Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վալոդյա Գրիգորյանի ողբերգական դեպքը. ի՞նչ է բացահայտվել մինչ օրս․ փաստեր՝ մեկ տարի անց

Blog Image

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի կեսգիշերին, Մերձավանի իր նորակառույց առանձնատան մոտ դիմակավորված անձի կողմից դաժանաբար սպանվեցին Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, որն առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության կողմից և այդ կուսակցության անդամ էր, ինչպես նաև նրա ընկերը՝ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։
 
Մարդասպանը, ըստ քննչական տվյալների, 18 կրակոց էր արձակել ընկերների հետ տանից դուրս եկած Վալոդյա Գրիգորյանի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու հոգի սպանվել էին, մեկը՝ վիրավորվել։ Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի 2 դրվագով (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվեց քրեական վարույթ։
 
Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ Մերձավանի բնակիչներ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, որոնք կալանավորված են։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Փարաքար համայնքի ղեկավարի հանդեպ վրեժխնդրություն էր իրականացվել ավելի վաղ Փարաքարի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած միջադեպի ու դրա հետևանքով կատարված սպանության հողի վրա։
 
Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ Մերձավան բնակավայրի այն ժամանակվա վարչական ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան դիմաց վիճաբանություն էր եղել համայնքապետի սպասվող ընտրությունների առնչությամբ, որին մասնակցել էր նաև Մհեր Ախտոյանը։ Վիճաբանության ժամանակ կրակոցից սպանվել էր Մերձավանի բնակիչ Նարեկ Օհանյանի եղբայրը՝ Գրիգոր Օհանյանը։
 
Սպանության համար մեղադրյալի աթոռին հայտնվեցին Վալոդյա Գրիգորյանի եղբայրը և մտերիմները։ Օհանյաններն ազգակցական կապ ունեն Ախտոյանների հետ, և Գրիգոր Օհանյանի սպանությունը Ախտոյանների կողմից շատ ցավոտ է ընկալվել։ Գրիգոր Օհանյանի սպանությունից հետո Վալոդյա Գրիգորյանի հասցեին սպառնալի հայտարարություններ են հնչել Մհեր Ախտոյանի կողմից՝ դեպքի վայր ժամանած ոստիկանների ներկայությամբ, թե՝ «Վալոդիկ, գլուխդ ուտելու եմ»։ Դրանից հետո՝ գրեթե յոթ ամիս անց, 2025 թվականի մարտի 30-ին Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետի ընտրություններում հաղթած Վալոդյա Գրիգորյանը գնդակահարվեց իր տան դիմաց։

Նախաքննական մարմինը, հիմնվելով դեպքերի այդ զարգացումների վրա, նախապես հայտարարեց, թե կատարվածը վենդետա է, որը, նախնական վարկածով, իրականացրել է Մերձավանում փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը։ Թեև այս գործի շրջանակում կալանավորված մեղադրյալ Գևորգ Հարությունյանը նախապես ինքնախոստովանական ցուցմունք էր տվել այն մասին, թե ինքն է կատարել աղմկահարույց սպանությունը, ավելի ուշ դատարանում նա հրաժարվել է այդ ցուցմունքից։ Մեղադրյալները դատական նիստերի ժամանակ կտրականապես հերքում են նաև վենդետայի հանգամանքը։
 
Սպանված համայնքապետի հարազատների կարծիքով՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր է եղել, որում, նրանց համոզմամբ, խառն է նաև Մերձավանի վարչական ղեկավարի պաշտոնակատար Մհեր Ախտոյանը։ Վերջինս, ի դեպ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Վալոդյա Գրիգորյանի սպանությունից տասն օր առաջ Հայաստանից մեկնել էր (որոշ տեղեկություններով՝ հոր հետ) և հետագայում անհասկանալի պայմաններում անհետացել։ Մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա։ Մերձավանում գտնվող նրա տունը դատարկ է, սակայն հսկվում է ոստիկանության կողմից։
 
Մեղադրյալ Գևորգ Հարությունյանի տունը ևս հսկվում է ոստիկանության կողմից։ Այս տարվա ապրիլին Վալոդյա Գրիգորյանի մայրը, ընտանիքի անդամները, հարազատները և հարևանները բողոքի ակցիայով պահանջում էին Գևորգ Հարությունյանի հարազատներին հեռանալ այդ տանից, քանի որ Մերձավանի բնակիչները չեն կարող հանդուրժել մարդասպանի ու նրա ընտանիքի ներկայությունը սպանվածի տան հարևանությամբ։ Այդ օրվանից Հարությունյանի տան մոտ մշտապես ոստիկանական հսկողություն է իրականացվում։ Ուժեղացված հսկողություն է սահմանված նաև մյուս մեղադրյալ Նարեկ Օհանյանի տան շրջակայքում։

Send