«Ուրախությանս չափ չկար, երբ կարդացի՝ Բաքվից հայ գերիների վերադարձի լուրը։ Շունչս կտրվում էր, մի քանի անգամ կարդացել եմ, որ գուցե տղայիս անունը բա՞ց եմ թողել»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Բաքվում պահվող հայ ռազմագերիներից մեկի մայրը։
Նրա խոսքով՝ իր որդին կռվել է աշխարհազոր ուժերում, կռվել է իր հայրենիքի պաշտպանության համար, ինչպես բոլորը։ Բայց ճակատագրի հեգնանքով՝ ինքն ու ընկերներն են հայտնվել Բաքվի բանտում։
«Ես անչափ ուրախ եմ Բաքվից վերադարձած ու իրենց ընտանիքներին միացած Վագիֆի, Վիգենի, Դավիթի ու Գևորգի համար։ Մեծ հույս ունեմ, որ մի օր էլ կկարդամ որդուս ու մյուս գերիների վերադարձի լուրը»,- ասաց նա։
Չորեքշաբթի օրերին ռազմագերիները հեռախոսազանգի միջոցով կապ են հաստատում իրենց ընտանիքների հետ։ Բաքուն դեռ չի խախտել այս մարդասիրական քայլը։ Սակայն, մեր զրուցակցի խոսքով՝ իրենք տեղյակ չեն հեռախոսաձայնից այն կողմ ինչ է կատարվում։
«Տղաս ասում է, որ լավ ենք, բայց ես տեսնում եմ իրենց հրապարակած լուսանկարները, հասկանում, որ ամեն ինչ այդքան էլ լավ չի։ Կան թեմաներ, որոնց մասին հարցեր չենք տալիս, ամեն ինչ վերհասկվում է։ Բայց էլի գոհ եմ, որ տղայիս ձայնը լսում եմ։ Նայում եմ դատավարության նկարներին, ջահել մարդիկ են, ծերացած դեմքերով, հյուծված մարմիններով»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց հայ ռազմագերիներից մեկի մայրը։
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք հանդիպել են Բաքվից արդեն վերադարձածներին, իրենց հարազատների մասին հավաստի նորություններ իմանալու համար, կինն ասաց, որ առայժմ ո՛չ։
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ընտրել են խաղաղության ճանապարհը, ապա թող բոլոր գերեվարված մեր հայրենակիցները վերադառնան։ Հնարավորություն ստեղծվի դեռևս անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների որոնումները վերսկսելու համար։ Ամեն օր աղոթում եմ։ Աստված մեծ ա»,- հավելեց կինը։

Русский