Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կողմից գեներացվող ատելությունը, որը նոր երանգավորումներ ստացավ նախընտրական քարոզարշավի ընթացքում, չէր կարող իր պտուղները չտալ, հետևաբար ամենևին զարմանալի չէ, երբ երկու օր շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են Հայաստանի տարբեր քաղաքաներում ծեծի ենթարկվում քարոզչություն իրականացնող ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ երիտասարդ աղջիկները։ Ամենևին կարևոր չէ՝ իրավապահ մարմինները քրեական գործ կհարուցե՞ն ՔՊ-ական ագրեսիվ աջակիցների դեմ, թե՝ ոչ։
Նախ՝ կյանքը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հաճախ տուժող ընդդիմադիրը շատ արագ վերածվում է մեղադրյալի, իսկ հարձակվողը՝ տուժողի։
Երկրորդ՝ չի բացառվում, որ նույնիսկ եթե ոչ ոքի կարգավիճակը չփոխվի, այնուամենայնիվ, ՔՊ-ական ագրեսիվների գործը կարճեն՝ Նար-Դոսի «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքի տրամաբանությամբ, որում կնոջը սպանելու համար մեղադրվող դրոգապան Յագորը նախնական քննության ժամանակ դատական քննչի հարցուփորձին պատասխանելով՝ ասաց. «Մի մուշտի տվի, էլի, ուրիշ բան խո չե՞մ արել»։
Երրորդը՝ եթե նույնիսկ ինչ-որ մեկը պատիժ կրի, միևնույնն է, դա չի փոխելու այն մթնոլորտը, որը հաստատել է Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա տարիների հետևողական «ջանքերի» արդյունք է։ Երբ պետության ղեկավարը, մոռանալով իր կարգավիճակը, անդադար սպառնում է քաղաքական ընդդիմախոսներին «փռել ասֆալտին» ու «ծեփել պատերին», երբ պետության ղեկավարը, մոռանալով բարեվարքության կանոնների ու տարրական դաստիարակության մասին, իր ընդդիմախոսներին սպառնում է «կզցնել» ու իրեն թույլ է տալիս «կմտցնեմ համապատասխան տեղներդ» արտահայտությունը, երբ բոլոր սպառնալիքներին հաջորդում են հստակ գործողություններ՝ քրեական հալածանքների, ձերբակալությունների ու կալանավորումների տեսքով, ապա այդ ամենը փոխանցվում է նաև ներքին օղակներին՝ ստեղծելով անպատժելիության գիտակցում։
Բնական է, որքան ցածր է լինում մարդու ինտելեկտը, այդքան տվյալ անձը հարցերը նախընտրում է լուծել ոտքերով, իսկ երբ բնազդով զգում է, որ իշխանությունները կարող են աչք փակել իր բռնարարքների դեմ, ապա գործի է դնում բոլոր չորս ոտքն էլ։
Իհարկե, նման չորքոտանիների կյանքում, խոշոր հաշվով, մեծ բան չի փոխվելու, նույնիսկ կերը չի ավելանա, քանի որ արդեն ուրվագծվում են տնտեսական այն բարդությունները, որոնք շուտով թակելու են բոլորի դռները, սակայն ցավալիորեն Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հիմնականում ապավինում է որոշ շերտերի հենց ստորին բնազդներին՝ դրանք օգտագործելով իր քաղաքական նպատակների համար։ Բայց պետք է ցավալիորեն արձանագրենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հասցրած վնասների ծավալն այնքան մեծ է, որ նույնիսկ նրանից հետո դեռ երկար ժամանակ է պահանջվելու նիկոլիզմն առհասարակ արմատախիլ անելու համար։
Կարեն Կարապետյան

Русский