Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Հեռու չեն ժամանակները, երբ Նիկոլ Փաշինյանը «ժողովրդի պահանջով» Հանրապետության հրապարակում մահապատիժներ կիրականացնի

Blog Image

Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին ձեռքն է առել իր մուրճը, որով սպառնում է բանտարկել ընդդիմության ներկայացուցիչներին, սակայն իր սովորության համաձայն, իր քաղաքական վրեժխնդրությունը ցանկանում է հերթական անգամ «գցել ժողովրդի» գրպանը, ինչպես դա արեց Արցախի հանձնման, 2021 թվականի իր խոստումները դրժելու ու մնացյալ դեպքերում։

«Ինձ մանդատ տվեք ու նրանք տասնյակ տարիներ կանցկացնեն բանտերում»,- ահա նման կոչով է սկսել հանդես գալ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, եթե նրան հաջողվի վերարտադրվել, այդուհետ նրա կողմից իրականացվող բոլոր քաղաքական բռնաճնշումները, շինծու մեղադրանքներն ու կալանավորումները ներկայացվելու են որպես «ժողովրդի պահանջ», «մանդատի իրացում» և այլն։ Ժողովուրդը իր կամքից անկախ դառնալու է «համահեղինակ» այն բռնապետության վերջնական հաստատմանը, որին ձգտում է Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքական առումով սա խիստ բնորոշ է Նիկոլ Փաշինյանին, քանի որ ինչպես ասում են. «Կարմիր կովը կաշին չի փոխում»։ Սակայն իրավական առումով նոնսենս է, որին պետք է արձագանքեն իրավապաշտպան կառույցները ու երկրի իրավական համակարգը, եթե այդպիսին ընդհանրապես մնացել է։

Ցանկացած իրավական երկրում մարդը քրեական պատասխանատվության է ենթարկվում ու բանտում տարիներ անցկացնում կոնկրետ հանցանքի ու դրա ապացուցման պարագայում, այլ ոչ իշխող ուժի վերարտադրման դեպքում։ Եթե մարդիկ կատարել են հստակ հանցանք, ապա կապ չունի, Նիկոլ Փաշինյանը կստանա՞ այդքան փափագած մանդատը, թե՝ ոչ, իրավական համակարգը պետք է գործի քաղաքական գործընթացներից դուրս։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը սպասում է իրավական գործընթացներ սկսել միայն իր վերարտադրվելուց հետո, դա նշանակում է, որ կատարված հսկակ հանցանք գոյություն չունի, այլ մարդիկ, որոնք «դուրս են եկել Փաշինյանի» դեմ, պարզապես պատժվելու են։

Նման ընթացքով հեռու չեն ժամանակները, որ Նիկոլ Փաշինյանը կարող է Հանրապետության հրապարակաում գլխատել մարդկանց կամ կախաղան հանել, իհարկե «ժողովրդի» պահանջով ու «օրինական մանդատի» շրջանակներում։

Այստեղ անելիք ունեն նաև արևմտյան միջազգային կառույցները, որոնք իրենց պաշտպանության տակ են առել Նիկոլ Փաշինյանին։ Արևմուտքի համար քաղաքացիական ու իրավական հասարակությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը բացարձակ արժեք են։ Ըստ այդմ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով Արևմուտքին նույնպես կանգնեցնում է դժվարին իրավիճակի առաջ։ Վերջիններս կա՛մ պետք է խոստովանեն, որ Հայաստանում իրավական համակարգը ծառայեցվում է քաղաքական գործընթացներին, դրանով իսկ հարվածելով Նիկոլ Փաշինյանին, կա՛մ խոստովանեն, որ իրենց համար իրենց իսկ կողմից հռչակված արժեքները երկրորդական են, երբ բախվում են քաղաքական շահին, իսկ դրանով հարվածելու են իրենք իրենց։

Կարեն Կարապետյան

Send