ԱՄՆ դատարանը հրապարակել է Ջեֆֆրի Էպշտեյնի՝ ինքնասպանությունից առաջ գրած նամակը։ Այն հայտնաբերվել է նրա խցակցի գործի նյութերում։
Նյու Յորքի Ուայթ Փլեյնսի ԱՄՆ շրջանային դատարանի դաշնային դատավոր Քենեթ Կարասը հրապարակել է ինքնասպանությունից առաջ թողնված նամակ, որը ենթադրաբար գրել է ֆինանսիստ Ջեֆֆրի Էպշտեյնը։
«The New York Times»-ը փոխանցել է նամակի բովանդակությունը.
«Նրանք ամիսներ շարունակ հետաքննել են ինձ և ոչինչ չեն գտել։
Վերջապես, 15 տարվա վաղեմության մեղադրանքներ են ի հայտ եկել։
Ի՜նչ օրհնություն է կարողանալ ընտրել հրաժեշտի պահը։
Ի՞նչ եք ուզում ինձնից։ Որ ես պայթեմ լացից։
ԶՎԱՐՃԱԼԻ ՉԷ։ ԴԱ ԱՅՔԱՆ ՉԱՐԺԵ»։
Նամակը, ենթադրաբար, հայտնաբերվել է Էպշտեյնի խցակցի՝ նախկին ոստիկան Նիկոլաս Տարտալյոնեի կողմից 2019 թվականի հուլիսին, այն բանից հետո, երբ Էպշտեյնին անգիտակից վիճակում գտել են իր խցում՝ պարանոցին փաթաթված կտորով։ Նա ողջ է մնացել, բայց մեկ ամիս անց նրան գտել են մահացած Նյու Յորքի բանտախցում։ Տարտալյոնեն նշել է, որ նամակը գտել է գրքում։
«Նյու Յորք Թայմզը» գրել է, որ չի կարող հաստատել նամակի իսկությունը։ Սակայն թերթը նշում է, որ նամակում կրկնվում է «պայթեմ լացից» արտահայտությունը, որն Էպշտեյնն օգտագործել է իր էլեկտրոնային նամակներում։ Այն նաև ներառում է «ԶՎԱՐՃԱԼԻ ՉԷ» արտահայտությունը, որը հայտնվել է Էպշտեյնի նամակագրության մեջ և նրա մահից հետո նրա խցում հայտնաբերված մեկ այլ նամակում։
Նամակը տարիներ շարունակ գաղտնի է պահվել որպես Էպշտեյնի խցակցի քրեական գործի մաս. այն չի մտնում ֆինանսիստի մասին ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից արդեն հրապարակված միլիոնավոր էջերի նյութերի մեջ։ Արդարադատության նախարարության խոսնակը նշել է, որ գործակալությունը երբեք չի տեսել նամակը։

Русский