Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է ընդլայնել և ակտիվացնել զբաղվածության ապահովման պետական ծրագիրը՝ ուղղված մի շարք սոցիալական խմբերի մրցունակության բարձրացմանն ու աշխատանքի տեղավորմանը։
Կառավարության նիստի օրակարգում ներառված «Զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» նախագծի համաձայն՝ պետական աջակցության այս փաթեթը նախատեսված է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ծրագրում արդեն իսկ նկատվում է ակտիվության որոշակի դինամիկա. հուլիսի դրությամբ գրանցվել էր 64 անձ, իսկ հոկտեմբերի տվյալներով ցուցանիշը հասել է 306-ի՝ նախատեսված 679-ից։ Ծրագրի շրջանակում շահառուներին կտրամադրվի մինչև 250,000 դրամ արժողությամբ կրթական էլեկտրոնային վաուչեր, որը կարող է իրացվել միայն մեկ անգամ՝ տրամադրման պահից 6 ամսվա ընթացքում։ Վաուչերը կարող է կիրառվել ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող մասնագիտացված կազմակերպություններում։ Համակարգը գործում է թվային եղանակով՝ QR կոդերի միջոցով, որոնցով կազմակերպությունը նույնականացնում է շահառուին, կնքում ուսուցման պայմանագիր, այնուհետև այն փոխանցում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Դասընթացի հաջող ավարտից հետո համապատասխան վկայականը ինքնաշխատ կերպով հասանելի է դառնում շահառուի անհատական օգտահաշվում։
Բացի այդ, ծրագիրը խթաններ է նախատեսում նաև գործատուների համար, բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների և պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների։ Այն գործատուն, որը ուսուցում անցած և վկայական ստացած անձի հետ նորմալ աշխատաժամանակի ռեժիմով կկնքի աշխատանքային պայմանագիր առնվազն 3 ամիս ժամկետով, կստանա եկամտային հարկի փոխհատուցում՝ աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25,000 դրամը, իսկ 4-6-րդ ամիսների համար՝ 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 50,000 դրամը։ Միաժամանակ, կայուն զբաղվածություն ապահովելու համար շահառուին նախատեսվում է տրամադրել նաև միանվագ աջակցություն՝ 100,000 դրամի չափով, եթե աշխատանքային հարաբերությունները շարունակվեն 3 ամիս, և ևս 200,000 դրամ, եթե դրանք պահպանվեն մինչև 12 ամիս։
Նախագծով սահմանված են նաև աջակցության դադարեցման և ծրագրի կասեցման հստակ դեպքեր։
Մարիաննա Արամյան

Русский