Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով վերանայել իրանական քաղաքականության վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը: Իր ուղերձում Իրանի առաջնորդը ընդգծել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները մնում են ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ ամենաանհասկացվածներից։
Փեզեշքիանը պաշտոնապես հայտարարել է, որ իր ժամանակակից պատմության մեջ երկիրը երբեք չի ընտրել ընդլայնման, գաղութատիրության կամ գերիշխանության ուղին և երբեք պատերազմներ չի սկսել։
Իրանի առաջնորդը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները բանակցությունների ընթացքում երկու անգամ անարդարացի ռազմական գործողություններ է իրականացրել հանրապետության դեմ։
Նախագահի խոսքով՝ չնայած մշտական արտաքին ճնշմանը և պատժամիջոցներին, Իրանը ոչ միայն պահպանել է իր դիմադրողականությունը, այլև զգալիորեն մեծացրել է իր ուժը բոլոր հիմնական ոլորտներում։
Եզրափակելով՝ նա կոչ է արել ամերիկացիներին դուրս գալ ավանդական քաղաքական հռետորաբանությունից և ձգտել ապագայի, որը հիմնված է ոչ թե բախման, այլ ճշմարտության, արժանապատվության և փոխադարձ հարգանքի վրա: Իրանի առաջնորդի խոսքով՝ երկխոսությունը և անցյալի իրականության ըմբռնումը կարևոր են ներկայիս լարված իրավիճակը փոխելու համար։

Русский