Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալուն:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, գործընկերության և փոխըմբռնման երկարամյա ավանդույթների վրա, իսկ երկու պետությունների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին» 1999 թվականի սեպտեմբերի 2-ի պայմանագիրը, թույլ է տալիս կարգավորելու երկկողմ համագործակցությունը գրեթե բոլոր ուղղություններով:
Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժը և հեռանկարները պայմանավորված են, նախ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցությամբ, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցությամբ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Երկու պաշտպանական գերատեսչությունների միջև ևս առկա է համագործակցության և երկխոսության բարձր մակարդակ, կանոնավոր բնույթ են կրում խորհրդակցությունները, իսկ տարբեր մակարդակներում պարբերաբար կատարվող փոխադարձ այցերը և շփումներն ուղղված են երկխոսության շարունակաբար ընդլայմանը և փոխշահավետ բազմաոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը:
Երկու երկրների պաշտպանության նախարների փոխայցերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին: Հետևաբար, երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև փոխվստահությունը կարող են կայուն հիմք հանդիսանալ նաև պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության համար, ինչը միտված է երկկողմ ոլորտային համագործակցության ընդլայնմանը մի շարք ուղղություններով՝ ռազմական հետախուզության ոլորտում կողմերի միջև համագործակցության իրավական հիմքի ստեղծում, ազգային անվտանգության ապահովման հարցում իրավիճակի վերլուծության և տեղեկատվության փոխանակման տնտեսական և այլ սուբյեկտների միջև տեխնոլոգիաների փոխանակում, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության փոխադարձ փոխանակում:
Համաձայնագրի դրույթներով սահմանվում են, որ կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին ու միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերին և սկզբունքներին համապատասխան, համագործակցություն են իրականացնում հետևյալ ոլորտներում.
1) լիազորված մարմինների ղեկավարների պաշտոնական այցեր և փորձագետների աշխատանքային հանդիպումներ.
2) հետախուզական ռազմական տեղեկատվության փոխադարձ փոխանակում՝ ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ռազմաքաղաքական իրադարձությունների ուղղությամբ.
3) կողմերի լիազորված մարմինների անձնակազմի և հատուկ հետախուզության համար Կողմերի պետությունների տարածքում մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում.
4) համագործակցության այլ ոլորտներ, որոնք կողմերը փոխադարձ համաձայնեցրել են՝ կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան։
Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերն իրականացնելու են լիազորված մարմինների ղեկավարների մակարդակով հանդիպումներ, որի ընթացքում իրականացվելու են ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության արդյունավետության, համակարգման և փոխգործակցության գնահատումը:

Русский