Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

45 օր մինչև խաղաղությո՞ւն, թե՞՝ մեծ պատերազմ․ տարածաշրջանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ

Blog Image

Մերձավոր Արևելքը կրկին հայտնվել է պատմական լարվածության խաչմերուկում, որտեղ յուրաքանչյուր ժամ բերում է նոր զարգացումներ, իսկ յուրաքանչյուր հայտարարություն կարող է փոխել ողջ տարածաշրջանի ուժերի դասավորությունը։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը դուրս է եկել տեղային սահմաններից և աստիճանաբար վերածվում է բազմաշերտ ճգնաժամի՝ ներառելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե ՛ էներգետիկ գործոններ։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ լայնածավալ գործողութուններ են սկսել՝ ուղղված լիբանանյան Հեզբոլլահի ենթակառուցվածքների դեմ, սակայան այս հարվածները միայն ռազմական օբեյկտների չեն եղել, ավերված շենքերի տակ մնացել են նաև շարքային քաղաքացիներ։ Մինչ ռազմաճակատում իրավիճակը սրվում է, կուլիսներում ընթանում է դիվանագիտական լարված պայքար։ ԱՄՆ-ն, Իրանը և մի շարք տարածաշրջանային միջնորդներ ակտիվ քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավորությունը։ Այս առաջարկը դիտարկվում է ոչ թե որպես վերջնական լուծում, այլ որպես ժամանակավոր «շունչ քաշելու» հնարավորություն՝ բանակցային սեղանին ավելի լայն համաձայնության հասնելու համար։

Նախատեսվող այս հրադադարը, ըստ աղբյուրների, կարող է դառնալ երկաստիճան գործընթացի առաջին փուլը։ Առաջին փուլում կողմերը պետք է դադարեցնեն ակտիվ ռազմական գործողությունները և սկսեն քննարկել վերջնական խաղաղության պայմանները։ Եթե այս փուլը հաջողվի, երկրորդ փուլում կարող է ստորագրվել լայնածավալ համաձայնագիր, որը կավարտի պատերազմը։ Սակայն ճանապարհը դեպի այդ կետ լի է խոչընդոտներով։ Խնդիրների առանցքում գտնվում է Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային էներգետիկ համակարգի կարևորագույն հանգույցներից մեկը։ Նեղուցի բաց կամ փակ լինելը անմիջական ազդեցություն ունի նավթի համաշխարհային շուկաների վրա։ Բացի այդ, բանակցությունների առանցքային թեմաներից է Իրանի բարձր հարստացված ուրանի հարցը, որը շարունակում է մնալ միջազգային մտահոգության գլխավոր աղբյուրներից մեկը։ Վաշինգտոնից հնչող հայտարարությունները իրավիճակին ավելացնում են նոր լարվածություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես գալիս կտրուկ և երբեմն հակասական հայտարարություններով։

Մի կողմից նա խոսում է մոտալուտ համաձայնության մասին՝ նշելով, որ բանակցությունները կարող են ավարտվել արդեն առաջիկա օրերին, մյուս կողմից սպառնում է Իրանի ենթակառուցվածքների դեմ լայնածավալ հարվածներով, եթե Թեհրանը չհամաձայնի բացել նեղուցը։ Այս երկակի հռետորաբանությունը՝ բանակցությունների և ուժի ցուցադրության համադրությունը, բնորոշ է ներկայիս ճգնաժամին։ Այն ստեղծում է իրավիճակ, որտեղ կողմերը միաժամանակ փորձում են և՛ պայմանավորվել, և՛ առավելություն ստանալ հնարավոր ռազմական սցենարի դեպքում։ Թեհրանում արձագանքը նույնպես կոշտ է։ Իրանի քաղաքական և ռազմական շրջանակները ընդգծում են, որ երկիրը պատրաստ է երկարատև դիմակայության։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Իրանն ունի բավարար ռեսուրսներ և ռազմական ներուժ՝ դիամկայելու նույնիսկ տարիներ շարունակվող պատերազմին։ Այս հայտարարությունները ոչ միայն ներքին լսարանի համար են, այլ նաև՝ ուղերձ արտաքին աշխարհին, որ ճնշման միջոցով զիջումներ կորզելը դժվար է լինելու։ 

Այս ամենի արդյունքում տարածաշրջանը հայտնվել է վտանգավոր հավասարակշռության մեջ։ Մի կողմում՝ ակտիվ ռազմական գործողություններ, ավերված քաղաքներ և մարդկային կորուստներ, մյուս կողմում՝ ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, որոնք կարող են փոխել իրավիճակի ընթացքը։ Ամեն մի նոր հարված կամ կոշտ հայտարարություն կարող է խաթարել բանակցային գործընթացը։ Հիմա ամեն ինչ կախված է առաջիկա օրերից։ Եթե կողմերին հաջողվի հասնել թեկուզ ժամանակավոր հրադադարի, դա կարող է դառնալ երկարատև խաղաղության ճանապարհի առաջին քայլը։ Իսկ եթե բանակցությունները ձախողվեն, տարածաշրջանը կարող է ընկղմվել ավելի լայն և կործանարար պատերազմի մեջ, որի հետևանքները կզգացվեն ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև ամբողջ աշխարհում։
 
Ալիտա Եղիազարյան

Send