Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Եթե ցորենը էժանացել է, ինչո՞ւ հացի գինը չի նվազում

Blog Image

Ցորենի գինը նվազում է, բայց հացինը՝ ոչ։ Եթե հացահատիկի շուկայում արձանագրվում է էժանացում, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ դրա ազդեցությունը չի հասնում մինչև սպառողի սեղան։
 
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը բարձրաձայնում է հենց այս հարցը՝ նշելով, որ Հայաստանում ֆուրաժային ցորենի գինը արդեն հասել է մոտ 79 դրամի (ֆուրաժային, կամ կերային հացահատիկը նախատեսված է հիմնականում գյուղատնտեսական կենդանիների և թռչունների կերակրման համար)։ Մնացականյանի խոսքով՝ այս տարի թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում հացահատիկի բերքը բավականին մեծ է եղել։ Միաժամանակ, արտահանման հետ կապված խնդիրները, ըստ պատգամավորի, հանգեցրել են շուկայում գների էական նվազման։ Այս հայտարարությունն էլ իր հերթին նոր հարց է առաջ բերում՝ ցորենի արժեքը վերջնական գնի վրա որքանո՞վ է ազդում, և արդյո՞ք միայն հումքի էժանացումը կարող է բավարար լինել հացի գնի նվազման համար։
 
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ ցորենը դեռ հաց չէ։ Այն նախ պետք է վերածվի ալյուրի, հետո անցնի արտադրական մի շարք փուլերով, իսկ այդ ամբողջ շղթայում յուրաքանչյուր օղակ իր ազդեցությունն ունի վերջնական գնի վրա։ «Ցորենի գինը մասամբ ունի նշանակություն հացի արժեքի վրա, բայց շղթան միայն ցորենի գնով պայմանավորված չէ։ Ըստ էության՝ Ռուսաստանում առկա էժան ցորենի գինը մեզ պետք է անհանգստացնի այլ կոնտեքստում, մասնավորապես, որ մեր տեղական արտադրության ցորենի մթերման գինը կարող է նվազել, ինչը կարող է բերել նրան, որ գյուղացին հայտնվի բարդ իրավիճակում»,- ասաց Պիպոյանը։
 
Այսինքն՝ մի կողմից ցորենի միջազգային գնի նվազումը կարող է դրական թվալ սպառողի տեսանկյունից, մյուս կողմից՝ այն կարող է նոր խնդիր ստեղծել տեղական արտադրողի համար։ Բայց ցորենից մինչև հաց ճանապարհին դեռ մի քանի կարևոր օղակ կա։ «Ինչ վերաբերում է ցորենից դեպի հաց շղթային, ապա այստեղ մի քանի գործոն կա, ու պետք է հասկանալ, որ ցորենը դառնում է ալյուր, և մեզ առաջին հերթին պետք է հետաքրքրի, թե այս շղթայում ինչ է տեղի ունենում։ Նույն տրամաբանությամբ՝ եթե Ռուսաստանում էժանացել է ցորենի գինը, հավանաբար էժանանալու է նաև ալյուրը։ Մենք պետք է հասկանանք, թե տեղական արտադրության ալյուրի հարցը ոնց պետք է լուծենք»,- ասաց Պիպոյանը։
 
Սակայն անգամ ալյուրի հնարավոր էժանացումը դեռ չի նշանակում, որ հացի գինը նույն չափով պետք է նվազի։ Արտադրության մեջ կան աշխատուժի, էներգիայի, տեղափոխման և այլ ծախսեր, որոնք նույնպես ձևավորում են վերջնական գինը։ «Հաջորդը՝ մենք պետք է հասկանանք՝ որքան էլ որ ալյուրը էժանանա, այդուհանդերձ աշխատուժի շուկայում թանկացում կունենանք»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։
 
Ու այստեղ արդեն հարցը միայն հացի գինը չէ։ Հարցն ավելի լայն է. արդյո՞ք շուկայում տեղի ունեցող փոփոխությունները համապատասխան չափով հասնում են սպառողին, և արդյո՞ք դրանց ազդեցությունն ուսումնասիրում են պետական կառավարման մարմինները։ Պիպոյանի խոսքով՝ գնաճի նկատմամբ հասարակությունն այսօր հատկապես զգայուն է։ «Մենք գնաճի նկատմամբ դարձել ենք շատ զգայուն մի քանի պատճառով։ Առաջինը՝ մենք ունեցել ենք աննախադեպ գնաճ, և երկրորդ՝ որքան էլ բոլորը խոսեն լավ կյանքի մասին, ըստ էության շատերի համար այս թանկացումները դարձել են անհաղթահարելի, որովհետև կան ընտանիքներ, որոնց մոտ եկամուտների աճ կա, բայց կան ընտանիքներ, որոնք աղքատության մեջ են»,- նշեց ՀԿ նախագահը։
 
Ուստի, ըստ մասնագետի, մինչև վերջնականապես հացի գնին հասնելը պետք է ուսումնասիրել ամբողջ շղթան՝ որտե՞ղ է ձևավորվում արժեքը, ո՞ր օղակում է առաջանում հավելյալ ծախսը, և արդյո՞ք հնարավոր է այնպես կազմակերպել գործընթացը, որ շուկայի փոփոխությունից շահի ոչ միայն արտադրողը կամ ներմուծողը, այլև քաղաքացին։ Իսկ ո՞վ է այսօր առավել շատ շահում ցորենի էժանացումից՝ սպառո՞ղը, ալյուր արտադրո՞ղը, հաց արտադրո՞ղը, թե՞ ներմուծողը։ Պիպոյանի խոսքով՝ տեսականորեն առաջին շահառուն պետք է լինի հենց սպառողը, եթե էժանացումը հասնի հացի գնին։ Բայց այստեղ էլ, նրա գնահատմամբ, պետք է հաշվի առնել հնարավոր հետևանքները։

«Տեսականորեն կարող է շահել սպառողը, երբ հացի գինը էժանանա։ Բայց այդ նույն ընթացքում հնարավոր է, որ կողքից շատ ավելի խորը տուժողներ լինեն, քան շահողներ։ Բալանս գտնելն է կարևոր, ու մի քանի հոգու շահելու մասին չպետք է մտածել։ Գնի էժանացումը պետք է խորը ուսումնասիրվի, որ հասկանանք՝ ինչպես անենք, որ մենք դրանից դառնանք շահառու, ոչ թե տուժող։ Որովհետև հնարավոր է՝ մենք վատ աշխատենք, ռիսկերը չգնահատենք, շահող չունենանք, բայց բազմաթիվ տուժողներ ունենանք»,- եզրափակեց խոսքը Պիպոյանը։

Ալիտա Եղիազարյան

Send