Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը

Blog Image

MediaHub-ին բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգում, որ բենզինի և հեղուկ գազի գինն օրեցօր էլ ավելի է աճում, և պարզ էլ չէ, թե մինչև ո՞ւր կարող է հասնել գնաճը։

«Բենզինն էլ արդեն 600 դրամ է դարձել, դա կոչվում է թռիչք երկրի վրայով, անգամ տեղ կա՝ 650 դրամ է։ Էկոնոմիկայի նախարար կար, ասում էր՝ հեսա զգալիորեն կնկատեք գնի իջեցում, բայց նկատի ուներ բարձրացումը։ Ու բացի այդ, ինչո՞ւ միայն գինը, բա՞ խաբելը, ինչքան քիչ ենք քշում»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը։

Վարորդների բողոքը միայն բենզինի գնից չէ․ օր օրի թանկանում է նաև հեղուկ գազը։

«Հեղուկ գազի գինը դարձել է 250 դրամ, հեսա տեսնենք՝ ձմեռն ի՞նչ է լինելու, թանկանալու է, հասնի բենզինի գնին, բենզինն էլ՝ էլ ավելի շատ աճի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Նշենք, որ դեռ այս տարվա ապրիլին հեղուկ գազի դեֆիցիտ էր նկատվում, եղածն էլ ավելի թանկ էր վաճառվում: Այդ ժամանակ հեղուկ գազի գինը բավականին արագ էր բարձրանում, և նույն 250 դրամ գնի համար քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում։

Օրինակ՝ այսօր ԱԺ-ում նույնպես քննարկվեց գազի գինը. անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց․ «Վստահեցնում եմ՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններն այնպիսի միջավայրում են, որտեղ կնճռոտ հարցերը կարող են լուծում գտնել»։

Լրագրողների դիտարկմանը՝ այսինքն՝ որ գազը թանկանա, աշխարհի վերջը չի՞ լինի, Սոնա Ղազարյանն արձագանքեց․ «Գազի գնի թանկացումը, Լարսում խնդիրները, մեր ապրանքների արտահանման արգելքը սանկցիաներ են, որոնց գինը մեր ինքնիշխանության պահպանումն է, և կա գին, որը մենք պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ անկախության և ինքնիշխանության։ Հայ ժողովուրդն ունի այն հավաքական իմաստությունը, որով կարողանում է հարցերին մոտենալ։ Իսկ գազի գնի բարձրացման մասին նման բան չգիտեի։ Մենք ամեն բան անելու ենք, որ սպասարկենք ՀՀ շահը։ Մի կենտրոնից կախվածությունն այն ամենամեծ վտանգն է, որի հաղթահարման ուղղությամբ մենք ամեն բան անելու ենք»։

Իսկ ահա մյուս քաղաքացիներն արդեն հուսահատված են ու նշում են, որ ժամանակն է վաճառել գազով կամ բենզինով մեքենաները և էլեկտրամոբիլներ գնել, սակայն մի՞թե այդ ժամանակ հոսանքը չեն թանկացնի։

«Հեղուկ գազը մեքենայի վրա դնելու բա՞ն է, ավելի լավ է ծախենք, էլեկտրական մեքենա առնենք, գնալով թանկանում է, մի օր կարթնանանք՝ բենզին չի լինի, գազ չի լինի, բա հետո՞»,- նեղսրտում են չդադարող գնաճի զոհ դարձած վարորդները։

Send