MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության այսօրվա նիստի օրակարգը․
նախագծերից մեկով առաջարկվում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում բնակապահովման իրավունքը վերականգնած ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակելի տարածքով ապահովել։
Ծրագրի շրջանակում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած և շահառու ճանաչված թվով 15 ընտանիքների ցուցակները հաստատվել են, որոնց անհրաժեշտ է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն կամ բնակարանի գնման վկայագիր՝ բնակելի տարածքով ապահովելու նպատակով:
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման Ծրագրից դուրս մնացած և բնակարանային ապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած թվով 15 ընտանիքներ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի փետրվարի 07-ի N 20-Ա հրամանով ճանաչվել են Ծրագրի շահառուներ, որոնց խնդիրը լուծելու համար պետական բյուջեով նախատեսվել է 107,754.5 հազ. դրամ: Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 101,946.5 հազ. դրամ (տարբերությունը պայմանավորված է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից լրացուցիչ տրամադրված ճշգրտված հաշվարկ-հիմնավորումներով):
Իրավական ակտի ընդունման արդյունքում, պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում, կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքների բնակարանային խնդիրը:
Մարիաննա Արամյան

Русский