Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Եթե Զելենսկին հեռանա, պատերազմը կավարտվի՞․ ի՞նչ է սպասվում Ուկրաինային

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ուկրաինայի նոր առաջնորդի անհրաժեշտության մասին կրկին հարցականի տակ են դնում ոչ միայն Վաշինգտոնի և Կիևի հարաբերությունները, այլ նաև պատերազմի դադարեցման իրական հեռանկարները։ Թրամփը պնդում է, որ կողմերը մոտ են պատերազմի կարգավորմանը, միաժամանակ քննադատում Վոլոդիմիր Զելենսկուն, զգուշացնում, որ Կիևը չպետք է հարվածներ հասցնի նավթավերամշակման գործարաններին, և պնդում, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք բանակցությունները շարունակելու համար։
 
Այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան դրական են արձագանքել ԱՄՆ-ի՝ եռակողմ բանակցություններ անցկացնելու առաջարկին։ Կիևը հայտարարել է, որ աջակցում է նախաձեռնությանը և պատրաստ է բանակցային խմբերի մակարդակով հանդիպման։ Մինչդեռ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ կողմերի միջև առկա տարաձայնությունները դեռևս չեն հաղթահարվել։
 
Արդյո՞ք Զելենսկու հեռացման կամ առաջնորդի փոփոխության մասին խոսակցություններն իսկապես կարող են ճանապարհ բացել խաղաղության համար, թե՞ դրանք ավելի խորքային աշխարհաքաղաքական հակասությունների հետևանք են։
 
MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Հակոբ Բադալյանն կարծիք հայտնեց, որ պատերազմի դադարեցումը պայմանավորված չէ միայն Ուկրաինայի առաջնորդի անձով։ Նրա խոսքով՝ վճռորոշ նշանակություն ունեն խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր պայմանավորվածությունները։

 
«Ուկրաինական պատերազմի դադարն առհասարակ կապված չէ նրա հետ, թե ով է Ուկրաինայի առաջնորդը։ Ուկրաինական պատերազմի դադարը պայմանավորված է նրանով, թե ինչ պայմանավորվածությունների կգան ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը։ Ուկրաինայի առաջնորդն այդտեղ լինելու է ստորագրողը, բայց նաև շատ բան կախված է նրանից, թե արդյոք պատրաստ է որևէ առաջնորդ ստորագրել։ Եթե մեծ խաղացողները կարողանան պայմանավորվել, ապա Ուկրաինայում բանակցությունների համար անհրաժեշտ ստորագրողին առաջ կմղեն։ Հիմա, երբ Զելենսկու մասին հայտարարություններ են արվում, դա արվում է ավելի շատ՝ այսպես ասած, արդարացնելու իրենց չպայմանավորվելը»,- նշեց քաղաքագետը։
 
Սակայն նույնիսկ առաջնորդի փոփոխությունը ինքնին չի վերացնի այն հակասությունները, որոնք շարունակում են սնուցել պատերազմը։ Իսկ ինչո՞ւ է Թրամփին անհրաժեշտ պատերազմի դադարը։
 
«Թրամփը մեղադրում է Զելենսկուն, որ չի ստացվում դադարեցնել պատերազմը, քանի որ նա խոստացել էր՝ նախագահ դառնալու դեպքում մեկ օրում կդադարեցնի պատերազմը։ Բայց հասկանում ենք, որ խնդիրները շատ են, և մեծ հարց է՝ Թրամփն ինքը այդքան անմիջական շահագրգռություն ունի՞ դադարեցնել պատերազմը, թե՞ ոչ։ Բայց բոլոր պարագաներում խոսք է տվել և հիմա ինչ-որ կերպ պետք է բացատրի ամերիկացի ընտրողներին, թե ինչու չի ստացվել։ Այդ բացատրության լավագույն ձևը Զելենսկին է։ Նույնը Ռուսաստանի համար․ Զելենսկու ոչ լեգիտիմությունը բավականին օգտակար խաղաքարտ է»,- ասաց Բադալյանը։
 
Զելենսկու շուրջ քաղաքական ճնշումը կարող է ունենալ մի քանի հասցեատեր։ Մի կողմից՝ Թրամփը կարող է փորձել իր նախընտրական խոստումների չկատարման պատասխանատվությունը տեղափոխել Կիևի վրա, մյուս կողմից՝ Մոսկվան կարող է օգտագործել Զելենսկու լեգիտիմության հարցը՝ բանակցային դիրքերն ամրապնդելու համար։ Բադալյանի մեկնաբանմամբ՝ այս հարցը կարող է նաև տեղ ունենալ Բրիտանիայի աշխարհաքաղաքական հաշվարկներում։
 
ԱՄՆ նախագահի հայտարարությունները, թե կողմերը մոտ են պատերազմի կարգավորմանը, կարող են տպավորություն ստեղծել, թե բանակցային գործընթացը վճռորոշ փուլ է մտնում։ Սակայն եռակողմ բանակցությունների հնարավորության մասին հայտարարությունները դեռևս չեն նշանակում, որ կողմերը համաձայնության են եկել պատերազմի ավարտի պայմանների շուրջ։
 
Քաղաքագետի գնահատմամբ՝ խնդիրը շատ ավելի լայն է, քան Ուկրաինայի շուրջ բանակցությունները։ Նրա համոզմամբ՝ պատերազմի հարցը ներառված է միջազգային համակարգի և ուժերի հարաբերակցության շուրջ ավելի մեծ պայքարի մեջ։

«Սեղանի բուն խնդիրը Ուկրաինայի հարցում որևէ բան պայմանավորվելը չէ։ Հարցն ընդհանրապես գլոբալ աշխարհակարգն է, և Ուկրաինան դրված է որպես այդ գլոբալ աշխարհակարգի համար պատերազմի պոլիգոններից մեկը։ Թեմաները շարունակաբար շրջանառվում են Ուկրաինայի շուրջ, իսկ երբ խոսքը գլոբալ աշխարհակարգի մասին է, այնտեղ չափազանց բարդ է համաձայնությունների գալը։ Հետևաբար՝ ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ ուկրաինական հակամարտություն ասվածը կարող է դադարել մոտ ապագայում»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։
 
Ալիտա Եղիազարյան

Send