Օրերս հրապարակվեց 2026 թվականի հոկտեմբերի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի չորս անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների կողմից կազմված աղմկահարույց զեկույցը, որը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր տնտեսական և իրավական հետևանքներին և ներկայացնում է ՀՀ-ի՝ միությունից դուրս գալու կամ անդամակցության կասեցման տնտեսական ռիսկերը։
Զեկույցում նաև հնարավոր է համարվում արդեն այս տարվա դեկտեմբերին ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի անդամակցությունն այդ կառույցին՝ նրան զրկելով ԵԱՏՄ անդամակցության բոլոր առավելություններից, այդ թվում մատակարարվող ռուսական գազի արտոնյալ գնից, առևտրային միացյալ շուկայից, արտագնա աշխատանքի համար Միության անդամ պետությունների քաղաքացիների համար ՌԴ-ում գործող պարզեցված կարգից և այլ հնարավորություններից։
Դեռ մայիսին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և մտահոգություն հայտնել Հայաստանի եվրոպական ինտեգրման քայլերի վերաբերյալ։
Հայտարարության բովանդակության համաձայն՝ ԵՄ-ին անդամակցությանը նախապատրաստվելը տնտեսական անվտանգության ռիսկեր է ստեղծում ԵԱՏՄ անդամների համար և հնարավոր չի համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին այն դեպքում, երբ Հայաստանը հստակ քայլեր է նախաձեռնում ԵՄ ինտեգրման ուղղությամբ։ Նախագահները նաև կոչ էին արել Հայաստանում սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։ Փաստացի Հայաստանին դեռ մայիսին հստակ նախազգուշացվել էր, որ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի։
Հանրաքվե անցկացնելու առաջարկ էր արել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել էր, որ ԵԱՏՄ որևէ փաստաթղթով նախատեսված չէ, որ այդ կառույցի անդամ պետությանը կարող են իր կամքին հակառակ հեռացնել այնտեղից, իսկ Հայաստանն էլ դեռևս մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի դեռ ԵՄ ինտեգրման գործընթացը տեսանելի չի դարձել։ Բայց երևում է, որ ԵԱՏՄ առանցքային պետությունները վճռական են տրամադրված Հայաստանի եվրաինտեգրման քայլերի դեմ և չեն հանդուրժում միաժամանակ երկու կառույցների հնարավորություններից օգտվելու փաշինյանական ճարպկությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ մեկ առիթով հայտարարել է, թե ԵԱՏՄ անդամ երկրների փողերով Հայաստանը չի կարող եվրաինտեգրման գործընթաց իրականացնել։
Նկատենք, որ որքան էլ Հայաստանը չքմեղանում է, թե իր համար դեռևս հստակ չէ եվրաինտեգրման գործընթացն ինչպիսի ավարտ կունենա, այդուհանդերձ մասնավորապես Ռուսաստանի համար տեսանելի են Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման քայլերը, ինչը չի կարող չանհանգստացնել տարածաշրջանում հնարավոր ազդեցությունը ձեռքից բաց թողնելու փաստի առաջ կանգնած գերտերությանը։ 2025 թվականին եվրաինտեգրման գործընթացի մեկնարկը տալու մասին օրենքի ընդունումից հետո Հայաստանը լծվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը ԵՄ-ի հետ, Հայաստան-Ադրբեջան սահմանին գործող ԵՄ դիտորդական առաքելությունը վաղուց է ոտքը պնդացրել այստեղ, խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում աջակցությունը և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում Հայաստանին աջակցող նոր առաքելությունը ևս խոսում է Հայաստանի քաղաքական կողմնորոշման կտրուկ շրջադարձի մասին։ ԵՄ-ի վերջերս ընդունած մաքսային արտոնություններ տրամադրելու մասին որոշումը համալրում է ԵՄ մերձեցման ուղղությամբ Հայաստանի քայլերը։
Թեև Հայաստանը միաժամանակ փորձում է դիմադրություն ցույց տալ ԵԱՏՄ կառույցի հնարավորություններից չզրկվելու համար և անգամ վերջերս էլ բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ ռուսաստանյան սահմանափակումների մասին որոշումը, բայց Ռուսաստանի նման գերտերությանը ձեռնոց նետելը փաստացի Հայաստանի համար որևէ լավ բանով չի ավարտվելու՝ որքան էլ Փաշինյանը հանդգնորեն մտածի, թե կարող է իր լծակներն օգտագործել ԵԱՏՄ փողերից չզրկվելու համար։ ԵԱՏՄ պետությունների նախազգուշացումներից հետո մայիսին նա հայտնել էր, թե «Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլ նաև պատրաստվում ենք մեր լծակները և մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար: ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ էլ ենք տեսնում, և էլի ասում եմ՝ մենք առանց նյարդի, գործընկերային հանդարտ աշխատելու ենք և բոլոր հարցերը լուծելու ենք»։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ չի նախատեսում անհապաղ դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարունակելու է եվրոպական ինտեգրումը, քանի դեռ երկու գործընթացները համատեղելի են։
