Երևանում այսօր վաղ առավոտից խոսակցության գլխավոր թեման Մյասնիկյան պողոտայում հայտնված «զեբրն» է, որն, ըստ նախնական տեղեկությունների, իբր փախել էր կենդանաբանական այգուց։ Սակայն իրականությունը, ինչպես պարզվեց, բոլորովին այլ է։
MediaHub-ի հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լուսինե Գրիգորյանը հերքեց տարածված լուրը՝ նշելով, որ կենդանին որևէ կապ չունի այգու հետ։
«Դա զեբր չէ, իրականում ավանակ է, որին ինչ-որ քաղաքացի ներկել է զեբրի զոլերով։ Կենդանաբանական այգու հետ կապ չունի։ Մենք մեր պաշտոնական էջով արդեն հերքել ենք այդ տեղեկությունը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Ալիտա Եղիազարյան

Русский