Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտուր․ ի՞նչ է շահելու հայ տնտեսվարողը

Blog Image

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում տնտեսական կարևոր փուլ է արձանագրվել։

Թուրքիան և Հայաստանը փաստացի ավարտել են ուղիղ առևտրի նախապատրաստական աշխատանքները, ինչի արդյունքում երկու երկրների միջև մաքսային առումով առևտուրը դառնում է հնարավոր՝ առանց ապրանքների վերաձևակերպման կամ երրորդ երկրների միջոցով փաստաթղթային փոփոխությունների։

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նոր կարգավորման համաձայն՝ այսուհետ Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագման երկիրը հնարավոր կլինի նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ևս հայտարարել է, որ սա հայ-թուրքական կարգավորման գործընթացի կարևոր քայլ է, և աշխատանքները շարունակվում են նաև սահմանի բացման, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղությամբ։

MediaHub-ի հետ զրույցում տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նշեց, որ այս գործընթացը տնտեսական առումով էական ազդեցություն չի ունենալու Հայաստանի վրա։ «Զրոյական ազդեցություն ունի, որովհետև այն ապրանքային խմբերը, որոնք ներմուծվում էին Հայաստան, միևնույն է, գալիս էին Վրաստանի տարածքով։ Վրաստանում մաքսազերծումն էլ մեծ ծախսեր ու ռիսկեր չի առաջացնում։ Այդ ապրանքները պարզապես որոշակի հավելյալ արժեքով էին հայտնվում Հայաստանում՝ մոտ 8-10% տարբերությամբ։ Առևտրային կամ տնտեսական խոշոր «ռումբ» չի լինելու։ Սա ոչինչ չի տալու, ընդամենը քաղաքական կոմպոնենտ է պարունակում իր մեջ»,- ասաց տնտեսագետը։

Հարցին, թե որ ոլորտները կարող են ամենաշատը շահել այս գործընթացից, Կամենդատյանը պատասխանեց․ «Եթե ապրանքները Վրաստանի տարածքով առանց խոչընդոտի գալիս են Հայաստան, ապա ինչ շահելու կամ տուժելու մասին է խոսքը։ Սա սովորական գործընթաց է և որևէ էական փոփոխություն չի ստեղծելու։ Լավագույն դեպքում պետական բյուջեում 8-10% հավելյալ մուտքերից կարող է լինել աննշան ազդեցություն»։

Տնտեսագետը նաև չի կարծում, որ թուրքական ապրանքները կարող են էապես էժանանալ հայկական շուկայում։ «Վստահ եղեք, որ ոչ։ Մեր շուկան այնքան փոքր է, որ տնտեսվարողները, սպառողական ապրանքներ ներկրելիս, անկախ գնային տատանումներից կամ Թուրքիայում առկա իրավիճակից, Հայաստանում պահելու են բարձր գների մակարդակը և չեն իջեցնելու այն։ Այս ամբողջ «բացառիկ դրամատիկ» պահը պարզապես խաղարկվեց երկու անձի կողմից։ Արարատ Միրզոյանը եկել է, Փաշինյանի ականջին ինչ-որ բան է փսփսում՝ լրիվ կլոունություն»,- ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով նաև տեղական արտադրողների համար հնարավոր ռիսկերին՝ տնտեսագետը նշեց․ «Եթե Թուրքիայից էժան ապրանք է գալիս, դա դեռ չի նշանակում, որ հայկական շուկայում գները կբարձրանան։ Խնդիրը այլ տեղում է»։

«Թուրքիայում պետությունը սուբսիդավորում է ձեռնարկություններին, հատկապես թեթև արդյունաբերության ոլորտում, և այդ իմաստով, որքան թուրքական լիրան արժեզրկվի, նրանց ապրանքներն արտահանման տեսանկյունից դառնալու են ավելի մրցունակ»,- եզրափակեց խոսքը Կամենդատյանը։
 
Ալիտա Եղիազարյան

Send