Ադրբեջանական Modern.az կայքը, որը հայտնի է Ադրբեջանի իշխանություններին մոտ դիրքորոշումներով, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ օգտագործելով Հայաստանի քաղաքների ու բնակավայրերի անվանումների հարցը։
Կայքի հրապարակման մեջ Ստեփանակերտ, Շուշի, Քարվաճառ և այլ հայկական անվանումների օգտագործումը ներկայացվում է որպես «խաղաղությանը դեմ գնալու» դրսևորում։ Միաժամանակ հրապարակման հեղինակները դրան զուգահեռ անդրադառնում են նաև Երևանին և Սևանին՝ փաստացի տարածելով այդ տրամաբանությունը Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների նկատմամբ։ MediaHub-ն այս թեմայով զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանի հետ։
Կրելով Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը և ղեկավարելով նրա տուն-թանգարանը՝ Գայանե Ներսիսյանը չի հավատում այն խաղաղությանը, որի մասին քարոզվում է Բաքվում և Երևանում։ «Այս պայմաններում որևէ խաղաղություն չկա․ ընդամենը կեղծ հայտարարություններ են, որպեսզի մեր ժողովրդին մոլորության մեջ գցեն և ասեն, թե մենք այսպիսի մեծ գործ ենք արել, խաղաղություն ենք բերել։ Բայց դա խաղաղություն չէ, ընդամենը մանիպուլյացիա է։ Մեր ժողովուրդը չպետք է հավատա այդ խաբեությանը։ Ալիևը, օգտվելով նրանից, որ մեր ղեկավարն այսպիսի վիճակում է, ինչ ուզում են՝ համաձայնում է, իր հերթին ներկայացնում է իր բոլոր պահանջները։ Եվ դա, բնականաբար, հասկանալի է։ Նա պահանջելու է այնքան, որքան հնարավոր է՝ մինչև ամբողջ Հայաստանը հայտնվի իր կամ Թուրքիայի ազդեցության տակ։ Իսկ մեր կառավարությունը գնում է դրան»,- ասաց վաստակավոր արտիստը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանական մեդիայի հրապարակումները հաճախ հնարավորություն են տալիս տեսնելու այն ընկալումները, որոնք պաշտոնական Բաքուն միջազգային հարթակներում ներկայացվող խաղաղության օրակարգի շրջանակում կարող է չարտահայտել նույն ձևով։ «Ալիևը թշնամի է։ Մենք հասկանում ենք նրա դիրքորոշումը։ Նա աշխատում է հնարավորինս շատ բան վերցնել Հայաստանից, քանի դեռ Հայաստանի ղեկին այս ազգադավ իշխանությունն է։ Եվ եթե այսպես շարունակվի մենք Հայաստան չենք ունենա։ Այդ դեպքում հայ ժողովուրդն էլ չգիտեմ՝ ինչ պետք է անի․ երևի դառնանք անհայրենիք գնչու ու անցնենք փողոցներով։ Ուրիշ ապագա մեզ չի սպասվում։ Իրենց ասած ապագան չկա, խաղաղություն էլ չկա»,- ասաց նա։
Նախօրեին Modern.az կայքի ձևակերպումներում ասվում է՝ «Հայեր, ինչո՞ւ չեք հասկանում․ Խանքանդին Ստեփանակերտ կոչելով՝ ուրիշ երկրի քաղաք չի դառնում։ Շուշան Շուշի անվանելը չի ջնջում իր տեղը Ադրբեջանի պատմության մեջ։ Քելբաջարը Քարվաճառ անվանելով՝ Ադրբեջանի ինքնիշխանությունը հարցականի տակ չի դրվում։ Նույնը՝ շուտով կվերաբերվի նաև Երևանին, Զանգեզուրին ու Սևանին»։
Երբ պաշտոնական հայտարարությունների և տեղական մեդիայի հրապարակումների միջև նման տարբերություն ենք տեսնում, առնվազն պետք է հասկանալ՝ ինչպիսի պատկերացում է ձևավորվում ադրբեջանական հասարակության ներսում Հայաստանի, Երևանի և հայկական մյուս բնակավայրերի վերաբերյալ։

Русский