Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Երեկվա բանավեճից ընտրողը պետք է ընտրություն կատարի «արա»-ի ու «այ տղա»-ի միջև

Blog Image

Սովորաբար ամենուր նախընտրական բանավեճերն անցնում են սուր, հատկապես, երբ դրան մասնակցում են ընտրություններին հայտ ներկայացրած բոլոր ուժերը։ Նման բանավեճերի ժամանակ կարող են իրար վրա գոռալ, իրար վիրավորել, սպառնալ, մատ թափ տալ և այլն։ Սակայն այդ ամենը կազմում է բանավեճի 30 տոկոսը, մնացյալում մարդիկ ականատես են լինում գաղափարների, ծրագրերի ու մոտեցումների ներկայացմանը։

Իսկ Հանրային հեռուստաընկերության երեկվա բանավեճում գաղափարների մատուցումը կազմում էր նույնիսկ 30 տոկոսից էլ պակաս, մնացյալն անհոդաբաշխ բղավոցներ էին, արա, այ տղա լեքսիկոնի շրջանակում։ Ու նման պայմաններում ի՞նչ պետք է հասկանար ընտրողը, ո՞նց կարող էր որոշել, թե ում տա նախապատվությունը։ Եթե միակ ցուցիչը բղավոցների բարձրությունն ու մատը թափ տալու ինտենսիվությունն էր, ապա ամենայն հավանականությամբ ՀՀ հաջորդ վարչապետը կլինի Հմայակ Հովհաննիսյանը, քանի որ որքանով ես եմ հասցրել հետևել այդ «բանավեճին», նա գոռացողների առաջամարտիկներից էր։

Իհարկե մեծամասամբ, հատկապես մեր նման երկրներում, որտեղ ժողովրդավարություն կոչեցյալը սոսկ թղթի վրա է, որևէ բանավեճ, հարցազրույց կամ ասուլիս առանձնապես դեր չի խաղում ընտրողի մոտ։ Հավանաբար չի գրանցվել դեպք, երբ ընդդիմադիր հայացքներով ընտրողը բանավեճից հետո մտքափոխվի ու իր ձայնը տա իշխանությանը կամ հակառակը։ Բոլորը ընտրություններից դեռևս շատ առաջ հստակ կողմնորոշված են ու նման կարգի միջոցառումները չեն կարող փոխել մարդու քաղաքական հայացքները։

Երբ ասում են չկողմնորոշված շերտը մեծ տոկոս է կազմում, իրականում ճիշտ են, սակայն կա որոշակի թյուրըմբռնում։ Չկողմնորոշվածությունը չի կայանում իշխանություն, թե՞ ընդդիմություն ընտրության մեջ, որովհետև նման չկողմնորոշված մարդ չկա։ Չկողմնորոշված զանգվածը ընտրություն պետք է կատարի ներկայացված ընդդիմադիր ուժերի միջև ու երբ մինչև վերջ մնում է այդպես էլ չկողմնորոշված, պարզապես չի գնում ընտրության, քանի որ չի զգում վստահություն, որ իր քվեյով կկարողանա իշխանափոխություն իրականացնել։

Ահա այդ համատեքստում երեկվա բանավեճի «հաղթող» կողմը հենց իշխանությունն էր։ Ալեն Սիմոնյանը բազմաթիվ դրվագներում առաջացնելով արհեստական լարվածություն ու հրահրելով վեճ, կարողացավ հասնել նրան, որ մենք այդպես էլ չտեսանք քաղաքական քննարկում, գաղափարների բախում։ Իհարկե բախումներ շատ կային, սակայն դրանք բոլորն էլ «կենցաղային» մակարդակի էին։ Բնականաբար այդ բանավեճում իշխանությունը չէր կարող իր ընտրազանգվածն ավելացնել գեթ մեկ քվեով ու սակայն քաղաքացին պետք է կարողանար կողմնորոշվել, թե ընդդիմադիր ուժերից հատկապես ում տա նախապատվությունը, ինչը չկարողացավ անել, որովհետև ծրագրային մոտեցումները գրեթե բացակայում էին։

Ահա այս հանգամանքը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները պետք է հաշվի առնեին ու հնարավորինս շրջանցեին Ալեն Սիմոնյանին, նրան դիմեին ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ու իրենց ժամանակն անպտուղ վեճերի ու բղավոցների փոխարեն օգտագործեին քաղաքացիներին դիմելու համար, հատկապես, որ այդ ընթացքում չասվեց ոչինչ, որը նորություն կլիներ ընտրողի համար։

Հետևաբար երեկվա բանավեճը կարելի է համարել տապալված, իսկ քաղաքականությունը մահամերձ, որովհետև եթե ընդդիմադիր ուժերը չեն կարողանում ըմբռնել քաղաքական պարզ այբուբենը, հանդես չեն բերում ճկունություն ու առիթներն օգտագործելու պատեհություն, ապա էլ ավելի կդժվարանա նրանց գործը, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործում։

Կարեն Կարապետյան

Send