Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է թաքնված սահմանապահներին առաջնագիծ բերելու գաղափարի հետևում․ Արցախյան սցենարի վտանգը ՀՀ սահմաններին

Blog Image

«ՀՀ բոլոր պետական սահմանները պետք է վերահսկվեն ՀՀ սահմանապահ համապատասխան ծառայության կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այս հարցում հայկական կողմը տրամադրված է վճռական։

Տարածաշրջանային վերլուծաբան Ալեն Ղուլյանի խոսքով՝ հանրությանն ամեն օր սրտիկներ ուղարկող վարչապետը չի ասում, թե ով է կանգնելու սահմանի մյուս կողմում։

Նրանց կբացատրեն, թե իբր այնտեղ էլ նույնպիսի սովորական ու «անվնաս» սահմանապահներ են լինելու, ինչպիսին մերոնք են՝ առանց փամփուշտների պահունակների ինքնաձիգներով։ Սակայն իրականությունը, ըստ վերլուծաբանի ուսումնասիրության, բոլորովին այլ է։

«Սահմանի մյուս կողմում կանգնած են լինելու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, որոնք զինվածությամբ չեն զիջում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում են պաշտպանության նախարարության որոշ բրիգադների զինտեխնիկական հագեցվածությունը։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, ի տարբերություն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի, որոնք հիմնականում ապահովված են ավտոմոբիլային տեխնիկայով և հնացած մոդելների սահմանափակ թվով զրահափոխադրիչներով, ըստ էության, իրենից ներկայացնում է լիարժեք և հզոր զինված ուժերի կառույց։ Նրա տրամադրության տակ են` Ծանր զրահատեխնիկա․ հիմնական մարտական տանկեր, ժամանակակից հետևակի մարտական մեքենաներ և զրահափոխադրիչներ՝ ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական ու իսրայելական արտադրության։ Դրանց մի մասը համադրելի է ցամաքային զորքերի սպառազինության մեջ գտնվող տեխնիկայի հետ։

Բոլոր տեսակի հրետանային միջոցներ․ քարշակվող հաուբիցներից մինչև ինքնագնաց հրետանային կայանքներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Ավիացիա և անօդաչու թռչող սարքեր․ սեփական բանակային ավիացիա՝ մարտական, տրանսպորտային և գրոհային ուղղաթիռներով, ինչպես նաև հետախուզական-հարվածային ժամանակակից անօդաչու թռչող սարքերով և կամիկաձե անօդաչուներով»,- ասում է Ղուլյանը։

Այն պայմաններում, երբ սահմանի հակառակ կողմում, այսպես կոչված, խաղաղության քողի ներքո, կանգնած է լիարժեք հարվածային խմբավորում, կանոնավոր բանակը առաջնագծից հեռացնելն ու այնտեղ ծանր սպառազինության աջակցությունից զուրկ, թույլ զինված սահմանապահներ թողնելը պարզապես հիմարություն չէ։ Ըստ վերլուծաբանի՝ դա հանցագործություն է պետության անվտանգության դեմ։

«Կկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի «իրական» Հայաստանը կարճ ժամանակում ԱԱԾ սահմանապահ զորքերը զինել և համալրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մակարդակին համապատասխան։ Իհարկե՝ ո՛չ։ Նրանց ուժերը հավասարակշռելու համար անհրաժեշտ կլինի բանակային կորպուսներից լայնածավալ կերպով ծանր սպառազինություն տեղափոխել սահմանապահ զորքերին։ Սակայն սահմանապահ զորքերն ուժեղացնելու նպատակով կանոնավոր բանակի ստորաբաժանումները թուլացնելն անթույլատրելի և անհեթեթ քայլ է, որը միայն կվնասի պետության ընդհանուր պաշտպանունակությանը։

Իսկ ինքը՝ Իլհամ Ալիևը, թույլ կտա՞, որ Հայաստանի սահմանապահ զորքերն ունենան համարժեք ծանր սպառազինություն, հարվածային անօդաչու թռչող սարքեր և հրետանային համակարգեր։ Պատասխանն ակնհայտ է՝ երբե՛ք»։

Այստեղ ուղղակի և վտանգավոր զուգահեռ է նկատում Ղուլյանը, համեմատական տանելով 2020 թվականի պատերազմից հետո Արցախի հետ տեղի ունեցածի հետ։ Միայն այն տարբերությամբ, որ այն ժամանակ Արցախի ՊԲ-ին զրկում էին խրամատներ և բլինդաժներ կառուցելու հնարավորությունից, իսկ հիմա՝ սահմանին մարտունակ բանակ և ծանր տեխնիկա ունենալու հնարավորությունից։

«Այն ժամանակ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին, մշտական ճնշումների և սպառնալիքների ներքո, պարզապես թույլ չէին տալիս խրամատներ փորել, բլինդաժներ կառուցել և պաշտպանական լիարժեք բնագծեր ստեղծել։ Շատ հատվածներում մեր տղաներին ստիպում էին ծառայություն իրականացնել բաց տեղանքում, մինչդեռ ադրբեջանական կողմը զուգահեռաբար շփման գծի ամբողջ երկայնքով կառուցում էր հզոր ամրաշինական շրջաններ և ինժեներական կառույցներ։ Թե ինչ աղետալի հետևանքների հանգեցրեց դա, և թե ինչպես 2023 թվականի սեպտեմբերին մեր զինծառայողներին այդ անպաշտպան, բաց դիրքերում գնդակոծում ու ոչնչացնում էին բարձունքներից և օդից, կարծում եմ՝ բոլորը սեփական աչքերով տեսել են»,- եզրափակեց Ալեն Ղուլյանը։

Send