Եվ հիմա այդքան ինքնավստահ Փաշինյանի թեթև ձեռքով բոլորս հայտնվելու ենք փաստի առաջ՝ մի կողմից զրկվելու ենք ԵԱՏՄ անդամակցության արտոնյալ կարգավիճակից, մյուս կողմից հայտնվելու ենք ԵՄ-ին անդամագրվելու անորոշության առաջ։ Եվ նորից ՀՀ իշխանությունների անհեռատես ու անպատասխանատու քայլերի պատճառով տուժելու է Հայաստանի շարքային քաղաքացին իր բարեկեցության, սոցիալական կարգավիճակի հաշվին։ Ինչու ոչ՝ նաև հայ տնտեսվարողները, որոնք արդեն մեկընդմիշտ զրկվելու են ԵԱՏՄ շուկայի ընձեռած հնարավորություններից, ինչի շնորհիվ հատկապես վերջին տարիներին զգալիորեն ավելացրել էին իրենց արտադրական ծավալները՝ շուկայի պահանջարկին համապատասխան և ստացած շահույթը։
Զեկույցում մանրամասնորեն ներկայացվում է, թե ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման դեպքում Հայաստանը ինչ խնդիրների կբախվի։ Նշվում է, որ ռուսական գազի ներկրման տարեկան արժեքը կարող է աճել 69%-ով՝ 389 մլն-ից հասնելով 658 մլն դոլարի։ Կանխատեսումը հիմնված է գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից մինչև 300 դոլար բարձրանալու և մատակարարման ծավալը չփոխվելու ենթադրության վրա։ Զեկույցի կանխատեսումների համաձայն՝ անդամակցության կասեցումը կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի 15,6%, արտահանման 41,6%, ներմուծման 27,1% և սպառման 14,6% անկման, ինչպես նաև գնաճի 14,9 տոկոսային կետով աճի: ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը կարող է նվազել 55,6%-ով։ Կխստացվեն ՀՀ քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանները։ Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների՝ 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետություններում Հայաստանից 126.9 հազար քաղաքացի է մեկնել կառույցի երկրներ արտագնա աշխատանքի և Հայաստան գումար ուղարկել տրանսֆերտների տեսքով։ Զեկույցի հեղինակների կանխատեսումներով՝ ԵԱՏՄ երկրներից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կնվազի՝ 3,95 միլիարդ դոլարից հասնելով 1,85 միլիարդ դոլարի։
Խորհրդարանական ընդդիմության՝ մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ նման հետևանքները կարող են Հայաստանի համար ապոկալիպտիկ ազդեցություն ունենալ։ Մասնավորապես գազի գնի ավելի քան կրկնակի թանկացումը մուլտիպլիկատիվ ազդեցությամբ կազդի ամբողջ տնտեսության վրա՝ անխուսափելի համատարած ու կտրուկ գնաճի հետևանքով ավելի խորացնելով բնակչության սոցիալական խնդիրները և զգալիորեն արժեզրկելով հայկական դրամը։ Անգամ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համար են ԵԱՏՄ զեկույցում ներկայացված հնարավոր ազդեցությունները բացասական հետևանք ունենալու, որքան էլ նա զեկույցում ներկայացված տվյալները 50 տոկոսով ուռճացված համարի։
«Գազի գնի փոփոխությունը կարող է տարբեր աստիճանի ազդեցություն ունենալ՝ մի սցենարում 5 տոկոս, մյուսում՝ 7 և ավելի բարձր։ Նույնիսկ 1 տոկոս թանկացումը խիստ անցանկալի է»,- պարզաբանել է նախարարը լրագրողների հետ զրույցում։
Այնուամենայնիվ, նույնիսկ գազի գնի բարձրացումը, ըստ նախարարի, ՀՀ տնտեսության վրա չի ունենալու այնպիսի հետևանք, որից երկիրը չկարողանա դուրս գալ, այնինչ ԵԱՏՄ երկրների պահանջներին տուրք տալու դեպքում Հայաստանն ավելի թանկ գին է վճարելու․ «Սկզբունքորեն ինձ համար քննարկելի է և նույնիսկ նորմալ է, որ մենք պիտի ամեն ինչի համար վճարենք շուկայական գնով։ Եթե մենք ինչ-որ բանի համար չենք վճարում շուկայական գնով, դրա համար վճարում ենք այլ ինչ-որ ձևով»։
