Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ԱՄՆ-Իրան պատերազմը՝ դեպի տարածաշրջանային լայն բախո՞ւմ. ի՞նչ սցենարներ են հնարավոր, և ինչպե՞ս կարող է ավարտվել հակամարտությունը

Blog Image

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքի անվտանգության գլխավոր մարտահրավերներից մեկը։

Չնայած դիվանագիտական շփումների և հնարավոր համաձայնության մասին հայտարարություններին՝ կողմերի միջև տարաձայնությունները շարունակում են պահպանվել, իսկ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը չի վերացել։
 
Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ փոխզիջումների գնալ Վաշինգտոնի հետ, եթե վերջինս համաձայնի քննարկել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման հարցը։

Սակայն բանակցությունների հեռանկարը շարունակում է բարդ մնալ։ ԱՄՆ-ն Իրանից պահանջում է միջուկային ծրագրի շուրջ հստակ սահմանափակումներ, մինչդեռ Թեհրանը պատժամիջոցների վերացումը դիտարկում է որպես ցանկացած հնարավոր համաձայնության կարևոր նախապայման։ Այս պայմաններում դիվանագիտական գործընթացը կարող է դառնալ ինչպես հակամարտության կարգավորման ճանապարհ, այնպես էլ կողմերի միջև նոր տարաձայնությունների պատճառ։

Այս պայմաններում հարց է առաջանում՝ պատերազմը կարո՞ղ է վերածվել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության, ո՞ր երկրներն ու ուժերը կարող են ներքաշվել դրանում, և ի՞նչ պայմաններում է հնարավոր ռազմական գործողությունների դադարեցումը։ «Էս խաղը սկսել է Իսրայելը, ու առանց Իսրայելի էս խաղը, իհարկե, չի ավարտվի։ Պարզապես ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների հարցն է՝ թե ինչքանով Թրամփը կարող է ազդել Նեթանյահուի վրա։ Նեթանյահուի նպատակը Իրանը կտոր-կտոր անելն է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
 
Այսպիսով, հակամարտության կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի ոչ միայն Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների զարգացումը, այլ նաև ԱՄՆ-ի և Իսրայելի միջև դիրքորոշումների հնարավոր տարբերությունը։ Թեև երկու երկրները մի շարք ռազմավարական հարցերում ունեն ընդհանուր շահեր, պատերազմի տևողության, նպատակների և հետագա զարգացումների վերաբերյալ նրանց մոտեցումները կարող են չհամընկնել։

Հատկապես կարևոր է այն հանգամանքը, թե արդյոք Դոնալդ Թրամփը կկարողանա ազդել Բենիամին Նեթանյահուի որոշումների վրա և սահմանափակել ռազմական գործողությունների շարունակման հնարավորությունը։ Եթե Իսրայելի քաղաքական ղեկավարությունը շարունակի պնդել Իրանի ռազմական և քաղաքական կարողությունների էական թուլացման անհրաժեշտությունը, ապա նույնիսկ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր պայմանավորվածությունը կարող է բավարար չլինել տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար։
 
Իսկ հակամարտության շարունակության և ներկայիս շրջանակներից դուրս գալու դեպքում ո՞ր երկրներն ու տարածաշրջանները կարող են ներգրավվել պատերազմում։ «Այն երկրները, որտեղ Ամերիկան շահեր ունի, կառույցներ ունի, ուրեմն այնտեղ էլ կհասնի պատերազմը»,- նշեց իրանագետը։
 
Նրա դիտարկումը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական և ռազմավարական ներկայության աշխարհագրությունը։ Վաշինգտոնի ռազմական օբյեկտներն ու գործընկերային հարաբերությունները տարածվում են Պարսից ծոցի մի շարք երկրների վրա։
 
Նախկինում կարծիքներ էին հնչում, որ պատերազմը կարող է շարունակվել մինչև ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները։ Հիմա, երբ Թրամփը խոստովանել է, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս իրեն կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, ի՞նչ կարող է փոխվել նրա քաղաքական հաշվարկներում։ Արդյոք առաջիկա ընտրությունները կարո՞ղ են ազդել պատերազմի ընթացքի վրա։

Ըստ իրանագետի՝ խոսքը Թրամփի ընտրվելու մասին չէ։ Խոսքը հանրապետականների ընտրության մասին է։ «Մի օր նրանք հայտնում են, որ հաշտության են գալիս, հաջորդ օրը ասում են, որ կոչնչացնեն Իրանի քաղաքակրթությունը։ Պատերազմի հետագա ընթացքի վրա կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ ոչ թե անձամբ Թրամփի քաղաքական ապագան, այլ Հանրապետական կուսակցության դիրքը Կոնգրեսում»,- եզրափակեց խոսքը իրանագետը։
 
Ալիտա Եղիազարյան

Send