Այսօր մենք դասերը կես ժամ կարճ ենք արել, հանուն Փաշինյանի, որ գանք ու մասնակցենք քարոզարշավին, News.am-ի հետ զրույցում ասել է Ծաղկահովիտ համայնքի Բերքառատի դպրոցի ուսուցիչներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է դասաժամի ընթացքում կարողացել մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։
Ու այս ուսուցչի դեպքը միակը չէ. կրթության ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ հանուն Փաշինյանի ոտնահարում են աշակերտների կրթվելու իրավունքը։ Եվ, բնականաբար, պատկան մարմիններից ոչ մի արձագանք չկա. չէ՞ որ բոլորի խոշորացույցի տակ հիմա միայն ընդդիմությունն է, որ շունչն ու արտաշունչն անգամ ձայնագրվում, գաղտնալսվում ու դառնում է քննարկման թեմա։
Իսկ հիմա, երբ խախտվում է օրենսդրությունը, ըստ որի՝ ուսումնական հաստատությունները (դպրոցները) պետք է լինեն ապաքաղաքականացված և չունեն քաղաքական գործընթացներին մասնակցելու, ինչպես նաև քաղաքական քարոզչություն իրականացնելու իրավունք, բոլորը լուռ են։
Չնայած դրան, մենք մեր գործընկերների հրապարակած տեսանյութերը տրամադրեցինք ԿԸՀ-ին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ են նախատեսում անել։
Ի պատասխան մեր հարցի, թե արդյո՞ք սա օրենքի խախտում չէ, հանձնաժողովից պատասխանեցին.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին իրազեկում է՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ։
Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող կարգավորումների շրջանակում»։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը ևս հաղորդագրություն է տարածել՝ նշելով. ««Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով»։
Իհարկե, ողջունելի է, որ ԿԳՄՍ նախարարությունը խոստացել է, որ կուսումնասիրի հանգամանքները, բայց մենք թերհավատ ենք, որ ուսուցիչներն ինքնագործունեությամբ են զբաղվել, ու որևէ մեկը նրանց ուղղակի չի հորդորել դուրս գալ ու դիմավորել երկրի վարչապետին։ Ինչևէ, հագելով անմեղության կանխավարկածը, մենք կսպասենք, թե ինչ քայլեր է անելու նախարարությունը։ Ավելին, մենք սպասելու ենք նաև ՆԳՆ-ի արձագանքին։

Русский