Քանի օր է՝ իշխանական վերնախավը լծվել է իրենց հերթական նախընտրական քարոզչությանը՝ դյուրահավատ հայ ժողովրդին ներկայացնելով, թե Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները բարելավելու ուղղությամբ նշանակալի քայլ է արվել․ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ առևտրային սահմանափակումները և եթե նախկինում երրորդ երկրների միջնորդությամբ էին թուրքական ապրանքները ներմուծվում Հայաստան, ապա այժմ այդ երկրների անհրաժեշտությունը չկա, թուրքական ապրանքների վրա այսուհետ նաև որպես արտահանման երկիր նշվելու է Հայաստանը և առևտուրն էլ ուղղակիորեն լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև։ Թե ինչպիսի ձեռքբերում է սա Հայաստանի տնտեսության համար և ընդհանրապես, այն ձեռքբերո՞ւմ է, MediaHub-ը հետաքրքրվեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանից։ Նրա համոզմամբ՝ այդ գործընթացը տնտեսական որևէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի համար և չի ազդի մեր երկրի տնտեսական աճի վրա, որովհետև լոգիստիկ առումով ոչինչ չի փոխվել թուրքական ապրանքների ներմուծման համար։
Ապրանքների ներմուծման հետագիծը նույնն է՝ դրանք Թուրքիայից նորից բերվելու են Վրաստան, այնտեղ մաքսազերծվելու են՝ վրացական սահմանին, այնուհետև Վրաստանից մուտք են գործելու Հայաստան և նորից մաքսազերծվելու են հայ-վրացական սահմանին։
Խոսրով Հարությունյանը բացատրեց, որ եթե նախկինում հայ տնտեսվարողները Վրաստանում գրանցված որևէ ընկերության անունով էին Թուրքիայից ապրանքներն արտահանում Վրաստան, որպեսզի հետո Հայաստան ներկրեն, ապա այժմ միայն դրա անհրաժեշտությունն է վերացել։ Հիմա հայ տնտեսվարողը կարող է ուղղակի իր ընկերության անունով թուրքական ապրանքները բերել մեր երկիր։ Բայց միևնույն է՝ դա անելու է Վրաստանով՝ նախ Վրաստանի ու Թուրքիայի սահմանին ապրանքը մաքսազերծելով։ Հետևաբար ապրանքների գների կամ ներմուծման ծավալի վրա Թուրքիայի այս «մեծահոգությունը» որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ։ Նման բան կարող է լինել, եթե Թուրքիան կատարի իր խոստումը և բացի Հայաստանի հետ անմիջական սահմանը, որով էլ հնարավոր կլինի արդեն ուղիղ ճանապարհով Հայաստան ներմուծել թուրքական ապրանքները։
Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ ՀՀ իշխանությունները մի քանի անգամ բանակցեցին Թուրքիայի իշխանությունների հետ և հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել անմիջական սահմանը բացելու մասին, մի քանի անգամ անոնսավորեցին Մարգարայի սահմանը բացելու պայմանավորվածությունը։ ՀՀ իշխանություններն այդքան շեփորահարեցին այդ հանգամանքը՝ իրենց ամենակարողներ ներկայացնելով, բայց մինչ օրս Թուրքիան փակ է պահում Մարգարայի սահմանը և կարծես չի էլ շտապում այդ քայլին գնալ. «Ճանապարհների ապաշրջափակում, իրապես, կարող էր տնտեսական լուրջ ու դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար։ Իսկ ապրանքների առևտրային սահմանափակումները վերացնելու միջոցով Թուրքիան ընդամենը քաղաքական քայլ է կատարել և փորձում է նախընտրական շրջանում ՀՀ իշխանությունների համար որոշակի բոնուսներ ապահովել, քանի որ քանիցս հայտարարել է, որ ընտրություններում աջակցում է ՔՊ-ին և ցանկություն է հայտնել նրանց նորից տեսնել ՀՀ իշխանությունների կարգավիճակում»։
