Չորս տարի է անցել Ադրբեջան-Հայաստան լայնամասշտաբ պատերազմից։ 2022 թվականի սեպտեմբերի 12 լույս 13-ի գիշերը, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի արևելյան և հարավարևելյան ուղղություններով։ Թիրախում էին ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև խաղաղ բնակավայրերը։ Հարվածներ էին հասցվում Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Սոթքի, Վարդենիսի և մի շարք գյուղերի ուղղությամբ։ Հայաստանի դեմ Ադրբեջանը կիրառել է հրետանի, ականանետեր, խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրթիռային համակարգեր և ԱԹՍ-ներ։ Հարձակման է ենթարկվել 36 բնակավայր։
Ջերմուկի համար հատկապես ծանր էր այն հանգամանքը, որ քաղաքը Հայաստանի խորքում գտնվող առողջարանային քաղաք է, և բնակիչները չէին սպասում, որ պատերազմը կարող է հասնել իրենց քաղաք։ Ջերմուկի բնակիչ Գերասիմը MediaHub-ին պատմում է, որ կեսգիշերին տանն էր, երբ ահավոր պայթյուն լսեց, սկզբում կարծեց, թե քաղաքում հերթական հրավառությունն է։
«Հաշված րոպեների ընթացքում երեխաներիս ու ծնողներիս տեղափոխեցի մեզանից ոչ հեռու առողջարանային համալիրի ապաստարան։ Մարդիկ տարբեր կերպ էին արձագանքում․ ոմանք լացում էին, ոմանք դողում էին պայթյունների ձայնից, իսկ զբոսաշրջիկներից որոշները սկզբում չէին հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։ Բոլորին ապաստարանում տեղավորելուց հետո քաղաքի ջահելներով միացանք քաղաքի ինքնապաշտպանությանը»,- պատմում է մեր զրուցակիցը։
Գիշերային ռմբակոծությունից հետո Ջերմուկի քաղաքային իշխանությունը հրահանգել է խաղաղ բնակչությանը տարհանել։ Գերասիմի խոսքով՝ այնքան հանկարծակի էր ամեն ինչ, որ ոչինչ վերցնել չեն հասցրել։ «Մարդիկ չէին հավաքում ճամպրուկներ, չէին պատրաստվում հեռանալ, տարհանվել են հագի շորերով։ Այնպես չէ, որ քաղաքից դուրս գալը հեշտ էր։ Անգամ մեքենաներն են հայտնվել հրետակոծության տակ։ Մի ջահել տղա կորցրել է մեքենայի կառավարումը, մեքենան ընկել է ձորը, լավ է ինքը ողջ է մնացել»,- պատմում է նա։
Ջերմուկում գրեթե խաղաղ բնակիչ չէր մնացել, ամենուր զինվորականներ էին։ Երբեմնի առողջարանային աշխույժ քաղաքը դատարկվել էր։ «Հաշվի առնելով Ջերմուկի աշխարհագրական դիրքն ու ռազմավարական նշանակությունը՝ հայկական զինուժի հատուկ նշանակության տարբեր ստորաբաժանումներ ու Արցախի հետախույզները միացան քաղաքի պաշտպանությանը։ Ճիշտ է՝ Ադրբեջանը որոշակի առաջընթաց ունեցավ, բայց չհասավ իր նպատակին, քաղաքը չգրավեց»։
Պատերազմը միայն Ջերմուկում չէր։ Սյունիքում հարվածների տակ էին Գորիսը, Կապանը, Սիսիանը և հարակից գյուղերը։
ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 224 զոհ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ։ «Հիմա ո՞վ ա հիշում, որ պատերազմ է եղել։ Մենակ էն մարդիկ, ովքեր կորուստ են ունեցել։ Որտե՞ղ են գրված մեր տղերքի անունները։ Ոչ մի տեղ։ 2022 թվականի պատերազմի պատճառով Ջերմուկի բնակիչների մեծ մասը հեռացավ ու այլևս չվերադարձավ։ Հիմա իրենց տներում բռնի տեղահանված արցախցի ընտանիքներ են ապրում»,- եզրափակեց խոսքը Գերասիմը։
Հունան Թադևոսյան

Русский