Վաղվանից՝ մայիսի 8-ից, պաշտոնապես մեկնարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավը։ Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղուց էր սկսել մարզային ու համայնքային այցերը՝ բնակիչների հետ հանդիպումների միջոցով ներկայացնելով սեփական քաղաքական օրակարգը, այդ ամենը ներկայացվում էր որպես «կուսակցական հանդիպումներ»։ Այսպիսով, պաշտոնապես քարոզարշավը մեկնարկում է հենց վաղվանից նաև ՔՊ-ի համար։
MediaHub-ը հետաքրքրվել է ընտրապայքարին մասնակցող ուժերից, թե ինչ ձևաչափով են սկսելու քարոզարշավը, ինչ անակնկալներ են նախատեսել և ինչ ակնկալիքներ ունեն առաջիկա մեկ ամսից։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավորության թեկնածու Մարիաննա Ղահրամանյանի փոխանցմամբ՝ իրենց քարոզարշավը կմեկնարկի վաղը՝ առավոտյան ժամը 10։00-ին Ազգային ժողովի մոտ նախատեսված իրազեկման միջոցառումով։ Երեկոյան՝ ժամը 19։00-ին, կուսակցության համակիրները կհավաքվեն «Հաղթանակ» զբոսայգում՝ Մայր Հայաստանի հուշարձանի մոտ, որտեղ խորհրդանշական կերպով կհայտարարվի «ապագա հաղթանակների և փոփոխությունների մեկնարկը»։ Այդ հարթակից կհնչի նաև Սամվել Կարապետյանի առաջին ուղերձը։
Ղահրամանյանը խոստացավ, որ քարոզարշավի մեկնարկին անակնկալներ են լինելու, սակայն մանրամասներ չբացահայտեց։ Նրա խոսքով՝ ակնկալում են լայն հանրային ներգրավվածություն։
Անդրադառնալով հարցին, թե տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն ինչ ձևաչափով է մասնակցելու քարոզարշավին՝ նա նշեց, որ քաղաքական ուժը գործում է անհավասար պայմաններում, քանի որ առաջնորդը գտնվում է տնային կալանքի տակ։ Միաժամանակ վստահեցրեց, որ դա չի խոչընդոտելու քարոզարշավի արդյունավետությանը։ «Սամվել Կարապետյանն իր առանձնատանը ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր խմբերի հետ։ Հանդիպել է երիտասարդների, Արարատի և Արմավիրի բնակիչների հետ, շփվում է նաև լրատվամիջոցների հետ։ Իշխանությունների փորձերը՝ սահմանափակելու նրա քաղաքական ակտիվությունը, չեն հաջողվելու»,- ասել է նա։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը քարոզարշավի մեկնարկի համար առանձնահատուկ միջոցառումներ չի նախատեսել։ Կուսակցության անդամ, պատգամավորության թեկնածու Հակոբ Կարապետյանի խոսքով՝ քարոզարշավի մեկնարկի պաշտոնական օրը մեծ հաշվով պայմանական է, քանի որ քաղաքական ուժերն արդեն վաղուց ակտիվ գործունեություն են ծավալում՝ հատկապես սոցիալական մեդիայի միջոցով։ «Այսօր տեղեկատվության հիմնական հարթակը սոցիալական ցանցերն են, և շատ ուժեր վաղուց են սկսել քարոզարշավը։ Մենք ևս արդեն ակտիվ ենք եղել Հայկ Մարությանի հոլովակներով, հարցազրույցներով, համակիրների հետ հանդիպումներով»,- նշեց նա՝ հավելելով, որ նույն ձևաչափով շարունակելու են նաև առաջիկա օրերին՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում։
«Հայ ազգային կոնգրես»-ը վաղվա համար առանձին միջոցառում չի նախատեսել։ Կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի խոսքով՝ իրենց քարոզարշավը մեկնարկում է այսօր՝ նախընտրական ծրագրի ներկայացմամբ։
Իսկ «Հայաստան» դաշինքը քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կտա մայիսի 8-ին՝ երեկոյան ժամը 18։00-ին, Էջմիածնի Անմար կրակի հրապարակում նախատեսված հանրահավաքով։ Այս մասին մեզ հետ զրույցում հայնտեց դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։
Չնայած այն հանգամանքին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ ավելի քան մեկ ամիս առաջ էր փաստացի սկսել նախընտրական քարոզարշավը՝ որոշ դեպքերում օգտագործելով նաև վարչական ռեսուրսը, պաշտոնապես հայտարարել է, որ քարոզարշավի մեկնարկը կտա միայն վաղվանից՝ Սյունիքի մարզից։ Մայիսի 8-ին ՔՊ ներկայացուցիչները հանդիպումներ կունենան Գորայք, Անգեղակոթ, Բռնակոթ, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ և Շինուհայր բնակավայրերում։ Քարոզարշավը Սյունիքում կշարունակվի նաև մայիսի 9-ին, այդ օրը Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում նախատեսվում է մեծ հավաք։
Նշենք նաև, որ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն ու մի շարք նախարարներ ակտիվ մասնակցություն են ունենալու քարոզարշավին, ինչի պատճառով մեկ ամսով արձակուրդ են վերցնում։
Թագուհի Ասլանյան

Русский