Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Վարագույրի հետևում է ամեն ինչ». Էստուկյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների իրական պատկերի մասին

Blog Image

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ զրույցում MediaHub-ը քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները՝ ընդգրկելով քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային մի շարք զգայուն հարցեր։

Վերջին շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանն ու Անկարան մոտ են գտնվում ուղիղ առևտրի տեխնիկական նախապատրաստական փուլի ավարտին, ինչը կարող է ենթադրել մաքսային որոշ ընթացակարգերի պարզեցում և միջնորդավորված շղթաների կրճատում։ Սակայն Բագրատ Էստուկյանը այս լավատեսական գնահատականներին մոտենում է զգուշավորությամբ՝ ընդգծելով, որ իրական պատկերը դեռ հեռու է հստակությունից։

«Առևտրի մասին ի՞նչ խոսք պետք է լինի, ի՞նչ առևտուր, եթե շրջափակումը պաշտոնապես չի վերացել։ Առևտուր գոյություն չունի, շփում գոյություն չունի, սահմանը փակ է»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ քաղաքական փակուղին շարունակում է մնալ հարաբերությունների հիմնական խոչընդոտը։

Զրույցի ընթացքում նա անդրադարձավ նաև տարածաշրջանային ավելի լայն համատեքստին՝ մասնավորապես Ադրբեջանի գործոնի ազդեցությանը Հայաստան-Թուրքիա հնարավոր մերձեցման վրա։ Էստուկյանի խոսքով՝ գործընթացները հաճախ ընթանում են ոչ բաց և ոչ ամբողջությամբ տեսանելի դաշտում։

«Դա վարագույրի հետևում է, հստակ չենք կարող տեսնել։ Միայն կզգանք այդ փոփոխությունը»,– նշեց Էստուկյանը՝ հավելելով, որ տարածաշրջանային ուժերի դիրքորոշումները հաճախ փոխկապակցված են և դժվար կանխատեսելի։

Խոսելով անվտանգության միջավայրի մասին՝ նա նշեց, որ լայնածավալ պատերազմի վերսկսման հավանականությունը ներկայում ցածր է՝ ընդգծելով, որ դրա համար տեսանելի անմիջական պատճառներ չկան։ «Սա Ադրբեջանի համար շահավետ չէ, կարիք չունի նման բան անելու։ Ես հնարավոր չեմ համարում պատերազմի վերսկսումը, որովհետև պատճառ չկա, Ադրբեջանը ինչ ցանկացել է, ստացել է»,- ասաց Էստուկյանը։

Հարցին՝ արդյոք հնարավոր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում առանց Ադրբեջանի ներգրավվածության, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ընդգծելով իրավիճակի ոչ լիարժեք թափանցիկությունը և նշելով, որ տարածաշրջանային դերակատարները գործում են փոխկապակցված տրամաբանությամբ։

Զրույցում «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն անդրադարձավ նաև ԵՄ քաղաքական հարթակներում տարածաշրջանի ներկայացվածությանը։ Էստուկյանի կարծիքով՝ այն փաստը, որ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի վերջին գագաթնաժողովին նույնպես պետք է դիտարկել ընդհանուր աշխարհաքաղաքական հարաբերությունների համատեքստում։

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ապա Էստուկյանի խոսքով՝ Հայաստանի ընտրական գործընթացների արդյունքը պետք է որոշի բացառապես հայ հասարակությունը՝ առանց արտաքին ազդեցությունների։ «Ընտրության արդյունքը որոշողը Հայաստանի ժողովուրդը պետք է լինի՝ ուրիշ ոչ ոք՝ ո՛չ Պուտինը, ո՛չ Ալիևը, ո՛չ Էրդողանը»,– ընդգծեց նա՝ հավելելով, որ տարբեր միջազգային դերակատարների սպասումները հաճախ չեն համընկնում Հայաստանի ներքաղաքական իրականության հետ։

Ալիտա Եղիազարյան

Send