Այսօր Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է ապրիլի մեկից վերանայել թոշակների չափը՝ դրանք բարձրացնելով 10 000 դրամով: Այսինքն՝ ապրիլի մեկից ավելի քան 660 000 քաղաքացի 10 000 դրամով ավելի եկամուտ կունենա: Նախագիծն ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորվում է թոշակառուների՝ կենսաթոշակառուների, նպաստառուների և այս սոցիալական խմբում ընդգրկված այլ շահառուների ստացած եկամուտները պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին հավասարեցնելու, ինչպես նաև ծայրահեղ աղքատությունը երկրում վերացնելու նպատակադրմամբ:
Ներկայացված հաշվարկներով այդ նպատակի համար անհրաժեշտ կլինի պետական բյուջեից լրացուցիչ 78,7 մլրդ դրամի չափով փոխհատուցում վճարել, ինչը զգալիորեն կավելացնի պետական բյուջեի վրա ծանրաբեռնվածությունը:
Մինչև կառավարությունում նախագծի ներկայացումը աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարները՝ Նիկոլ Փաշինյանի հետ միաձայն, լծվել էին թոշակների բարձրացման հնարավորությունները գովազդելու գործին, թե տեսեք-տեսեք մենք այնքան արդյունավետ ենք կառավարում տնտեսությունը, որ զգալի տնտեսական աճ ենք ապահովել, ինչի շնորհիվ էլ հնարավոր է արդեն եկող ամսվանից վերանայել թոշակների չափերը՝ մինչև 10 000 դրամով՝ չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվերադարձով թոշակի վրա արվող հավելումները:
Նիկոլ Փաշինյանը, առաջին անգամ խոսելով թոշակների բարձրացման մասին, հայտարարեց, թե «Հայաստանում 2025թ. տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, և Հայաստանի քաղաքացիները այդ աճի արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում»։
Ըստ նրա՝ հենց թոշակառուները այս որոշման մեջ որոշակի դերակատարում ունեն, որովհետև հետվճարի համակարգի ներդրումից հետո նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում՝ այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը ՀՀ-ում կրճատվի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով բյուջեի հավելյալ ծախսին, հարցազրույցներից մեկում նշել էր, թե կա տնտեսական աճի նոր ցուցանիշ 2025թ.-ի համար, որը թույլ է տալիս ավելի համարձակ ֆիսկալ քաղաքականություն վարել: Խոսքը 2% ավելի տնտեսական աճի մասին է:
Նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավաստեց նրանց պնդումները՝ հայտնելով, թե բյուջեում այդ գումարները կան՝ 200 մլն դոլար, և այն չի գնալու մի քանի օլիգարխների և մի քանի պաշտոնյաների գրպանը, ինչպես սովորաբար, այլ մտնելու է մոտ 660 000 ՀՀ քաղաքացիների գրպանը։ «Մեր պահուստային միջոցներն են հնարավորություն տվել, դա մեր նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճն է, սա հնարավորություն է տվել ավելի մեծ հարկային միջոցներ հավաքագրել, հնարավորություն է տվել պահուստային միջոցներ ունենալ»:
Բայց նախագծին կից ներկայացված ամփոփաթերթում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ տված իր գնահատականներում ամենևին համաձայն չէ կառավարության իր գործընկերների հետ և նրանց կարծիքները կտրուկ տարբերվում են: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Արսեն Թորոսյանի և Գևորգ Պապոյանի՝ ֆինանսների նախարարը ներկայացված առաջարկը բավականին ռիսկային է համարել, քանի որ խոսքը վերաբերում է 2026թ. և հետագա տարիների համար ընթացիկ ծախսերի էական աճի մասին, ինչը հանգեցնելու է հետագա տարիներին բազային բյուջեի սոցիալական ծախսերի զգալի իներցիոն աճերի և էապես սահմանափակելու է ՀՀ կառավարության՝ այլ ուղղություններով ծախսեր իրականացնելու հնարավորությունները:
«Եթե դրան ավելացնենք առկա ֆիսկալ սահմանափակումները, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից բխող՝ ընթացիկ ծախսերի գծով զգալի ֆիսկալ ճնշումները և բազմաթիվ այլ ուղղություններով գեներացվող հավելյալ ծախսային կարիքները 2026թ. և հետագա տարիների համար, ներկայացված առաջարկը համարում ենք բավականին ռիսկային»:
Ուստի, հաշվի առնելով առկա մարտահրավերները, հարկաբյուջետային սահմանափակումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հստակեցված չեն գնահատված ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները, ֆինանսների նախարարությունն առաջարել է ներկայացնել ոլորտի այլ ծրագրերի օպտիմալացման առաջարկություններ, որոնց տնտեսումների հաշվին հնարավոր կլինի իրականացնել հավելյալ ծախսերի ֆինանսավորումը, ինչպես նաև տարվա ընթացքում առաջացած տնտեսումներն ու հավելյալ ռեսուրսներն առաջնահերթ ուղղել արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը և այսուհետ ձեռնպահ մնալ նոր պարտավորություններ առաջացնող նախաձեռնություններից: Այլ կերպ ասած՝ նախարարությունը հորդորել է իր գործընկերներին՝ հաշվետու լինել, թե ինչ աղբյուրների հաշվին են նման լրացուցիչ բեռ դնելու պետական բյուջեի վրա, որի այս տարվա դեֆիցիտն արդեն հուսադրող թիվ չէ: Կամ էլ պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսված ծախսերի ու կրճատումների հաշվին պետք է վճարվեն թոշակառուների գումարները, իսկ թե որ ոլորտն այս դեպքում կտուժի, կարելի է ենթադրել:
Չնայած հստակ տարաձայնություններին, կառավարությունն ընդունեց նախագիծը և առաջիկայում պարզ կլինի, թե ում գրպանից կամ ինչի հաշվին են թոշակառուների նախընտրական կաշառքները բաժանվելու:
Թագուհի Ասլանյան

Русский