Այս գործընթացը փաստացի նույնպիսի ազդեցություն կարող է ունենալ, ինչպիսին այլ երկրներից Ադրբեջանի ու Վրաստանի միջոցով ապրանքների ներկրումը։ Լոգիստիկ առումով գրեթե ոչինչ չի փոխվել, քանի որ ապրանքները ոչ թե անմիջականորեն Ադրբեջանի սահմանով են մուտք գործում Հայաստան, այլ նորից Վրաստանի միջոցով, ինչպես նախկինում։ Եվ երրորդ երկրի առկայությունը ազդում է ներմուծվող ապրանքների գների վրա. «Սրանք նախընտրական շոուներ են, որոնք մեզ նյութական առումով ոչինչ չեն տալու և միայն ապահովելու են գործող ռեժիմի PR-ը, նրանց իրենց գովերգելու թեմա են տալու, ինչպես նաև մեծացնելու են թուրքադրբեջանական տանդեմի նախընտրելի իշխանությունների վերընտրվելու հնարավորությունները»։
Այնինչ, քիչ թե շատ խելամիտ մարդը տեսնում, վերլուծում ու հասկանում է, որ իշխող կուսակցության կողմից ներկայացվող բոլոր ձեռքբերումները որևէ դրական ազդեցություն չեն ունենում իրենց կենսամակարդակի վրա, քանի որ իշխանությունների կողմից ներկայացվող ճանապարհների ապաշրջափակումն այդպես էլ գնանկման չի հանգեցնում։ Հակառակը՝ ամսեամիս գնաճը նոր ռեկորդներ է սահմանում՝ դժվարացնելով մարդկանց կյանքը։ Նրանք մի կողմից լսում են, թե իշխանությունները նպաստել են, որ Ադրբեջանը ապաշրջափակի սահմանները, հիմա էլ Թուրքիան է վերացրել երկկողմ առևտրային սահմանները, մյուս կողմից էլ տեսնում են, որ խանութներում սննդամթերքի գինը ավելի ու ավելի է բարձրանում և նրանց ստացած եկամուտները սկսում են չբավարարել պատճաշտ ապրելուն։
Երբ քարոզրաշավի ժամանակ քաղաքացիները հարց են ուղղում վարչապետին անսանձ գնաճի մասին, նա դա պայմանավորում է միջազգային գներով։ Խոսրով Հարությունյանն ասում է, որ անգամ եթե դա այդպես է, քաղաքացին չպետք է համակերպվի այդ իրողության հետ, նրան չի հետաքրքրում, թե ինչով է պայմանավորված գնաճը, պատճառները որոնք են, իշխանություններին նրանք ընտրել են նրա համար, որպեսզի իրենց գոնե միջին կենսամակարդակը կարողանան ապահովել։ Նա հիշեցրեց, որ Փաշինյանն ու իր թիմի անդամները, պարբերաբար անդրադառնալով աղքատության թեմային, հայտարարում են, թե աղքատությունը մարդկանց գլուխներում է, թե իրենք չպետք է մտածեն աղքատների մասին, աղքատներն իրենք պետք է տիրապետեն աղքատ չլինելու հմտություններին և դուրս գան դրա ճիրաններից։
Նախկին վարչապետը վրդովվում է, որ երկրում նաև աղքատությունը վերացնելու համար իշխանություն ստացած ՔՊ-ն նման հանդուգն ու անպատասխանատու հայտարարություններ է անում։ Քանի որ իշխանության գործառույթն է ստեղծել պայմաններ, որպեսզի քաղաքացիները կարողանան հաղթահարել աղքատությունը՝ տարբեր ծրագրերի իրագործմամբ։ Եվ եթե երկրում կան աղքատներ ու աղքատություն, դա իշխանության որակների մասին է խոսում։ Խոսրով Հարությունյանն ասում է, որ աղքատության դեմ միայն թոշակ բարձրացնելով չեն պայքարում, դա համակարգային խնդիր է։ Օրինակ, պետք է երկրում ինդեքսավորվեն թե՛ թոշակները, թե՛ աշխատավարձերը, որպեսզի գնաճը չազդի մարդկանց կյանքի որակի վրա։ Իսկ մեզ մոտ 10 հազարով թոշակները բարձրացրեցին, սակայն դրանից հետո այնպիսի գնաճ եղավ, որ այն ամբողջությամբ խժռեց այդ 10 հազարը։ Ու չնայած իշխանության ներկայացուցիչների պատմած հեքիաթներին՝ թոշակառուները նախկինի պես շարունակելու են նույն սահմանափակումներով ու խնայողություններով ապրել, ինչպես նախկինում։ Այս իշխանությունների բոլոր նախաձեռնությունները այդ իսկ պատճառով պոպուլիստական հայտարարությունների մակարդակից չեն աճում։
Թագուհի Ասլանյան

Русский