Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տարածքային կորուստը միայն քարտեզի վրա գծված թիվ չէ․ Ադրբեջանը Սև լճի տարածքից վերահսկում է ամբողջ Սյունիքը

Blog Image

Պատերազմը խաղաղ բնակչության համար սկսվել էր ոչ թե ռազմաճակատի քարտեզի վրա, այլ իրենց աչքի առաջ։ Գորիսի բնակչուհի Արմինեն հիշում է․

«Քույրս Վերիշենում է ապրում, Գորիսին կպած գյուղ է, բայց նրանից ոչ մի լուր չունեինք։ Հրետակոծությունն այնքան ուժեղ էր, որ նկուղներից դուրս գալ հնարավոր չէր, իսկ այնտեղ կապ չկար»,- ասում է մեր զրուցակիցը։

Վերիշենում Դ-30 հրետանային արկը խոցել էր բնակելի մի քանի տուն։ Արմինեի խոսքով՝ տներից մեկը պատկանում էր իր բարեկամ Գուրգեն Հարությունյանին։

«Արկը ճեղքել էր տանիքը, հետո առաստաղը և տան երկու ննջասենյակները բաժանող պատը՝ հասնելով մինչև նկուղային հարկ։ Լավ է, իրենց բան չի պատահել։ Լուսադեմին իրավիճակի կտրուկ սրման պատճառով մենք դուրս եկանք Գորիսից։ Ճանապարհին խցանում էր։ Երբ հասանք Վայք, այնտեղ հասկացա իրավիճակի լրջությունը։ Տեղում պարզվեց, որ տարհանվել են նաև Կապանի, Սիսյանի, Ջերմուկի ու մյուս գյուղերի բնակիչները»,- ասում է Արմինեն։

Ադրբեջանի հարձակման հետևանքով մասնակի կամ ամբողջությամբ վնասվել կամ ավերվել էր 192 բնակելի տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ, 1 կամուրջ և 2 ավտոճանապարհ։ Վնասվել էին նաև էլեկտրական, ջրային և գազային ենթակառուցվածքներ, հարձակման էին ենթարկվել 2 շտապօգնության մեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Հարվածների հետևանքով փակվել էին Ջերմուկ քաղաքի հյուրանոցները, առողջարաններն ու առողջապահական կենտրոնները, իսկ ամբողջ քաղաքը փաստացի ժամանակավորապես դատարկվել էր։

«Այդ օրերին ամենաողբալին պաշտոնական հաղորդագրություններում չէր, ամենածանրը՝ տունը լքելը չէր, այլ համացանցում տարածվող տեսանյութերը, որտեղ ցուցադրվում էին գերեվարված զինծառայողների մահապատժի սարսափելի տեսարանները։ Այդ իրականությունն անտեսել հնարավոր չէ, մանավանդ երբ կադրերում տեսնում ես քեզ ծանոթ մարդկանց։ Ապրում ենք Գորիսում, թվում է՝ ամեն ինչ լավ է, «խաղաղությունը» եկել է, բայց Ադրբեջանը Սև լճի տարածքից վերահսկում է ամբողջ Սյունիքը և չի պատրաստվում դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից»,- ասում է մեր զրուցակիցը։

Սեպտեմբերյան պատերազմից հետո սկզբնական օրերին հայկական կողմը խոսում էր ավելի քան 50 քառ. կմ տարածքի օկուպացիայի մասին, իսկ հետագա պաշտոնական գնահատականներով՝ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հայաստանի ինքնիշխան տարածքը գերազանցում է 150 քառ. կմ-ը։

Հունան Թադևոսյան

Send