Այն, որ Հայաստանում սպասրակման ոլորտը դեռ շատ բացեր ու աճելու տեղ ունի, պարզից էլ պարզ է. հաճախ ենք քաղաքացիներից ահազանգեր ստանում ոչ բարեհամբույր սպասարկման դեպքերի, սպառողի իրավունքների ոտնահարման մասին։
Չնայած դրան, մենք երբեմն փոքր-ինչ ուռճացված ենք համարել այն բողոքները, որոնք լսել ենք՝ համարելով, որ մարդիկ պարզապես վիրավորված են դիմում մեզ և լուն ուղտ սարքած են ներկայացնում։ Բայց երեկ հենց ինքներս ականատես եղանք անպատասխանատու ու փնթի աշխատելաոճի, որի պատճառով մեր աշխատակիցներից երկուսը մի ամբողջ օր սոված մնացին։
Գանք սկզբից. երեկ «Յանդեքս» առաքման միջոցով «Լիբանանյան շաուրմայից» ուտելիք էինք պատվիրել. երեք բաժնից երկուսը «Չիկեն նուդլս» աղցան էր. երկու բաժնից էլ տարօրինակ, թթված սննդի հոտ էր գալիս, ուստի նախ որոշեցինք զանգել սննդի կետ և հարցնել, թե ինչ բաղադրություն այն ունի՝ մտածելով, որ գուցե ինչ-որ հավելում կա աղցանում, որի հոտն է ուղղակի տարածվում։ Պարզելուց հետո, որ չկա որևէ բաղադրիչ, որից նման տհաճ հատ կարող էր գալ, տեղեկացրինք, որ սարսափելի թթվածի հոտ է գալիս, մեզ էլ ասացին, որ կապվենք կոնկրետ այն մասնաճյուղ, որտեղից առաքումը եղել է։
«Այս դեպքում խնդիրը «Յանդեքսի» հետ է, եթե նրանց միջոցով եք պատվիրել, ապա նախ իրենց զանգեք, առաքիչի հետ կապվեք»,- ասացին սննդի կետից։
Ապա մենք զանգահարեցինք այն համարով, որից զանգ էինք ստացել պատվերը հաստատելու համար, և մեզ ասացին, որ մեկ ժամից իրենք կմոտեցնեն նույն աղցանից, որը պատվիրել էինք։
Այդ զանգից մոտ երկու ժամ անց կրկին փորձեցինք կապ հաստատել, այս անգամ էլ ասացին, որ ազատ մեքենա չունեն, մեկ ժամ անց կփորձեն առաքել ուտելիքը։
Եվս մեկ ժամ սպասեցինք, ապա նորից զանգեցինք, և այդ անգամ էլ ասացին, որ աղցաններն իրենց մոտ դրված են, կարող ենք մոտենալ ու վերցնել։ Դիտարկմանը, որ իրենք ասել էին, թե առաքելու են, մեր զանգին պատասխանած աղջիկն արձագանքեց, թե հերթափոխ է եղել, ինքը տեղյալ չէ, թե ինչի մասին է խոսքը։
Երբ ներկայացանք, որ լրագրող է խոսողը, որպեսզի հետագայում չստացվի, թե առանց զգուշացնելու ենք ձայնագրել իրենց խոսքը, աշխատակիցը նշեց, որ այդ աղցաններն իրենց սեղանին դրված են, կարող են հենց այդ պահին առաքել։
Մենք էլ տեղեկացրինք, որ սննդի պատվերը եղել է 12.35-ին, և այն մոտեցրել են 13.05-ին։ Դրանից մոտ 7-8 րոպե անց արդեն մենք առաջին զանգն ենք արել ու տեղեկացրել, որ թթված սնունդ են առաքել։ Իսկ ահա 17.30-ին՝ էլի մեր զանգից հետո, մեզ անմեղ տոնով ասել են, որ մեր սնունդը իրենց սեղանին դրված է ու սպասում են, որ գնանք, վերցնենք։ Այսինքն՝ ուղիղ վեց ժամ սննդի կետը սպասեցրել է մեզ, ու եթե չզանգեինք, անգամ կապ չէին հաստատի՝ տեղեկացնելու, որ առաքման խնդիրը չի լուծվել, ստիպված մենք պետք է մոտենանք ու վերցնենք։ Իհարկե, մենք հրաժարվել ենք այդ սննդից. ի՞նչ համ կունենար աղցանը, որը մոտ չորս ժամ սեղանին դրված «սպասում էր», որ հասնի հասցեատիրոջը։
Կարո՞ղ ենք մտահոգություն հայտնել ու կասկած ունենալ, որ առաջին պատվերն էլ այդպես ժամերով սեղանին դրված է եղել, ապա մեզ առաքվել ու հենց այդ պատճառով է թթված վիճակում հասել մեզ, թերևս՝ այո՛, այդ իրավունքը վաստակել ենք։

Русский