ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողնում թմբկահարել Հայաստանի և Ադրբեջանի միջև «հաստատված» խաղաղության մասին։
Հատկապես 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո դրանք դարձել են իշխանամերձ լրատվականների թոփ թեմաները։ Խոսքը սակայն, նախաստորագրված փաստաթղթի մասին է, որի բովանդակությունը հայտնի է միայն իրենց։ Իսկ ի՞նչ են մտածում Հայաստանի բնակիչները, արդյո՞ք հավատում են խաղաղությանը։ MediaHub-ը զրուցել է քաղաքացիների հետ։
«Դպրոցի բակում երեխա սպանողից խաղաղություն չեն մուրում։ Իրենց տան մեջ սպանված տարեցների, երեխաների ու անմեղ քաղաքացիների հոգիները պետք է փրկենք մեր վերաբերմունքով։ Մենք ազգից վերածվել ենք հիշողություն չունեցող ժողովրդի։ Ես դեմ չեմ խաղաղությանը, թող լինի, բայց այսքան նվաստացուցիչ խաղաղությունն ու՞մ է պետք»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Արշալույս Գալստյանը։
Մեր զրուցակիցը զուգահեռներ է անցկացնում 2020 թվականից հետո ստեղծված իրավիճակի, Հայաստանի օկուպացված տարածքների, հայ զինվորների, այդ թվում՝ կին զինծառայողների խոշտանգումների, Արցախի կորստի, արցախահայերի բռնի տեղահանման ու ՀՀ իշխանությունների ապիկար քաղաքականության վերաբերյալ։
«Իշխանությունը, որ հիմա բարենորոգումների քողի տակ փորձում է խարխլել եկեղեցու հիմքերը, անհանդուրժողականություն ու խռովություն է հրահրել ժողովրդի մեջ, հնարավոր չէ խաղաղություն բերել։ Նիկոլ Փաշինյանը, որին ժամանակին նաև ես եմ սատարել, հիմա հայտարարում եմ․ նա Հայաստանի վարչապետը չէ, նա ուղղակի Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցիչն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Էմմա Մարտիրոսյան

Русский