Օրեր առաջ բացահայտվել էր Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ անձն իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո, տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է զոհին, ապա վրաերթի ենթարկել ու տեսնելով, որ նա մահացել է, դիմել է փախուստի։
Իրավապահները պարզել էին, որ ենթադրյալ սպանություն կատարողը՝ Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն, «Mercedes GLE»-ով եկել է Նուբարաշենի խճուղի, որտեղ տեսել է իր զոհին՝ Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին, իջել է ավտոմեքենայից ու իր մոտ եղած ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոց է արձակել։ Սակայն Գ․ Հախվերդյանը կարողացել է խույս տալ կրակոցներից ու դիմել փախուստի, իսկ Սարգիս Ս․-ն նստել է «Mercedes GLE»-ն, հետապնդել իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկել նրան ու դիմել փախուստի՝ նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատելով անցնել Վրաստան։
Նշենք, որ մայիսի 9-ին առեղծվածային մահվան դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձանց կողմից ժամը 23։50-ի սահմաններում տղամարդու դի էր տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ի՞նչ նորություն կա, արդյո՞ք անձի նկատմամբ քրեական վարույթ կա նախաձեռնված․ MediaHub-ը փորձեց ճշտել Քննչական կոմիտեից. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս կալանավորվել է»։
Նշենք, որ փախուստի դիմածը, մինչ մեկնում էր Վրաստան, հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատված, բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա փորձել է հիվանդանոցից փախնել, սակայն չի ստացվել։
Մարիաննա Արամյան

Русский