Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

«Զդոմփել և զկզցնել, մտցնել զտեղը համապատասխան». Մաշտոցը փոխարինվում է Փաշինյանով

Blog Image

 

Ֆրանսիական «Խաղալիք» ֆիլմում մի հանճարեղ հատված կա, երբ տնօրենը հարցնում է աշխատակցին. «Մեզանից ո՞վ է հրեշը, ե՞ս, որ հրամայում եմ հանվել, թե՞ դուք, որ հանվում եք»։ Հիմա ո՞վ է ավելի մեծ հրեշը, Նիկոլ Փաշինյա՞նը, որը դուրս է տալիս տարատեսակ տափակաբանություններ, թե՞ այդ բառակույտը դպրոցների ճակատներին փակցնողներն ու նման հրաման տվողները։

Տասնյակ տարիներ դպրոցներում փակցված էր Մեսրոպ Մաշտոցի կողմից Աստվածաշնչից թարգմանված հետևալ տողերը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Ներկայումս այն դպրոցներում փոխարինվում է Նիկոլ Փաշինյանի կողմից արտաբերված «Լավ սովորիր, որ լավ ապրես» պրիմիտիվիզմով։

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»-ը բացի փիլիսոփայական խորություն ունենալուց նաև պատմական, մշակութային, ազգային արժեք է, քանի որ գրերի գյուտից հետո, այն Աստվածաշնչից առաջին թարգմանությունն է (Հին Կտակարանի Առակաց գրքից)։ Այլ խոսքով՝ այն մատնանշում է նաև մեր գրերի գյուտի կարևորությունը մեր ազգային ինքնության պահպանման հարցում։

Իսկ Նիկոլ Փաշինյանի «Լավ սովորիր, որ լավ ապրես»-ը մշակութային ու պատմական բովանդակությունից, ազգային նպատակից, խորությունից զուրկ պրիմիտիվ դատարկաբանություն է, որի նպատակը ոչ թե քաղաքացի կերտելն է, այլ սպառողական արտադրանք ստանալը։ Այլ խոսքով՝ ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, այդպիսին էլ նրա «պատգամներն են»։

Սակայն այն, ինչ տեղի է ունենում, սպասելի էր, հաշվի առնելով, որ դեռևս ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցին համարեց սովորական «կարիերիստ», մարդ, որ հոգևորական է դարձել սոսկ այն պատճառով, որ չի կարողացել այլ «աշխատանք» գտնել։ Բնականաբար նման պիղծ միտք կարող էր անցնել միայն այնպիսի մարդու մտքով, ում խորթ է հայկական ամեն ինչը, ով հայ է սոսկ ազգանվան վերջավորությամբ։ Հետևաբար եթե Մաշտոցը հոգևորական էր միայն «աշխատանքից» դրդված, ապա սրբության նշույլ անգամ չի կարող լինել, ուստի նրա թե՛ ստեղծածը, թե՛ թարգմանածը որևէ արժեք չունեն։ Իսկ եթե մի բանը արժեք չունի, ապա կարող է և փոխարինվել Փաշինյանի սեփական մտքերով։

Ամենայն հավանականությամբ, նման շարժառիթ է ունեցել ԿԳՄՍ նախարարությունը, երբ որոշել է Նիկոլ Փաշինյանի մտքերն «անմահացնել» դպրոցների ճակատներին ու հրամցնել մեր աշակերտներին։

Բայց սա դեռևս չարիքի փոքրագույնն է՝ հաշվի առելով, որ քծնանքը սահմաններ չունի։ Հուսանք՝ ապագայում դպրոցների միջանցքների պատերին չենք հանդիպի Նիկոլ Փաշինյանի մտքի մյուս «գոհարներին»։ Ամենևին չենք զարմանա, եթե շուտով գրատախտակների վերևներում տեսնենք մեծատառերով գրված «դոմփել», «կզցնել», «պատերին ծեփել», «ասֆալտ կերցնել», «համբալ» ու «լակոտ» արտահայտությունները, իսկ դասասենյակների դռներին ոսկեղենին հայերենով գրված լինի «կմտցնեմ համապատասխան տեղդ»։

Խղճում եմ դպրոցի բոլոր այն տնօրեններին ու մանկավարժներին, որոնք ամեն անգամ մտնելով դպրոց, ենթարկվում են նման ստորացումների։ Սակայն կրկին անգամ հիշում ենք «Խաղալիք» ֆիլմի հերոսին, այնուամենայնիվ, ո՞վ է հրեշը, հրաման տվողը, թե՞ հլու հնազանդ կատարողը։

Կարեն Կարապետյան

Send