Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակային համաձայնություն», որով Հայաստանի նիկոլփաշինյանական դիվանագիտությունը իրականացրել է մեր երկրի ինքնիշխանության «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը, գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցության երթուղիների կառուցման եւ շահագործման համար Հայաստանի տարածքում ստեղծվում է հատուկ «ծածկույթ», որի տարածքի բացառիկ կառավարումը, ըստ էության, 99 տարով հանձնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության վերահսկիչ փայատիրությամբ հիմնադրվելիք «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը»։
Փաստորեն, ամբողջությամբ հաստատվեցին անցյալ տարվա օգոստոսի 8-ի նախորեին «Reuters» գործակալության կողմից տարածված եւ ԱՄՆ Նախագահ Թրամփի բանավոր խոսքում ներկայացված բոլոր այն տեղեկությունները, որոնք բացահայտ հիստերիկ տոնայնությամբ հերքվում էին Հայաստանի իշխանությունների կողմից։ Հիմա արդեն պարզ է, որ իրականում նրանք փորձում էին դոզավորել Հայաստանի համար նվաստացուցիչ գործարքի մասին տեղեկությունները եւ աստիճանաբար, մաս֊մաս մատուցել դրանք մեր հանրությանը, հույս ունենալով, որ այս ընթացքում ուղեղների լվացման պետական քարոզչական մեքենան եւ քաղաքական հակառակորդների դեմ հալածանքները թույլ կտան սանձել դիվանագիտական ձախողումների հետեւանքով հնարավոր ընդվզման ալիքը։
Իսկ հրապարակված փաստաթուղթը կմտնի մեր պետության պատմության մեջ որպես մեր անկախությանն ու ինքնիշխանության թուլացման ամենախայտառակ էջերից մեկը՝ հետեւյալ պատճառներով (ցանկը, բնականաբար, սպառիչ չէ)։
Գործունեության առաջին 49 տարվա ընթացքում «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» 74%֊ը կպատկանի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ միայն 26%՝ Հայաստանին, ինչ նաեւ նշանակում է, որ հենց Ամերիկան կստանա մեր ինքնիշխան տարածքի տրանզիտային շահագործման շահույթի առյուծի բաժինը։ Դրանից հետո եւս 50 տարի Ամերիկան կտիրապետի հսկիչ՝ 51%֊անոց փաթեթին։ Մեր պետությունը պարտավոր էր գոնե պահպանել վերահսկիչ փաթեթը մեր ձեռքում, որ կարողանայինք խոսել ինքնիշխանության պահպանման մասին։
Փաստաթղթի ամենամտահոգիչ դրույթը հնչում է այսպես. «Հայաստանը մտադիր է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը» տրամադրել հետևյալ բացառիկ իրավունքները. պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում (within designated transit routes)»։ Համաձայն այս կետի, ԹՐԻՓՓԻ տարածքում, ոչ ոք՝ ոչ մի այլ ընկերություն կամ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող որեւէ այլ հաղորդակցության ենթակառուցվածք կառուցել։ Այս կետով Հայաստանի կառավարությունն ընդունում է, որ 100 տարի շարունակ իրավունք չի ունենալու, օրինակ, կառուցել Հայաստանն Իրանին կապող, կամ ամգամ, պարզապես՝ Մեղրին Երեւանին կապող երկաթուղի, որովհետեւ Ամերիկայի կառավարությունը կարող է դրան դեմ լինել։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք մեր ձեռքով մեր ինքնիշխանությունը Սյունիքի ռազմավարական տարածքներում հանձնում ենք այլ պետությանը։ Սա պարզապես անընդունելի է եւ պետք վերաբանակցվի ԱՄՆ֊ի հետ։
Շրջանակային համաձայնության մեջ թեեւ կա բաժին Հայաստանի հանձնառությունների մասին, նման բաժինն ի սպառ բացակայում է Ամերիկայի Միացյալ Նահագների պարագայում, ինչով ընգծվում է, որ խոսքը բացառապես Հայաստանի միակողմանի պարտավորությունների մասին է։
Հայաստանի փայաչափի հիմնավորման մասում չգիտես ինչու հայտնվել է «կանխիկ ներդրումներ՝ ըստ անհրաժեշտության» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ անգամ իր խղճուկ 26%-ի փայ ստանալու համար սեփական ինքնիշխան հողատարածքի տրամադրումը բավարար չէ եւ Հայաստանը դեռ պետք է լրացուցիչ կանխիկ ներդրումներ կատարի։
Մյուս խայտառակ դրույթն այն է, որ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը» ծածկույթի տարածքում, ըստ էության, ստանում է հարկահավաքի բացարձակ կարգավիճակ, ինչը կոդավորված է հետեւյալ պարբերության մեջ.
«ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կարող է հավաքել և պահպանել եկամուտներ տարբեր աղբյուրներից, որոնք կներառեն, բայց չեն սահմանափակվի հետևյալով.
ենթակառուցվածքների հասանելիության վճարներ,
տարանցիկ երթուղու շրջանակներում առևտրային գործունեություն,
գույքի վարձակալություն և զարգացում,
ծառայության վճարներ,
հատուկ նշանակության կազմակերպություններից ստացված եկամտի բաժիններ։»
Եւ վերջապես, իրականացված է Իլհամ Ալիեւի գխավոր երազանքը. Ադրբեջանի ուղեւորները եւ բեռնատարները չեն տեսնի «հայի երես», քանի որ նրանց հետ շփվող «ֆրոնտ օֆիսը» կառավարվելու է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» կողմից, մինչդեռ Հայաստանի կառավարության կողմից վերահսկվող «Բեք օֆիսը» ուղղակի ստանակու է տեղեկություններ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունից»։ Ավելին՝ ուղեւորների եւ բեռների ստուգումները իրականացվելու են «ռիսկի վրա հիմնված ընտրողականություն՝ բեռների ժամանակակից ստուգում» սկզբունքով, ինչը նշանակում է, որ լավագույն դեպքում իրականացվելու են ուղեւորների եւ բեռների չնչին տոկոսի ստուգումներ, այն էլ՝ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» կողմից ընտրված դեպքերում։
Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը ողողել է ԱՄՆ֊ի հետ ստորագրած փաստաթուղթը Հայաստանի «ինքնիշխանության» մասին դատարկ հայտարարություններով, փաստացի կարգավորումներով զիջում է այն մեր անկախության եւ ինքնիշխանության համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում, 100 տարով փակելով Հայաստանը Իրանի հետ կապող ենթակառուցվածքների, մասնավորապես, երկաթուղու կառուցումը։
Միակ մեղմացուցիչ համգամանքն այն է, որ ստորագրված փաստաթուղթը որեւէ իրավական պարտավորություն դեռեւս չի առաջացրել։ Հայաստանը պետք է իր առջեւ նպատակ դնի այնպիսի խաղաղության ծրագրի իրականացումը, որը թույլ կտա պահպանել հաղորդակցության ենթակառուցվածքների կառուցման ինքնիշխան իրավունքները։ Որեւէ կառավարություն, որ այլ նպատակներ է հետապնդում, պետք է հեռանա»։

Русский