Քարոզարշավը մտնում է ավելի ակտիվ փուլ, և քաղաքական ուժերը փորձում են տարբեր մեթոդներով հասնել ընտրողի սրտին՝ սկսած ավանդական հանրահավաքներից մինչև կրեատիվ քարոզչական ձևաչափեր։ Թե որ քաղաքական ուժն է այս փուլում առավել արդյունավետ անցկացնում քարոզարշավը MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ, ում գնահատմամբ բոլոր քաղաքական ուժերը փորձում են նախ և առաջ «ցեմենտել» իրենց ընտրազանգվածը։ Ըստ նրա՝ գլխավոր խնդիրը ոչ միայն այն է, որ քո կողմ քաշես ընտրողին, այլ նաև այն, որ մարդիկ անպայման գան ընտրության։
«Ես կարծում եմ ավելի էֆեկտիվ աշխատում է «Ուժեղ Հայաստան»-ը՝ փորձելով հնարավորինս բազմազան լինել, և կյանքն էլ ստիպում է, որ նրանք բազմազան լինեն, որովհետև իրենց առաջնորդը, հնարավորություն չունենալով հանդիպել ժողովրդի հետ, ըստ էության, դա փորձում է անել իր թիմի միջոցով։ Իրենք փորձում են հնարավորինս լցնել Հայաստանը իրենց ներկայությամբ՝ նաև աշխարհագրական տեսակետից, և փորձում են ավելի կրեատիվ գործել ու չեն սահմանափավում ավանդական հանրահավաքային տրամաբանությամբ»,- ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի գնահատմամաբ՝ մյուս քաղաքական ուժերը հիմնականում պահպանում են իրենց ավանդական քաղաքական ձեռագիրը՝ փորձելով չշեղվել սեփական ընտրազանգվածի սպասումներից։
««Հայաստան» դաշինքը ավելի ավանդական է գործում, դա էլ կարող է էֆեկտ տալ, և բնականաբար իրենց մոտ կրեատիվը մի փոքր սահմանափակ է, որպեսզի իրենց ընտրազանգվածը չհիասթափվի, և ինչպես Քոչարյանն էր ասում՝«կապիկությունը» իրենցը չէ։ Փորձում են խիստ «ռամկեքի» մեջ մնալ, քանի որ իրենց մեսիջը ուղղված է արմատական ընտրական զանգվածին, որն ակնկալում է արմատական մոտեցումներ այսօրվա իշխանությունների նկատմամբ՝ կապված ազգային հարցրեում արմատական փոփոխությունների հետ»,- նշեց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, դեռ ամբողջությամբ չի բացահայտել իր քարոզարշավային ներուժը և այժմ ավելի թիրախային է աշխատում։
««Բարգավաճ Հայաստանը» դեռևս իր ամբողջ պոտենցիալը չի բացահայտել, և իմ տպավորությամբ՝ իրենք ավելի թիրախային են աշխատում, քան երբևէ։ Ծառուկյանը լավ գիտի՝ ով է իր ընտրազանգվածը և որտեղ է բնակվում, ու գնում է հենց այնտեղ, աշխատում է հատուկ տեղերում»,- նշեց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով իշխանության քարոզչական մարտավարությանը՝ Հակոբյանը նշեց, որ ՔՊ-ն շարունակում է աշխատել իրեն բնորոշ ոճով։ «ՔՊ-ն նույն ոճի մեջ է աշխատում արդեն 8 տարի շարունակ։ Իրենք չունեն որևէ սահմանափակում, զսպող մեխանիզմ, ազատ են աշխատում իրենց ընտրազանգավածի հետ, շփվում են քաղաքացիների հետ առանց սահմանափակումների՝ ցույց տալու համար, որ իրենք «նրանցից մեկն են»։ Իրենց ընտրազանգվածը բավականին սպեցիֆիկ է, դրանք կամ մարդիկ են, որոնք վաղուց կողմնորոշված են, քանի որ իշխանության մեջ «փայ» ունեն, կամ նրանք, ովքեր ընտրում են ոչ թե ուղեղով, այլ «սրտիկով»։ Նրանք օրակարգ են լցնում. եթե պետք է պեռաշկի ուտել՝ պեռաշկի են ուտում, ընդ որում այնպես, ինչպես կուտեր ցածր ինտելեկտ ունեցող զանգվածը։ ՔՊ ընտրող ընտրազանգվածը կարմիր գծեր չունեցող ընտրազանգված է, ու համար այդքան կարևոր չէ արժեհամակարգը, ավելի կարևոր են ստամոքսային հարցերն ու խաղաղության մասին խաբկանքները»,- ասաց Հակոբյանը։
Ըստ Հակոբյանի՝ անկախ քաղաքական ուժերի տարբեր ռազմավարություններից, բոլորի հիմնական խնդիրը նույնն է՝ ամրապնդել սեփական ընտրազանգվածն ու ապահովել նրա մասնակցությունն ընտրություններին։

Русский