Սեպտեմբերի 11-ին սպանություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Ծննդատան փողոց 32 հասցեում։
Պարզվել է, որ ժամը 11։00-ի սահմաններում նշված հասցեում ավտոմեքենայի կայանման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացի 44-ամյա Թովմաս Ղուկասյանի և 26-ամյա Գոռ Հովհաննիսյանի միջև։ Վեճին միջամտել է մյուս հարևանը՝ 77-ամյա Միշա Ղազարյանը, ով ձեռքով հարվածել է Թ. Ղուկասյանին, նրա հորեղբոր որդուն՝ Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ֆրունզե Ղուկասյանին, որից հետո Ծննդատան փողոց 39 հասցեի դիմաց միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել վերջինիս հայրը՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Գարեգին Ղուկասյանը և Մ. Ղազարյանը։
Ժամը 16։00-ի սահմաններում Գ. Ղուկասյանը նշված հասցեի բակում հանդիպելով Մ. Ղազարյանին՝ միջադեպի վերաբերյալ կրկին վիճաբանել են, որի ընթացքում Մ. Ղազարյանը, փեսան՝ Շիրակի մարզի բնակիչ 57-ամյա Սամվել Սիմոնյանը, վերջինիս որդին՝ Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Միշա Սիմոնյանը, ձեռքերով, մետաղյա թասով և մուրճով հարվածներ են հասցրել Գ. Ղուկասյանի գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ընթացքում Գ. Ղուկասյանը ձեռքին եղած ծալովի դանակով հարվածել է Մ. Սիմոնյանին և Ս. Սիմոնյանին, ինչի հետևանքով Մ. Սիմոնյանը մահացած վիճակում, իսկ Ս. Սիմոնյանը և Գ․ Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքով կան ձերբակալվածներ։ «Սպանության, խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է»,- նշեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Մարիաննա Արամյան

Русский