Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նոր դպրոցներ, աշակերտների համար նոր հնարավորություններ․ ի՞նչ որոշում ունի Կառավարությունը

Blog Image

MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության այսօրվա նիստի օրակարգը․ նախագծերից մեկով նախատեսվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգաց­ման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
 
Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին և նախատեսված է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը: Այս ծրագիրը արդյունքահեն է, ինչը ենթադրում է, որ համապատասխան ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում են վարկային պայմանագրով նախատեսված արդյունքների ապահովման պարագայում։
 
Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարահանման պլանների մշակում, շինարարության բնագավառում աշխատող մասնագետների վերապատրաստում և այլ գործառույթներ:

Ծրագրի շրջանակներում մինչ այժմ ավարտվել են 29 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ներկայումս ընթանում են 17 դպրոցների շինարարական աշխատանքներ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել ավելի քան 15,000 աշակերտի համար։

Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը 2 անգամ հատկացվել են վարկային միջոցներ «Սեյսմիկ ապահովության բարելավման 1-ին ծրագիր» SSIP-1 և «Սեյսմիկ ապահովության բարելավման 2-րդ ծրագիր» SSIP-2 վարկային ծրագրերով։ Ծրագրի արդյունքահենության համատեքստում յուրաքանչյուր վարկի համար նախատեսված է որոշակի արդյունք, որի կատարման պարագայում հատկացվում են տվյալ արդյունքի համար նախատեսված ֆինանսական միջոցները՝ 1-ին վարկով (SSIP-1)՝ 81.5 միլիոն ԱՄՆ դոլար (ծախսը վարկային միջոցներից 01.09.2026թ-ի դրությամբ՝ 79.3 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ 2-րդ վարկով (SSIP-2)՝ 54.2 միլիոն եվրո (ծախսը վարկային միջոցներից 01.09.2026թ-ի դրությամբ՝ 49.6 միլիոն եվրո):
 
«Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» շրջանակում նախատեսվում է ներգրավել ցանկով նախատեսված ևս 50 դպրոցների կառուցման աշխատանքներ։ Միաժամանակ վարկային միջոցները նախատեսված են նաև աղետների ռիսկի պաշտպանության, դպրոցաշինությանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացմանը։

«Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» շրջանակում 50 դպրոցի կառուցման աշխատանքների մոտավոր արժեքը կազմում է 366․0 մլն ԱՄՆ դոլար, որից՝ ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորման ծախսերը կազմում են 73․0 մլն ԱՄՆ դոլար (19.9%), իսկ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորումը կազմում է 293․0 մլն ԱՄՆ դոլար (80․1%):
 
Մարիաննա Արամյան

Send