MediaHub-ին ահազանգում են վարորդները, որ հեղուկ գազը աննկարագրելի է թանկացել, մինչդեռ շաբաթներ առաջ 200 դրամով էր վաճառվում։ Այս ամենի պատճառն, ըստ էկոնոմիկայի նախարարի, ճանապարհների փակ լինելն է, որ վառելիք ներմուծելը բարդացել է։
«Սա սովորական պրոցես է, որն ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում։ Դա ճանապարհի փակ լինելով է պայմանավորված»,- երեկ Կառավարության նիստում Գեղամ Գևորգյանը ներկայացրեց՝ հավելելով, որ սովորական բան է դա՝ ապրիլ-մայիս ամիսներին վառելիքն էժան է, իսկ դեկտեմբերին՝ թանկ։
Սակայն, այսպիսի գնաճ չէին սպասում վարորդները, եթե նախկինում հեղուկ գազը կարող էր հասնել 250 դրամի, այսօր մեզ ահազանգած վարորդը նշում է՝ հեղուկ գազը հասել է 320 դրամի։
«Այսպիսի բան չէինք տեսել, հեղուկ գազը դարձել է 320 դրամ, եթե երեկ բողոքում էին 280 դրամի համար, ապա այսօր այն թանկացել է 40 դրամով, ի՞նչ է լինելու վաղը, կարո՞ղ ա հեղուկ գազը դառնա 400 դրամ։ Ավելի ձեռնտու է, եթե բենզին օգտագործեմ, այլ ոչ թե հեղուկ գազ 320 դրամով»,- նշեց մեզ ահազանգած քաղաքացին։
Վարորդները նշում են․ «210 դրամից ավել հեղուկ գազին չարժի վճարել, ավելի լավ է բենզինով քշել, եթե երկար ճանապարհ չենք գնում։ Իսկ ամենաշահածն էլեկտրական մեքենաների սեփականատերերն են»։
Մարիաննա Արամյան

Русский