Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը ձերբակալվել է․ մեղադրվում է Ադրբեջանի հետ աշխատելու համար

Blog Image

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, ով ձերբակալվել է լրտեսության կասկածանքով, ենթադրաբար վերլուծական զեկույց է պատրաստել ադրբեջանական հետախուզության համար ու համագործակցել դրա հետ։ Այս մասին հայտնել է «Der Spiegel»-ը՝ վկայակոչելով հետաքննության արդյունքները։

Հաննինգը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին։ Իրավապահները ձերբակալել են նաև գերմանական հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մանֆրեդ Դ.-ին, ով նախկինում եղել է Հաննինգի աշխատակազմի ղեկավարը և հետախուզական գործակալությունում աշխատել է մինչև 2026 թվականի գարունը։ Կասկածյալների բնակարաններում խուզարկություններ են իրականացվել։

Ըստ պարբերականի՝ Հաննինգը BND-ում իր աշխատակազմի նախկին ղեկավարի միջոցով ձեռք է բերել չհրապարակված «գաղտնի» փաստաթղթեր և դրանք օգտագործել զեկույցը կազմելու համար։ Դաշնային դատախազությունը նշել է, որ փաստաթուղթը նախատեսված է եղել ուղարկելու «օտարերկրյա հետախուզական-անվտանգության գործակալության սպայի»։

Ենթադրյալ պատվիրատուն եղել է ադրբեջանական հետախուզության սպա։ Սակայն հայտնի չէ, թե արդյոք վերլուծությունը հասել է հասցեատիրոջը։ Պարբերականը նշել է, որ Հաննինգի կապերն ադրբեջանական ներկայացուցիչների հետ չեն թաքցվել. BND-ի նախկին ղեկավարը եղել է «Գերմանա-ադրբեջանական ֆորումի» խորհրդի անդամ։

Հաննինգը BND-ն ղեկավարել է 1998-ից 2005 թվականներին։ Հետախուզական ծառայությունից հեռանալուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետական ​​քարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է բիզնես գործունեությամբ։

Հաննինգի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2025 թվականի սեպտեմբերին նրա տանը և գրասենյակներում իրականացված խուզարկություններից հետո՝ կապված մեկ այլ գործի հետ, որը վերաբերում է գործարար Քրիստինա Բլոկի երեխաների ենթադրյալ առևանգմանը։ Առգրավված նյութերն ուսումնասիրելիս ոստիկանությունը հայտնաբերել է թվային կրիչ, որը պարունակել է գերմանական հետախուզության գաղտնի փաստաթղթեր։ Այնուհետև նյութերը փոխանցվել են դաշնային մարմիններին, և 2026 թվականի մայիսին Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։

Send