Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Ջնջված գրառում, ամերիկյան ժպիտներ՝ Երևանում, «Շեհիդների պուրակ», խարտիա և անվերջ գովք՝ Բաքվում

Վենսը երբևէ Հայաստան այցելած ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր։ 

Հայաստանում նա մնաց 24 ժամ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդես եկավ մամուլի համար համատեղ հայտարարությամբ և ստորագրեց Հայաստանի հետ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագիր, որով Հայաստանը հնարավորություն կստանա Ամերիկայից տեխնոլոգիաներ գնելու։

Վենսը Երևանում խոսեց 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառքի մասին։ 

Սխալ թարգմանության պատճառով հայտարարվեց, թե նա խոստացել է ամերիկյան 9 միլիարդ դոլարի ներդրումներ. դա այդպես չէ։

Խոսքը վերաբերում է հետևյալին՝ մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով:

Կոնկրետ ի՞նչ է գնվելու ԱՄՆ-ից, առքուվաճառքը ե՞րբ է լինելու, ոչինչ հայտնի չէ։ Վենսը նաև խոսեց TRIPP-ի մասին, որ խաղաղության հաստատումով պայմանավորված՝ այն տարածաշրջանում առևտրի, տարանցման, էներգետիկ հոսքերի նոր հնարավորություն է բացելու։ Հայաստանի իշխանությունները խոսում են ԱՄՆ-ի հետ մոդուլային ատոմակայան կառուցելու մասին։ 11 միլիոն դոլարով կարող ենք 15-20 հետախուզական ԱԹՍ գնել, ընդամենը։ 

Հաստատվել է Հայաստան NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակն արտահանելու թույլտվությունը։

ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ Վենսի այցի ամփոփումն ու արդյունքն այսքանն է, բայց նշենք նաև Ծիծեռնակաբերդ նրա ու Ուշա Վենսի այցը։ Վենսի էջում հրապարակված գրառման մեջ նշվել էր, որ փոխնախագահը և ԱՄՆ Երկրորդ տիկինը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

ԱՄՆ փոխնախագահն իր էջում այնուհետև կիսվել է իր խոսնակի հետևյալ գրառմամբ. «Փոխնախագահը և Երկրորդ տիկինը ծաղիկներ են դրել անմար կրակին և գրառում արել հուշամատյանում Հայաստան այցի վերջին օրը»։

Գրառմանը կցվել են նաև լուսանկարներ և հուշամատյանում Վենսի գրառումը։

Այն երկու ժամ անց հեռացվել է։ Միջազգային մամուլի ուշադրությունը հատկապես այս դրվագն է գրավել. CNN, The Associated Press, Reuters, The New York Times, The Washington Times, ՌԲԿ, «Լենտա» լրատվամիջոցներն անդրադարձան Վենսի գրառումը հեռացնելու փաստին։

Վենսի օգնականը, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ առաջին գրառումը հրապարակվել է սխալմամբ, անձնակազմի անդամներից մեկի կողմից, որը Հայաստան չէր էլ եկել։ 

Ո՞րն էր գրառումը հեռացնելու իրական պատճառը։ Ըստ դիվանագիտական պարզ հաշվարկների՝ Թուրքիայի առջև վատամարդ չլինելու զգուշավորությունը, բացի այդ, Վենսը մի քանի ժամից տեսնելու էր Ալևին՝ Էրդողնի կրտսեր եղբորը։

Վենսը նաև բացահայտ աջակցություն հայտնեց Փաշինյանին առաջիկա ընտրություններում ու հայտարարեց, որ համատեղ ջանքերի արդյունքում այնտեղ, որտեղ երկար ժամանակ պատերազմ է եղել, արդեն խաղաղություն է։ 

ԱՄՆ լրատվամիջոցները չեն թաքցրել, որ օգոստոսի 8-ի համաձայնագիրն ամրապնդում է Վաշինգտոնի դիրքերը Հարավային Կովկասում՝ թուլացնելով Ռուսաստանի դիրքերը։ ABC News-ը գրեց, որ TRIPP-ը կկապաի Ադրբեջանը Նախիջևանի հետ, որոնք բաժանված են 42 կիլոմետր հայկական տարածքով։ «Ահա Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի յուրահատուկ վերաբերմունքը, այսպիսի «մանրուք»՝ «հայկական տարածքի մի կտոր»,- գրում է ABC News-ը։

Երևանից մեկնելով Բաքու՝ Վենսը Ալիևի հետ նույնպես հանդես եկավ մամուլի համատեղ հայտարարությամբ ու ստորագրեց Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա, որը հստակ նշում է երկու երկրների միջև էներգետիկական, առևտրի, տարանցման, քաղաքացիական միջուկային էներգիայի, արհեստական բանականության, թվային ենթակառուցվածքների, պաշտպանության և անվտանգության, պաշտպանական արտադրանքի վաճառքի մասին համագործակցության դրույթներ։

Վենսը ջնջել էր քրիստոնյա հայերին ցեղասպանելու իրողությունը վկայող հուշահամալիր իր այցելության մասին գրառումը, թեև մինչ այդ հայտարարել էր, թե Հայաստանը հնագույն քրիստոնյա պետություններից մեկն է, ինքը ևս քրիստոնյա է, գիտե՝ այս երկիրը ինչ է նշանակում ողջ աշխարհի համար։ Բաքվում նա կնոջ հետ այցելել է «Շեհիդների պուրակ», հարգանքի տուրք մատուցել քրիստոնյա հայերին բնաջնջելու ու նրանց երկիրը զավթելու համար սպանված ադրբեջանցիների հիշատակին։

Այսպիսով Վենսը լեգիտիմացրել է Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանցիների պատերազմական հանցագործությունները, ծավալապաշտական քաղաքականությունը, Արցախը էթիկ զտման ենթարկելու ծրագիրը։ Վենսը գովել է ադրբեջանական բանակը՝ այն անվանելով ամերիկյան զորքերի վաղեմի և ամենահավատարիմ դաշնակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send