, որ անգամ պատվիրակության այցի նպատակների ու տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ևս առաջինը ադրբեջանական աղբյուրները տեղեկացրին, որից հետո նոր հայկական ԱԳՆ-ն գրեթե պատճենեց նրանց տարածած հաղորդագրության բովանդակությունը, որից էլ պարզ է դառնում՝ երեկ  Աղվերանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել երկու պետությունների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 13-րդ հանդիպումը այս անգամ Հայաստանի տարածքում, որի ժամանակ կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:

Մինչև վերջերս հանձնաժողովների հանդիպումները սովորաբար կայանում էին սահմանամերձ տարածքներում, համենայն դեպս Հայաստանում։ Վերջին անգամ 2025 թվականի նոյեմբերին է եղել նման հանդիպում, երբ Մհեր Գրիգորյանը մեկնել էր Ադրբեջան, և Գաբալա քաղաքում տեղի ունեցավ հանձնաժողովների 12-րդ հանդիպումը։ Հաղորդագրությունների մեջ նշվում է նաև, որ երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է եղել առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։

Ինչից պարզ է դառնում, որ ադրբեջանական պատվիրակության կազմում եղել են նաև ադրբեջանցի տնտեսվարողներ, քանի որ հայկական կողմից ևս Աղվերանում տեղի ունեցած հանդիպմանը հայ տնտեսվարողներ են մասնակցել։ Սակայն նորից չի հստակեցվում այդ գործարարների շրջանակը։ Երեկ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ գործարարներ Սամվել Ալեքսանյանին և Խաչատուր Սուքիասյանին պատկանող մեքենաները նկատվել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի պատվիրակությանը Աղվերան տեղափոխող մեքենաների շարասյան մեջ։ Հայկական պաշտոնական աղբյուրները՝ ներառյալ ՀՀ վարչապետը այնպիսի նախանձախնդրությամբ են թաքցնում նաև այն հայ գործարարների անունները, որոնք մասնակցել են Մուստաֆաևի պատվիրակության հետ հանդիպմանը, կարծես թե այդ գործարարներն իրենց գիտակցությամբ պետական հանցագործներ են։ Այսօր Փաշինյանը նաև այդ հարցին է անդրադարձել՝ ասելով, որ ինքը գիտի, թե ովքեր են ներկա եղել հանդիպմանը, բայց չի հրապարակի այդ մարդկանց անունները, որպեսզի «որոշ լուսանցքային խմբակների կողմից բուլինգի չենթարկվեն»։

Հրապարակի վարչապետը, թե չհրապարակի, արդեն մամուլը հստակեցրել է, որ ադրբեջանական կողմի հետ այդ հանդիպմանը մասնակցել են իշխանության ֆավորիտ տնտեսվարողները, որոնք նաև Փաշինյանի հետ ճաշկերույթին են մասնակցել։ Հիմա նրանց թիրախավորելու համա՞ր է վախենում վարչապետը, որ հանրությունը կարող է մեղադրել հինգ հազար հայորդիներին պատերազմի դաշտում սպանած ադրբեջանական կողմի հետ առևտուր անելու, մեր տղաների արյունը վաճառելու համար։ Եթե այդպես է, ապա այդ մեղադրանքը վաղուց է ինքը մարսել և չենք կարծում, որ հայ տնտեսվարողները դրանից կարող են սրտնեղվել։ Գուցե պատճառը նորից նախընտրական վախերն են, որ հայ ժողովուրդը կհիասթափվի մենաշնորհի, բիզնեսը հովանավորելու մեջ նախկիններին անխնա քննադատող Փաշինյանից, եթե պարզվի, որ ինքը ևս ունի «լյուբիմչիկ» գործարարներ, որոնք մի շարք արտոնություններից են օգտվում, այդ թվում Ադրբեջանի հետ առուծախ անելու առանձին մենաշնորհ ունեն՝ որպես վարչապետին առանձնապես մոտ գտնվողներ։

Այս ողջ պատմության մեջ թերևս կարևորն այն է, որ հայ ժողովրդի թիկունքում գաղտագողի ու վախվորած, առանց ժողովրդի հետ համաձայնեցնելու կամ գոնե նրանց տեղեկացնելու գործընթացներ են տեղի ունենում իշխանությունների մասնակցությամբ, այն իշխանությունների, որոնք իրենց համարում են աշխարհի ամենաժողովրդավարը, այնինչ ժողովրդին ամեն անկյունից սրտիկներով սեր խոստովանող վարչապետը թքած ունի այդ ժողովրդի ցանկությունների, կարծիքի ու դիրքորոշման վրա, անում է այն, ինչ պետք է, բանակցում է այն, ինչ ինքն է անհրաժեշտ գտնում, ավելի ճիշտ՝ իր ավագ գործընկերներ Ալիևն ու Էրդողանը։ 

Թագուհի Ասլանյան

Send