Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Եկեղեցուն դեմ գնալով՝ խարխլում է նաև իրավական պետության հիմքը

Blog Image

Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի իշխանության գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ այլևս դժվար է դիտարկել որպես պարզապես քաղաքական քննադատություն։ Դրանք աստիճանաբար վերածվել են համակարգված արշավի, որը, գործող Սահմանադրության պայմաններում, ունի ակնհայտ հակասահմանադրական բնույթ։

ՀՀ գործող Սահմանադրությունը ոչ միայն ամրագրում է պետության և եկեղեցու բաժանման սկզբունքը, այլև հատուկ կարգավիճակ է վերապահում Հայ Առաքելական Եկեղեցուն՝ որպես ազգային ինքնության և պատմական շարունակականության հիմնասյուն։ Սակայն գործադիր իշխանության ղեկավարը, ըստ քննադատների, փաստացի անտեսում է այդ սահմանադրական սահմանափակումները՝ հրապարակային հռետորաբանությամբ և քաղաքական ճնշմամբ փորձելով միջամտել եկեղեցու ներքին կյանքին։

Իրավաբանների մի մասի համոզմամբ՝ նման վարքագիծը ոչ միայն վերազանցում է վարչապետի լիազորությունները, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ պետական իշխանությունը դարձնելով գաղափարական վերահսկողության գործիք։ Երբ գործադիր իշխանությունը իրեն իրավունք է վերապահում թիրախավորել հոգևոր ինստիտուտը, խախտվում է սահմանադրական հավասարակշռությունը և խարխլվում իրավական պետության հիմքը։

Ավելին, ընդդիմադիր ուժերի գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունը գիտակցում է, որ գործող Սահմանադրությունը խոչընդոտ է իր այս քաղաքականության համար։ Այդ պատճառով էլ օրակարգ բերված նոր սահմանադրության գաղափարի միջոցով փորձ է արվելու «օրինականացնել» այն, ինչ այսօր ակնհայտորեն դուրս է իրավական դաշտից։ Քննադատների խոսքով՝ սա դասական մեխանիզմ է՝ նախ խախտել օրենքը, ապա փոխել այն։

Ընդդիմությունը այս գործընթացը դիտարկում է նաև արտաքին շահերի համատեքստում։ Նրանց պնդմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակազրկումը ներսից ուղիղ համընկնում է Ադրբեջանի ռազմավարական նպատակների հետ։ Գաղտնիք չէ, որ մեր «կառուցողական հարևանը» տարիներ շարունակ պայքար է մղում հայկական ինքնության ինստիտուցիոնալ հենասյուների դեմ։ Այս տեսանկյունից, եկեղեցու դեմ արշավը դիտարկվում է ոչ թե ինքնուրույն քաղաքական որոշում, այլ քայլ, որը կամա թե ակամա սպասարկում է թշնամական օրակարգ։

Իշխանության հավաստիացումները, թե սահմանադրական փոփոխությունները միտված են «ժողովրդավարության զարգացմանը», քննադատների համար համոզիչ չեն։ Նրանք ընդգծում են, որ ժողովրդավարությունը չի սկսվում ազգային ինստիտուտների թուլացումից և չի կառուցվում հասարակության խոր պառակտման հաշվին։ Ընդհակառակը՝ նման քայլերը վտանգում են պետականության հիմքերը և հասարակական վստահությունը։

Այսպիսով, եկեղեցու դեմ իշխանության վարած քաղաքականությունը, ըստ ընդդիմության և անկախ փորձագետների, վերածվել է ոչ միայն սահմանադրական կարգի խախտման, այլև վտանգավոր փորձի՝ վերաձևելու Սահմանադրությունը հարմարեցնելով գործող իշխանության քաղաքական շահերին։ Հարցը այլևս ոչ թե եկեղեցու, այլ պետության ապագայի մասին է։

Նարե Գնունի

Send