[22.10.2026 14:43] Նարե Գնունի: ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարող է նման հանդուգն տոնով մեկնաբանել զեկույցում Հայաստանին ներկայացված փաստացի սպառնալիքները, քանի որ լավ գիտի՝ իրենց վարչապետը կհոգա, որպեսզի հնարավոր գնաճը որևէ ազդեցություն չունենա պաշտոնյաների, պատգամավորների կենսակերպի վրա՝ բարձրացնելով նրանց աշխատավարձերը և պարգևավճարներ շռայլելով։ Նախարարի նշած թեկուզ 5 տոկոս ազդեցությունը թակելու է բոլորիս դռները և մտնելու է ընտանեկան բյուջե, իսկ գազի գնի թանկացումը այլընտրանքներով խնդիրը չլուծելու դեպքում Հայաստանի ճանապարհը շրջելու է տասնյակ տարիներով հետ՝ դեպի փայտի վառարանների ժամանակաշրջան, որոնց մասին հուշերից այնքան վրդովվել էր ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը, ում ձեռքերը «մացեմածիկայի» ժամերին անգամ վառարանով չէին տաքանում։ Իսկ սոված քաղաքացիներին այլևս չես կարող կերակրել ինքնիշխանության մասին սին լոզունգներով, ինչը այսօր հերթական անգամ արեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով մեզ համար խնդրահարույց զեկույցին։
Նա նորից նշեց, թե ԵԱՏՄ անդամ երկրները կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու իրավական հնարավորություն չունեն։ Միաժամանակ զեկույցում արտացոլված՝ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ժամանակավորապես դադարեցնելու հնարավոր հեռանկարը Փաշինյանի գնահատմամբ Հայաստանի ներքաղաքական վիճակն ապակայունացնելու փորձ է և զուտ քաղաքական ազդեցություն է։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի նկատմամբ կիրառված տնտեսական սահմանափակումները ևս նման նպատակ են հետապնդել, սակայն այդպես էլ չեն հասել այդ նպատակին, որին, ըստ Փաշինյանի, ձգտում են որոշ շրջանակներ Հայաստանում և արտերկրում։ Նրա խոսքով՝ նման փորձեր վերջին երեք տարիներին երկու անգամ եղել են, հիմա էլ նախապատրաստվում է երրորդը։ Որպես առաջին դեպք Փաշինյանը մատնանշել է 2023-ի իրադարձությունները Արցախում՝ պնդելով, որ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում մարդկանց հոսքը դեպի Հայաստան ուղղորդելուն զուգահեռ հնչել են քաղաքական իշխանությունը փոխելու կոչեր։ Երկրորդ դեպքը 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններն էին։ Վարչապետը նաև պնդել է, որ տեղի ունեցողը լայնորեն քննարկվող «գաղտնի պլանի» մաս է։ Նրա գնահատմամբ՝ այդ գործողությունների վերջնական նպատակը Հայաստանին սկզբում փաստացի, ապա նաև իրավական առումով անկախությունից զրկելն է։ «Այստեղ տնտեսական բաղադրիչը չկա, ըստ էության, այստեղ քաղաքական բաղադրիչի հետ գործ ունենք, և նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է և արդյունքում Հայաստանի պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելը»,- ասել է Փաշինյանը։
Ի դեպ, ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետությանը կառույցից հեռացնելու իրավական հիմքերին, անգամ զեկույցում է նշված, որ այդպիսիք չկան, փոխարենը Եվրասիական միջկառավարական խորհրդի չորս անդամ պետությունները Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու համար որպես իրավական հիմք նշել են միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիան, որի համաձայն՝ պայմանագրի կողմերից մեկը, եթե չի կատարում դրանով ստանձնած պարտավորությունները, ապա մյուս կողմն իրավասու է խզելու այդ փաստաթուղթը։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանի գործողությունները հակասում են ԵԱՏՄ պայմանագրի 3-րդ հոդվածով ամրագրված այն պարտավորությանը, ըստ որի՝ անդամ պետությունները պետք է նպաստեն միության գործառույթների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք կարող են վտանգել միության նպատակների իրագործումը։ Զեկույցի հեղինակները հղում են կատարել ԵՄ-ին անդամակցելու մասին ՀՀ խորհրդարանի ընդունած որոշմանը և Եվրամիության հետ սերտացող քաղաքական ու տնտեսական կապերին՝ այդպիսով Հայաստանին անդամազրկելու իրենց հնարավոր քայլի համար արդարացում ներկայացնելով։ Այժմ գնդակը Հայաստանի դաշտում է։ Առջևում մոսկովյան նախանշված Պուտին-Փաշինյան հանդիպումն է, որի ժամանակ էլ Հայաստանի ճակատագիրն ավելի հստակ կուրվագծվի։
Թագուհի Ասլանյան

Русский