Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Եթե Փաշինյանը հերքում է այն, որ 300 հազար ադրբեջանցի կազմելու են մեծ շարասյուն ու պարեկների ուղեկցությամբ գան Հայաստան, գուցե ճիշտ է

Blog Image

Երբ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը համառորեն հերքում է շուրջ 300 հազար ադրբեջանցիների հնարավոր «վերադարձը», ամենայն հավանականությամբ մոռացել է վերջերս հրապարակված ՀՀ արտաքին հետախուզության զեկույցը, ըստ որի, Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագրից» հետո պաշտոնական Բաքուն ոչ միայն չի նվազեցրել «արևմտյան Ադրբեջան» ու «ադրբեջանցիների վերադարձ» խոսույթը, այլ ավելի գործնական քայլերի է այն բերել։ Ավելին, հենց այդ համատեքստում, ըստ զեկույցի, պաշտոնական Բաքուն ավելացրել է երկրի ռազմական բյուջեն ու շատ հաճախ բանակի վրա արվող ծախսերը կատարվում են մյուս ոլորտների հաշվին։ Այսինքն, Ադրբեջանն ամենևին չի հրաժարվել իր զավթողական քաղաքականությունից, պարզապես Նիկոլ Փաշինյանից լավ գործընկեր նա չի կարող գտնել Հայաստանում, ըստ այդմ էլ, այսօրվա «խաղաղությունը» ոչ թե իրական խաղաղություն է, երբ կողմերը հրաժարվում են հետագա պահանջներից, այլ ունի սոսկ նախընտրական բնույթ։

Մի շարք առիթներով ասել եմ, որ իրական խաղաղությունը ոչ թե նա է, երբ լռում են զենքերը, այլ նա, երբ դադարում են ներկայացված պահանջները։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Թուրքիայից բազմիցս հնչում էին գնահատականներ, որ «հիմարություն էր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելը, որովհետև եթե չլիներ այդ պատերազմը, մենք խաղաղ եղանակով կվերցնեինք ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը»։ Նույն մոտեցումը գեներացվեց Ադրբեջանի կողմից արդեն 44-օրյա պատերազմից հետո. «Արցախ գնացինք տանկերով, իսկ Հայաստան կգնանք մեքենաներով»։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի համառ հերքումները վտանգավոր են, քանի որ իր պաշտոնավարման ընթացքում որքան համառորեն է նա հերքել այս կամ այն ահազանգը, այդքան ժամանակի ընթացքում դրանք իրականություն են դարձել ու մենք կանգնել ենք փաստի առաջ։ Ներկայումս «ադրբեջանցիների վերադարձի» հետ կապված Նիկոլ Փաշինյանի հերքումներն ունեն նույն մանիպուլյատիվ բնույթը, որոնք ունեին Կիրանցի կամ միջանցքի հետ կապված։ Նա փորձում է ստեղծել պատրանք, որ իբր մարդիկ «ադրբեջանցիների վերադարձ» ասելով հասկանում են, որ 300 հազար ադրբեջանցի հավաքվելու են, կազմեն մի հսկայական շարասյուն ու պարեկների ուղեկցությամբ, ճանապարհները փակելով մտնեն Հայաստան։ Իհարկե այդպես չի լինելու ու եթե դա է հերքում Նիկոլ Փաշինյանը, ապա միանգամայն «իրավացի» է։

Սակայն ադրբեջանցիները վերադառնալու են մաս-մաս, «խաղաղության դարաշրջանի» համատեքստում ու ինչպես միջանցքի պարագայում, երբ մենք ասում ենք TRIPP, իսկ Ադրբեջանը՝ «Զանգեզուրի միջանցք», այդպես էլ այս դեպքում, մենք դա կանվանենք «վերադարձ իրենց հայրական տներ, որոնք լքել են 88-89 թվականներին», իսկ Ադրբեջանը՝ «վերադարձ պատմական Ադրբեջան»։

Եկեք հիշենք ոչ վաղ անցյալում ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, որ խաղաղությունից հետո հայերն էլ կարող են վերադառնալ ադրբեջանական մյուս տարածքներ՝ Բաքու կամ Սումգայիթ։ Կգտնվի՞ գեթ մեկ հայ ով կգնա ապրելու Բաքվում միայն այն պատճառով, որ իր պապն ապրել է այնտեղ, իհարկե ոչ, իսկ կգտնվե՞ն 300 հազար ադրբեջանցիներ, որոնք կպարզվի գիշերները «երազում տեսնում ենք իրենց պապական տները», իհարկե այո՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ քանի ինքը իշխանության է, որևէ վերադարձի իրավունք չի գործելու, իսկ Ալիևը «ադրբեջանցիների վերադարձը» հռչակել է պետական քաղաքականություն։ Ահա հենց այդպես էլ կիրականանա «Ադրբեջանցիների վերադարձը», չէ որ մենք արդեն ապրելու ենք «խաղաղության» պայմաններում ու ոչ մի հիմնավորում չի լինելու նրանց գալը կանխելու համար, իսկ թե ի՞նչ ողբերգական հետևանքներ կունենա այդ «վերադարձ» կոչվածը, դժվար չէ պատկերացնելը։

Բացի այդ, երբ Ալիևը որևէ հերքելու կամ հաստատելու բան է ունենում, նա ուղիղ դիմում է Նիկոլ Փաշինյանին ու ձեռքը խփում սեղանին, իսկ Նիկոլ Փաշինյանը «ադրբեջանցիների վերադարձը» կես բերան հերքում է միայն ներքին լսարանի համար ու ներքաղաքական նպատակներով, երբևէ նա դիմե՞լ է Ալևին ու ձեռքը խփե՞լ է սեղանին։ Ինչպես Ալևին էր ասում. «Փաշինյա՛ն, մոռացիր Ղարաբաղի կարգավիճակի մասին, ոչ մի կարգավիճակ չի լինելու», Փաշինյանը նույն հանդգնությամբ ասե՞լ է. «Ալիև՛, մոռացիր 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, որևէ վերադարձ չի լինելու»։ Ասե՞լ է, իհարկե ոչ, հետևաբար որքան էլ նա իրեն պատեպատ տա ու փորձի կորզել սեփական ընտրազանգվածի ծափահարությունները, ցավալիորեն պետք է փաստենք, որ այդ «վերադարձը» սարերի ետևում չէ։

Կարեն Կարապետյան

Send